Հայաստանում բացվել է գրաֆիկայի ամենամեծ ցուցադրությունը

Հայաստանում բացվել է գրաֆիկայի ամենամեծ ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում բացվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրություն։ Թանգարանից հայտնում են, որ ցուցադրությունն իր տեսակի մեջ ամենամեծն է Հայաստանում։ Այստեղ ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։

Ցուցադրությունը եզակի է նաև նրանով, որ դրսևորում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական գրաֆիկայի դպրոցը։ Այն համագործակցության հարթակ է ստեղծում հատկապես այն արվեստագետների համար, որոնք դեռևս կայացման փուլում են՝ հնարավորություն ընձեռելով նրանց մտնել կերպարվեստի շուկա, զարգացնել և արդիականացնել այն։

«Ցուցադրության առանցքում արվեստագետ -թանգարան, դասական – ժամանակակից արվեստ երխոսությունն է։ Երկխոսության այս տեսակն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում, չնայած որ բավականին արդիական է Եվրոպայում։ Ցուցադրությունը ներկայացնում է այն հսկա ներուժը, որը դեռևս անհասանելի է հայաստանցի արվեստասեր հասարակության համար, և որը դեռևս իր ընդերքում պահում է հայկական կերպարվեստը՝ թե դասական և թև ժամանակակից»,- նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն Արտուշ Մկրտչյանը։

Հայաստանցի արվեստագետներից բացի ցուցադրությանը ներկայացված են նաև հայազգի արվեստագետներ աշխարհի շուրջ 15 երկրներից՝ այդ թվում Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Ներկայացված հայկական դասական գրաֆիկայի ականավոր գործիչների շարքում են Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը, Գառզուն, Գրիգոր Խանջյանը, Գոհար Իսայանը, Հակոբ Անանիկյանը, Անժելա Սարգսյանը, Կամո Նիգարյանը և այլք։

Ժամանակակից արվեստագետներից են Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը, Արման Գրիգորյանը, Լիլիթ Նիկողոսյանը, Վահան Թոփչյանը, Արման Համբարձումյանը, Կեվորգ Քասաբյանը, Անի Հովակը և այլն։

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այն կշարունակվի մինչև 2021 թ-ի մայիսի 1-ը։

Արվեստասեր հասարակությունը ցուցադրությանը կարող է ծանոթանալ նաև առցանց՝ հետևելով «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի ֆեյսբուքյան էջին։

«Սթիլ»-ը առաջին և միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսի 25-ին։ Թանգարանի շտեմարանը պարունակում է 17-21-րդ դարերի մոտ 6000 գրավյուրաներ, 300 հայկական դասական ու ժամանակակից արվեստագետների գրաֆիկական թերթեր, 1930-1960 թվականների խորհրդային ֆիլմերի մոտ 350 կինոաֆիշներ:Հավաքածուն համալրվել է մոտ 2000 խորհրդային ապակու հավաքածուով, որը եզակի է և միակը հետխորհրդային տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում