Սեփական արժանիքներ, Տնօրհնեք, Շնորհները` ձրիաբար, Շարժում դեպի Աստված

Սեփական արժանիքներ, Տնօրհնեք, Շնորհները` ձրիաբար, Շարժում դեպի Աստված

Սեփական արժանիքներ

Մենք աղոթելիս դիմում ենք նաև մարտիրոսներին` խնդրելով, որ նրանք ևս` իբրև սրբեր, աղոթեն մեզ համար: Սակայն եթե մենք արժանիքներ չունենք, նույնիսկ մեր հարազատների կամ մերձավորների սրբությունը չի կարող մեզ օգնել: Սրա վերաբերյալ ևս Ոսկեբերանն ասում է. «Եթե նույնիսկ Պողոսը քո հայրը լիներ և եղբայրներդ մարտիրոսներ լինեին, դարձյալ ոչ մի օգուտ չէիր ունենա, եթե սեփական արժանիքներ չունես»:

Տնօրհնեք

Ծննդյան տոնի գեղեցիկ շարականը սկսվում է Խորհուրդ մեծ, իսկ Հարության տոնի շարականը` Այսօր հարյավ բառերով: Այս շարականները երգվում են նաև տնօրհնեքի արարողության ընթացքում: Ծննդյան և Հարության տոներից հետո քահանաներն այցելում են տները, Քրիստոսի Ծննդյան կամ Հարության ավետիսը տալիս և տնօրհնեք կատարում: Այս արարողությունն ուրախությամբ և օրհնությամբ է լցնում տներն ու ընտանիքները: Քանի որ անչափ դժվար է հատկապես մայրաքաղաքում, որ քահանաներն այդ օրերին բոլոր տներն այցելեն, ապա անհրաժեշտություն կա նաև, որ մարդիկ իրենց ընտանիքների և իրենց տների օրհնության համար իրենք ևս ընդառաջ գան և որևէ եկեղեցի այցելելով` խնդրեն քահանային տնօրհնեք կատարել:

Շնորհները` ձրիաբար

Ծանր պայմաններում տարիներ առաջ մեր ժողովրդից շատերը մի վարվելակեպ ձեռք բերեցին. որտեղ որ նյութական օգնություն էին բաժանում` սնունդ, հագուստ և այլն, մարդիկ վազում էին այնտեղ և հերթ կանգում` ստանալու համար: Աստծո նախախնամությամբ մենք ծնվել եք քրիստոնյա աշխարհում, մեր մեջ քարոզվում է ճշմարիտ և կատարյալ աստվածային կրոնը և ճշմարիտ եկեղեցու ծոցում Աստված ձրիաբար բաշխում է իր շնորհներն ու պարգևները` մարդկանց արժանացնելով հավիտենական կյանքի: Ուրեմն օգտվենք ընձեռնված այս բացառիկ հնարավորությունից և մեր ժամանակից սկզբնական շրջանում թեկուզ և մի փոքր հատված հատկացնելով աստվածային ճշմարտություներն ուսանելուն` շտապենք դեպի եկեղեցի` ստանալու համար մեզ բոլորիս խոստացված հավիտենական կյանքը:

Շարժում դեպի Աստված

Ոմանք երբեմն մի փոքր առիթ տեսնելով կամ հնարելով` քննադատում են եկեղեցականներին, հավատացյալներին և կամ մոլեռանդ համարում: Սակայն արդյո՞ք այդպիսի քննադատները հավատք ունեն: Հավատքը պասիվ համաձայնություն չէ, թե հեռու երկնքում ինչ-որ բան կա, այլ հավատքը գործողություն է ու շարժում դեպի Աստված: Այդ իսկ պատճառով հավատքի և Եկեղեցու հանդեպ պասիվ դիրք գրավածներին հորդորելով արթնության ու դեպի Աստված մշտական ձգտումի կատարելության, և առօրյա կյանքի ճանապարհներում դեգերողների` Երկնային Արքայության փնտրտուքը շարժման մեջ դնելու հույսով ցանկանում ենք նրանց ասել. «Հավերժ կանգնածնե՛ր, մի՛ արհամարհեք քայլողներին, նույնիսկ եթե նրանք սայթաքում են»:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում