Փաշինյանը շուտով իր տեղում չի լինի, ժողովուրդը շատ պարզ գիտակցում է, թե ինչ է կատարվում. Աշոտ Մինասյան

Փաշինյանը շուտով իր տեղում չի լինի, ժողովուրդը շատ պարզ գիտակցում է, թե ինչ է կատարվում. Աշոտ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԿարծում եմ՝ եթե համբերեք մինչև Նիկոլ Փաշինյանի գալը, կտեսնեք, թե ինչպես թույլ չենք տա նրա մուտքը Եռաբլուր: Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը»:

«Նիկոլ Փաշինյանի որևէ խոսք փաստարկ չէ, մարդկանց մեծ մասը մոլորված է, որովհետև այն կեղծավոր խոսքերը, որոնք ժողովուրդը լսեց Նիկոլ Փաշինյանի կողմից, հավատաց ու մոլորվեց: Իմ միամիտ ժողովուրդը խաբվեց ևս մեկ անգամ և հավատաց այդ մանիպուլացիայով աշխատող Նիկոլ Փաշինյանին: Կարծում եմ՝ ժողովրդի մի մասն արդեն սթափվել է և հասկանում է, թե ինչ է կատարվում․ Փաշինյանը կարողացավ երկիրը վաճառել, դավաճանել մի ամբողջ ազգի»,– ասաց նա:

Ըստ նրա՝ Փաշինյանը շուտով իր տեղում չի լինի, ժողովուրդը շատ պարզ գիտակցում է, թե ինչ է կատարվում: Խոսելով Սյունիքում առաջացած խնդիրների մասին, Մինասյանը շեշետեց՝ Նիկոլի համար կապ չունի, թե Սյունիքը կամ Արցախն է վաճառում: Նա նշեց՝ այն բանակցությունները, որոնք եղել են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից, հանցագործություններ են և նրա թիմակիցները ևս հանցագործ են, որոնք պետք է պատժվեն և դատվեն:

«Մանդատ վայր դնելը ազնվություն չէ, պետք է բոլորը մնան և Փաշինյանի դեմ քվեարկեն, հեռանալը, փախնելը մեղքից ազատվել չէ: Չի կարող թիվ մեկ պատասխանատուն թիվ մեկ մեղավոր չլինել»,- ասաց նա, ապա անդրադարձավԼելե Թեփեն ազատագրելու Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ շեշտելով՝ նման բան եղել է՝ ցույց տալու համար, թե նախկինները դա տվել են, իսկ մենք վերադարձնում ենք:

Մինասյանի համոզմամբ՝ այս պատերազմում հնարավոր էր շատ տարածքներ պահել, թույլ չտալ, որ հակառակորդը մտնի, սակայն ամենամեծ խուճապ ստեղծողը եղել է Նիկոլ Փաշինյանը, իսկ այսօրվա երթին մասնակցելը սադրանք է, որովհետև Փաշինյանը փորձում է պառակտել ժողովրդին, սակայն ժողովուրդը հիմա սթափվել է և գիտակցում է եղելությունը:

«Այսօր Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է նայելու զոհված զինվորների ծնողների աչքերին, այդ դավաճանը ինչպե՞ս է նայելու ծնողների աչքերին, թող՝ գա ու նայի, տեսնեմ՝ ինչ է ասելու: Այսօր Փաշինյանի կողքին քայլողները մոլորված են, նրանց մեջ են նաև հանցակիցները»,-ընդգծեց նա:

Ազատամարտիկը շեշտեց, որ Փաշինյանից հետո գալու են ավելի փորձառու մարդիկ, որոնք երկիրը կղեկավարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում