Լուռ են հիմա հոգիները հախճապակյա․․․
Նմանատիպ
Լուռ են հիմա հոգիները հախճապակյա,
Եվ հաղթաձայն զանգը մեր հին հիմա մունջ է…
Գմբեթավոր ճակատներին` քսված մրմուռ,
Եվ սրտերում մեր բազմերակ` պահած շունչ է…
Երգիս դիմաց` կնքամոմած ունկեր վայրի,
Երգիս դիմաց` մոմակալած, սառած ծափեր,
Երգիս կողքով անցնող քայլեր, քայլեր այրի’,
Երգիս վրա որպես դամբան ցցված ափեր…
Եվ անկանգառ մի ժամանակ, ահեղ մի վազք,
Ոտնահետքեր` ո՜չ մի թռիչք չվայելած,
Կավե հևքե՜ր, կավե արյո՜ւն, կավե երա՜զ,
Կապված մի երգ` կոկորդիս մեջ հրեշտակված…
Կապված մի երգ, որ ես պիտի երգեմ այսօր,
Կանգնած` բարձր, իմ հորինած պատվանդանին,
Չնշմարվող մի լուսարձակ ուղղած բեմին`
Որտեղ ոտքի’վրա կանգնած կոկորդն է իմ…
Կոկորդն է իմ` ձայն արձակած փողի նման,
Ինչպես բիբը միաչքանու` լուսադեմին,
Կանգնած` ինչպես նոր դատարկված մի հրացան,
Կանգնած` ինչպես մա’հը…Կյանքի’շեմին:
2. դեկտեմբեր. 2017
Նուշիկ Միքայելյան
Աղբյուր՝ Նուշիկ Միքայելյան ֆեյսբուքյան էջ
Հետևեք մեզ նաև Telegram-ում