Ուշադրություն. մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր»: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարության աշխատակազմի,

ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, «Հայաստանի ԴՈՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության և ազատամարտիկների ներկայացուցիչներ:
Հայաստանի անկախության հաստատման տարիներից սկսած’ արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկներն ընդգրկված են կրթադաստիարակչական գործընթացներում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործընթացի իրականացման շրջանակում ՀՀ ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին ավանդաբար կազմակերպում է «Գիտելիքի օրվա առաջին դասը վարում են ազատամարտիկները» խորագրով բաց դասեր, ինչպես նաև ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և հանդիպումներ, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի բաց դասեր’ ազատամարտիկների մասնակցությամբ:

Պարբերաբար կազմակերպվում են ուսանողների և դպրոցականների երթեր դեպի Եռաբլուր և Հաղթանակի զբոսայգի’ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Հայաստանի Հանրապետության մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ և լսարաններ անվանակոչվել են ՀՀ հերոսների և ազատամարտիկների անուններով: Ուսումնական հաստատություններում գործում են փառքի սրահներ և ազատամարտիկների թանգարաններ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հայրենասիրության դասաժամեր և միջոցառումներ:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան համալրվել է ուսումնաօժանդակ պարագաներով’ ազգային հերոսների, Ղարաբաղյան պատերազմի հերոս-ազատամարտիկների, կին ազատամարտիկների պաստառներով, ինչպես նաև ՀՀ ազգային հերոսների կյանքի և գործունեության մասին պատմող տեսասկավառակներով, մասնավորապես, «Գեղազնիկ Միքայելյան», «Թաթուլ Կրպեյան», «Ջիվան Աբրահամյան», «Մովսես Գորգիսյան», «Մոնթե Մելքոնյան» տեսաֆիլմերով:

Պետության կողմից կրթության բնագավառում սահմանված են նաև արտոնություններ, որոնցից օգտվում են ազատամարտիկները և նրանց ընտանիքի անդամները, մասնավորապես, ազատամարտիկների դպրոցական տարիքի երեխաները կարող են անվճար ուսուցում ստանալ արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատություններում (մարզադպրոցներ, արվեստի դպրոցներ, գեղագիտական և մանկապատանեական կենտրոններ), ինչպես նաև ամառային անվճար հանգիստ անցկացնել Ծաղկաձորի և Հանքավանի առողջարարական ճամբարներում: Արտոնություններ են սահմանված նաև ազատամարտիկների ավագ տարիքի երեխաների համար, մասնավորապես, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) և 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, մրցույթից դուրս, ընդունվում են միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ, պահուստային տեղերի հաշվին, անվճար ուսուցման համակարգ:

Պետության կողմից սահմանված է նաև, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո’ երեք տարվա ընթացքում, ընդունելությունն իրականացվում է պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից’ ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում