Նոր գիրք՝ «Հայրենյաց զինվորները»
Նմանատիպ
«Վասն հայրենյաց մեռար, դուն շատ ապրեցար…» ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ
Վարդգես Խանոյանը հայ գրական անդաստանի ճանաչված ներկայացուցիչներից է։ Ծնվել է Վայոց ձորի Շատին գյուղում։ 1970թ. բնակվում է Ջերմուկ քաղաքում։ Տպագրվել է «Կամուրջներ» (1990) գրական ալմանախում, հեղինակել «Հրաշալի քաղաքացին» (1989), «Քաջերը մահ չունեն» (1995), «Թախծի ծառ» (2012), «Արեւի ճանապարհով» (2014) եւ այլ ժողովածուներ։
Առակների գրքերով ձաղկել է իր շուրջը տիրող խորթ երեւույթները, մանկական գրքերով՝ մանուկների հոգում սերմանել հայրենիքի, շրջակա միջավայրի նկատմամբ սեր…
Հրապարակախոսական ելույթներում ընդվզող բնապահպան է։ Այժմ հանդիսանում է ՀԳՄ Վայոց ձորի մասնաճյուղի նախագահը
Խանոյանն իր հայրենի լեռներից է գալիս.
«…Մանկությանս ձայնն եմ՝
Լեռան աղբյուրի պես ղողանջող…
Ես լեռներից եմ գալիս՝
նախահայրերիս ձայներն անմեռ
իմ երակներում,
Առասպելվող դարեր
Կոպերիս վրա…
Ես լեռներից եմ գալիս…»։
Բանաստեղծն իր 70-ամյա լեռան բարձունքից նայում է այս մեղավոր, ապիկար աշխարհին ու անասելի ցավ ապրում հայրենյաց կորուստների համար։ Կսկիծով է գրել վերջերս լույս տեսած «Հայրենյաց զինվորները» ասքապատումը։ Գրքի խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր, գրող Լյուդվիգ Կարապետյանն իր «Խոսք՝ նախաբանի փոխարեն» նախաառաջաբանում նշում է. «Գիրքը նվիրված է հայրենյաց զինվորին՝ Ջերմուկ աշխարհի քաջազուն որդուն, որ հայրենիքի համար դժվարին պայմաններում, երբ անարգ թշնամին անակնկալ հարձակումով փորձում էր Արցախը «ծնկի բերել», շատերի հետ նա էլ անմիջապես ռազմաճակատ մեկնեց, կռվեց քաջի պես եւ հայրենյաց զոհասեղանին նվիրաբերեց ամենաթանկը՝ Աստծո պարգեւած կյանքը։ Նույն ճակատագրին արժանացավ նաեւ գերդաստանի մյուս զավակը՝ Լեւոն Հարությունյանը, ում մասին նյութերը նույնպես ներառվել են սույն գրքում»։
Խմբագիրը սիրով ու հպարտության զգացումով է մասնակցել գրքի երկունքին, դրանով իսկ իր խոնարհումը բերել երախտագետ իր աշակերտին, ով դաստիարակել է հայրենանվեր այնպիսի զավակ, ինչպիսին Ռոբերտ Հարությունյանն էր։ 20-ամյա հայրենյաց նվիրյալները նոր էին մտնում կյանք՝ իրականացնելու իրենց երազանքները, իրենց նպաստը բերելու հայրենի ոստանի ներկային ու գալիքին։ Բայց ավաղ…
Ռոբերտ Հարությունյանը (1974-1994) զորացրվելուց հետո մասնակցում է Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի ազատագրման մարտերին եւ 1994թ. մարտի 5-ին զոհվում Հորադիզում։ Հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, «Արցախյան ազատամարտի մասնակից» կրծքանշանով։
Ռոբերտն անդրդվելի էր. «Ընկերներս գնում են, ես էլ… Զորավիգ կլինի իրեն ջերմագին գուրգուրած քաղաքին… Ու կռվի դաշտ մեկնեց… Քաղաքի արտապատկերը հոգում ու հետն էլ՝ նրա հետապրողի եւ հաղթողի զգացումով, անպայման կրկին հանդիպելու երդումով՝ նա բաժանվեց սիրելի Ջերմուկից։ – Ցտեսություն,- մտովի այս շշնջոցը ի՛ր Ջերմուկին է ուղղված, «ցտեսություն» եւ ոչ «մնաս բարով»՝ հաստատ համոզված, որ հաստատ հաղթողի փառքով տուն կվերադառնան, տեր կկանգնեն հայրենի քաղաքին, միասին կշարունակեն գրել նրա պատմության էջերը։ Իսկ այդ պատմությունը նա եւ իր ընկերները սերտել էին դեռ դպրոցում ուսանելիս…»։
Խորհրդային տարիներին Ջերմուկը մեծ ճանաչում էր ձեռք բերել։ Երկրի բոլոր ծայրերից մարդիկ էին ժամանում՝ բնաշխարհի գեղեցկությամբ, առողջարար ջրերով բուժվելու։ «Ռոբերտը քաղաք այցելող մեծանուն հյուրերից հատկապես տպավորել էր Վիլյամ Սարոյանին, ում 1978-ին Ջերմուկում լինելու վկայագիրը լատինատառով հավերժացած «արեւաքարն» է, որի վրա գրողի վրձնած «AREV» բառն է։ Բազալտե հուշաքարը հիմա դրված է թանգարանում, իսկ «պատճենը» Արփայի կիրճում է՝ ջրվեժի մերձակայքում։ Կիրճ այցելելիս գրողին հարցրել են՝ պարոն Սարոյան, կյանքում ամենից շատ ի՞նչ եք սիրում։ «Է՜, շատ բան կսիրեմ,- պատասխանել է պարզ ու իմաստուն,- մայր կսիրեմ, հայրենիք կսիրեմ,- հետո նայել է արեւափայլ երկնքին, աչքերը կկոցել ու ավելացրել,- ամենից շատ արեւ կսիրեմ, աշխարհին, ձեզի արեւ կկամենամ»։
Հայրենյաց զինվորը պաշտել է Անդրանիկ Զորավարին, ում հայրենախոս բառերն իր շուրթերին էին. «Երբ որ գլուխներդ բարձին դնեք ու քնանաք, մի քիչ էլ մտածեք ազգի մասին»։ Եվ նա գործով ապացուցեց հայրենիքին իր նվիրյալ լինելը. «Տղաները գնում են, ես էլ…»: Գնաց ու զոհվեց որպես իսկական հերոս։ Սխրանքի վերջին հասցեն եղավ Հորադիզը։
Գրքի էջերը համալրվել, հարստացել են Վարդգես Խանոյանի «Քաջերը մահ չունեն», Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձեւը» գրքերից քաղված հատվածներով, «Հայ զինվոր» թերթում տպագրված («Մատյան հիշատակաց») հոդվածով, մամուլում լույս տեսած նյութերով։ Խանոյանի նկարագրությունները պատկերավոր են։ Մտովի մասնակցելով ազատագրական պայքարին, զգացել է Ռոբերտի ապրումները, հույզերը, պատկերագրել սահմռկեցուցիչ պատերազմի սարսափազդու դեմքը, որոնցից մարմինդ է փշաքաղվում. «Լույս էր, բոցավառվեց, ու լույսը մնաց որպես հիշողություն։ Ծաղկաստան էր, զմայլելի գույներ ու բույրեր թողեց մեր հոգիներում ու աղջկական աղիողորմ հեկեկոցներ…»։
Գրքում ի պահ է տրված նաեւ հերոսի ծոցատետրում գրառած հուզաթավ, բանաստեղծական թրթիռներով գրված նվիրակները՝ հայրենի բնաշխարհին, դպրոցին, ուսուցիչներին, անհայտ սիրո էակին, ծննդավայրին.
«Իմ Ջերմուկի նման քաղաք
Չկա ամբողջ աշխարհում,
Չեք հավատում՝ եկեք տեսեք,
Էլ չի լինի բաժանում»։
«Պատմում են լուսանկարները» շարքը պատմում է Ռոբերտի կյանքի դրվագների մասին, ներկայացնում մանկությունից մինչեւ ռազմաճակատ մեկնելը։ Այն կարոտի եւ թախծի վերհուշների մեղեդի է, խոսուն մասունքներ…
«Ի նվիրումն հայրենյաց զինվորներին» շարքում էլ հեղինակը իր խոնարհումն է բերել հայ քաջազուններին («Հայ զինվորը», «Այցելություն անմահերին»), որոնք ապրում են հավերժության մեջ՝ սերունդների համար…
Գերդաստանի մյուս հերոսը Լեւոն Հարությունյանն է (1973-1994)։ Հետմահու պարգեւատրվել է «1993-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով եւ «Արիության համար» մեդալով։
Իրենց հուշերով են հանդես եկել Ելփինի դպրոցի ուսուցիչ Մարտիկ Խուդոյանը («Բարձունք տենչացող արծիվը»), եղբայրը՝ Անդրանիկ Հարությունյանը («Վերջին հանդիպումը»), հերոսի կարատեի մարզիչ Արմեն Սմբատյանը («Հիշում ենք սիրով ու ցավով»)։
Նշենք նաեւ «Լուսավոր հետագիծ» գրքի հերոս (հեղ.՝ Լ.Կարապետյան, Վ.Խանոյան), «Ջերմուկ աշխարհ» առողջարանի հիմնադիր տնօրեն, վաստակաշատ բժիշկ Ստեփան Ավագյանի անունը, ով սեր ու հարգանք է վայելում, ով մշտապես լինում է իր համաքաղաքացու կողքին։
Վարդգես Խանոյանի «Հայրենյաց զինվորները» ասքապատումը մի յուրօրինակ հիշատակի պսակ է մեր զոհած հայորդիներին։
Երբ զուգահեռներ ես անցկացնում 90-ականների եւ այսօրվա միջեւ, գիրքը ընթերցողներին մտորելու առիթ է տալիս եւ մտաբերում ես Պարույր Սեւակի հետեւյալ քառատողը.
«Նույնիսկ ես էլ գիտեմ ճառել,
Ու խրատել գիտեմ, անշուշտ,
Սակայն փառք ու պատիվ նրան,
Ով կարող է հոգի վառել»։
Խոսքն այսօրվա փուչ ու սնամեջ հռետորաբանության, կաղ դիվանագիտության… մասին է։
Մեր խճճված օրերում պիտի խորհենք, պիտի սթափ մտածենք, որ եթե մենք մարտնչում ենք հանուն հայրենիքի, սակայն չենք սովորում պաշտպանել այն եւ փախչում ենք պատասխանատվությունից, մտածելով, որ մեր փոխարեն ուրիշը կանի, եթե մենք չենք սովորում մեր հայրենիքը սիրել, շիտակ, ազնիվ, խոր ու մեծ, վերելքի ու առաջընթացի ընդունակ սիրով, եթե մենք սովորում ենք մեռնել հանուն հայրենիքի, բայց չենք սովորեցնում ապրել այդ հայրենիքում, չենք ձգտում ազգովի այնպիսի երկիր կառուցել, որտեղ ապրենք, մնանք եւ որտեղից երբեք չհեռանանք, այո, վտանգում ենք հայրենիքի ապագան։ Ցավալի է, որ օրենքը չի շտապում արմատախիլ անել նման դրսեւորումները։
Այո, եթե նման եթեները շատ լինեն, կյանքը խճճված ու անլուծելի կնճիռներ շատ կունենա, եւ վայ մեզ, եթե մանկավարժն էլ, հոգեւորականն էլ, շինարարն ու շինականն էլ, նախարարն ու զինվորականն էլ ամեն օր գործի չգնան ուխտավորի սրբազան դողով եւ պատրաստ չլինեն զոհաբերության։
Գուրգեն ԼՈՌԵՑԻ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում