«Եկեղեցու և եկեղեցականների դեմ կարծես մեկ հրամանով սանձազերծված արշավը ծիծաղելի է և տալիս է շատ հարցերի պատասխաններ» Տեր Վահրամ
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՆՑՅԱԼԸ ԱՆՑԱԾ ՉԷ (11․12․2020թ․)
– Եկեղեցին երբեք քաղաքականությանը չի խառնվել և հիմա էլ չի անում։ Հայրենիքը նման ճգնաժամից հանելու և փրկելու պատասխանատվությունը այլևս միայն քաղաքական ուժերինը չէ, այլ ժողովրդինը, ինչպես ամբիոններից հնչում է, իսկ Եկեղեցին ինքը ժողովուրդն է։ Ստեղծված անցանկալի իրավիճակը պարտավորեցնող է։
– Առնվազն միամիտ կամ տգետ պետք է լինի մեկը պնդելիս, թե Եկեղեցու պետը անհատական կարծիք է արտահայտում։ Նման շռայլություն հովվապետի հանգամանքը չի ընձեռում։
– Եկեղեցու և եկեղեցականների դեմ կարծես մեկ հրամանով սանձազերծված արշավը ծիծաղելի է և տալիս է շատ հարցերի պատասխաններ, որոնց վերաբերյալ դեռ ոչ հեռավոր անցյալում առկա կասկածները միանշանակ փարատվում են։ Ճշմարտության բարձրաձայնումը կդիմանա ամեն տեսակի ակնարկների, սպառնալիքների ու մեղադրանքների։ Տերը՝ մեզ օրինակ։
– Հետաքրքիր է, որ փակ դռների ետևում, Եկեղեցու հետ հանդիպումներին (իսկ այդպիսիք քիչ չեն եղել վերջին շրջանում) մտահոգություններ ու հանգուցալուծման ամենատարբեր գաղափարներ քննարկողները և Եկեղեցուն ապավինողները հրապարակային ելույթներում մոռացության են տալիս իրենց խոսքերը և թիրախավորում են Եկեղեցին «հաշտության օրակարգ» հասկացությամբ։ Եվ ի՞նչ, թարմացնե՞նք նրանց հիշողությունը։
– Եկեղեցին ունի իր օրակարգը, որը վերմարդկային է, սակայն վերաբերում է մարդկային կյանքի ամեն ոլորտին, նրա էությանը և դավանանքին, այս դեպքում՝ մեր հայրենիքին։ Եկեղեցուն ամենատարբեր ձևերով իբրև սրբազան պարտականություն հրամցվող և ուսուցանվող «հաշտության օրակարգը» կարծես հասկանալի չէ, ինչպես և չընկալված են մնացել այլ առիթներով ամենատարբեր տարիներին հնչած զանազան կոչերն ու ուղերձները, նաև՝ վերջին շաբաթներին։ Եկեղեցու պատգամների ու հանրությունից ակնկալությունների մեկնակետը բոլոր ժամանակներում եղել է խաղաղությունը, համերաշխությունը, միասնականությունը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողությունը, հայրենիքի և ազգի գերագույն շահը, հաշտության մեջ խնդիրների հանգուցալուծումը, պարզապես միշտ չէ, որ այդպիսի օրակարգը շահեկան է նկատվել այս կամ այն կողմի համար, ինչի ականատեսն ենք նաև այսօր։
– Ըստ էության, բազում հանդիպումներից, խորհրդակցություններից և երկրում ու տարածաշրջանում տեղ գտնող զարգացումներից կատարված հետևությունների արդյունքում այսօր Եկեղեցին կրկին հանդես է գալիս համերաշխության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունից մղված, հայրենիքի ու ազգի շահի գիտակցումից և «հաշտության օրակարգ»-ից բխող կոչով։ Այդ օրակարգի գործնականացումը այս վիճակում, միասնականության ու համերաշխության վերականգնումը, ցավոք, միմիայն հնարավոր է նկատվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերջին ուղերձում բարձրաձայնված և մատնանշված ճանապարհով»։
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում