Փաշինյանը պաշտոնեական դիրք է յուրացնում․ Ռ․ մելիքյան (տեսանյութ)

Փաշինյանը պաշտոնեական դիրք է յուրացնում․ Ռ․ մելիքյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրավաբանները և իրավապաշտպանները բողոքի ակցիա արեցին Զինվորական դատախազության շենքի դիմաց։

«Սա ինքնաբուխ ակցիա է, մենք եկել ենք Զինվորական դատախազության մոտ բացառապես իրավաբանների մասնակցությամբ, պատրաստվում ենք զինվորական դատախազին խնդրել հրատապ ընդունելիություն, զինվորական դատախազին բազմաթիվ հարցեր ունենք՝ կապված արցախյան պատերազմի հետ, որովհետև ունեցանք մեր պատմության վերջին հարյուր տարվա խայտառակ կորուստները»․ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ իրավաբանների բողոքի ակցիայի ժամանակ։

Ռուբեն Մելիքյանը և բողոքի ակցիայի մասնակից իրավաբաններն ակնկալում են, որ զինվորական դատախազը կընդունի իրենց, կպատասխանի իրենց հուզող հարցերին, և հիշեցրեց 2018 թվականը, երբ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատման հետ կապված մարդիկ ճանապարհներ էին փակում և անձամբ զինվորական դատախազը պարզաբանումներ ներկայացրեց, հիմա էլ իրենք՝ որպես իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ, ակնկալում են, որ չեն անտեսվի Զինվորական դատախազության իրենց գործընկերների կողմից և կտան անհրաժեշտ պարզաբանումներ։ Ռուբեն Մելիքյանը նշեց նաև, որ նրանց հանդիպումը լրատվամիջոցների համար բաց է լինելու։

«Մենք տեղյակ ենք, որ մեկ քրեական գործ է հարուցվել՝ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանի ներկայացրած փաստերի հիման վրա, և մենք սպասում ենք այդ գործի հետ կապված մանրամասնությունների, ինչպես նաև մինչ օրս չգիտենք՝ մեր զոհերի իրական թիվը, անհետ կորածների թիվը, գերի ընկածների թիվը և ինչ նախաքննության գաղտնիության մասին է խոսքը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ռ․ Մելիքյանի խոսքով՝ գործ ունենք իրավիճակի հետ, որտեղ մեր Սահմանադրությունը տալիս է հստակ ձևակերպում, այն է, որ գերագույն հրամանատարը պատերազմական իրավիճակներում վարչապետն է, այլ իրավիճակներում Գլխավոր շտաբի պետն է, արդյոք քննություն իրականացվե՞լ է, արդյոք մեր պետությունն ունի՞ հստակ դիրքորոշում, թե մենք պատերազմի հետ գործ ունենք, որովհետև մի դեպքում՝ եթե պատերազմի հետ գործ ունենք, ուրեմն մենք չունենք հայտարարված պատերազմ, ինչպե՞ս է մտածում մեր իրավապահ համակարգը, այդ դեպքում ստացվում է՝ Ն․ Փաշինյանը պաշտոնեական դիրք է յուրացնում, մեկ այլ դեպքում էլ ստացվում է պարզապես անփութություն։

Ռուբեն Մելիքյանը խոսեց նաև Զինվորական դատախազության աշխատակիցների մասին․ «Ուզում ենք հասկանալ՝ ինչ են անում այս մարդիկ, որ հարկատուների հաշվին այսպես շատ լավ պայմաններում աշխատում են, ստանում են աշխատավարձ, գրանցում ծառայողական առաջխաղացումներ, մեր գործընկերներն են, ուզում ենք մեր հարցերին պատասխանեն»։

Նա ասաց նաև, որ Դատախազությունում մի գործընթաց է սկսվել, ըստ նրա՝ արժանապատիվ դատախազները դիմում են գրում և դուրս գալիս՝ ողջունելով այս քայլը, Ռ․ Մելիքյանը կոչ արեց մնացած դատախազներին հետևել իրենց գործընկերներին, եթե տեսնում են, որ մի բան այն չէ Դատախազությունում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում