Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱյսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:

Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– գրել է նա։

Նշենք նաև, որ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերիներին օդանավակայանում դիմավորում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գերիների հարազատները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանը և Բաքուն երկուշաբթի սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, գործընթացն ընթանում է ռուս խաղաղապահների մասնակցությամբ:

Գերիների ու պատանդների փոխանակման շրջանակում Ադրբեջանին են հանձնվել նաև Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում