«Շունը հաչում է, քարավանն առաջ է գնում». Շիրակի թեմի առաջնորդը՝ հակաեկեղեցական արշավի մասին

«Շունը հաչում է, քարավանն առաջ է գնում». Շիրակի թեմի առաջնորդը՝ հակաեկեղեցական արշավի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: «Ի՞նչ է նշանակում՝ հակաեկեղեցական նոր սադրանքներ իրականացնել…Դրանք իրականացնողներն, ի վերջո, պետք է հասկացած լինեին, որ իրականության մեջ՝ շունը հաչում է, իսկ քարավանն առաջ է գնում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու՝ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով վերջին օրերին նոր թափ առնող հակաեկեղեցական արշավի թեմային։

«Մեզ համար սա նորություն չէ, Հայ առաքելական եկեղեցին, ցավոք նման դեպքեր էլի է տեսել, բայց ո՞ւր են այդ արշավականներն ու որտե՞ղ է Հայ առաքելական եկեղեցին, այնպես որ՝ սրանով ամեն ինչ ասված է: Ափսոս, որ այս իշխանությունն այդպես էլ չգիտակցեց իր իրական առաքելությունը և արդյունքում՝ մենք ունեցանք այն, ինչ ունենք: Բայց, այսքանով հանդերձ, նորից եմ կրկնում՝ նրանք անցողիկ են, ազգային և հոգևոր արժեքները՝ մնայուն՝ ցանկացած պարագայում»:

Հատկապես երեկ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ քահանան չէր բարեւել Նիկոլ Փաշինյանին ու ձեռքը պարզել առ Աստված, հասարակական լայն շրջանակներ հանդես են գալիս հայտարարություններով՝ խնդրելով Վեհափառ Հայրապետից արգելել Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի և նրա կնոջ մուտքը Հայ առաքելական եկեղեցի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ, անշուշտ, եկեղեցին նման որոշում կայացնելու իրավունք և իրավասություն ունի, սակայն այդպիսի որոշումը հակադրության մեջ կմտնի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու լայնախոհության և լայնամտության սկզբունքի հետ. «Մեր եկեղեցին երբեք աղանդավորական մոտեցում չի ցուցաբերել՝ ասելու համար՝ սա իմն է, իսկ սա իմը չէ: Ինչպես այստեղ՝ Հայաստանում ապրող, այնպես նաև աշխարհասփյուռ բոլոր հայերին եկեղեցին իր զավակն է համարում, հետևաբար, այդ իսկ պատճառով չի ցանկանում նման քայլի գնալ, միաժամանակ ապաշխարության հնարավորություն տալով ցանկացած մեղսավորի՝ ով էլ, որ նա լինի և ինչ տեսակի մեղքի մեջ էլ, որ ընկած լինի: Դավաճանն էլ ապաշխարության հնարավորություն պետք է ունենա և միայն դրա համար պետք է մտնի եկեղեցի»:

Արդյո՞ք երեկ Սիսիանի եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ապաշխարության համար էր մտել եկեղեցի, կամ արդյո՞ք նա կամ իր թիմն՝ իրենց որդեգրած վարքով մոտ են ապաշխարության ձգտող մարդու տեսակին, Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նկատել է՝ այդ մարդն ինքն իրեն հարազատ հոգեվիճակի մեջ է և դա, արդեն իր խնդիրն է: Հայ Առաքելական եկեղեցին, ըստ սրբազանի, բաց է պահում դռները և որևէ տեսակի սադրանքներից վախ չունի, պատրաստ է քրիստոնեական արժեքներին հավատարիմ մնալով պաշտպանել ինքն իրեն և իր հավատացյալ հոտը:

Արդյո՞ք Սիսիանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Պարգև քահանայի երեկվա արարքում կա՞ր հակաքրիստոնեական վարքի դրսևորման որևէ նշան, Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատասխանել է՝ իհարկե ոչ. «Նրանք, ովքեր մեկնաբանում են, թե Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Պարգև քահանայի արարքում որևէ հակաքրիստոնեական կամ հակաեկեղեցական վարք կար, ուրեմն վստահ եղեք, որ շատ հեռու են կանգնած քրիստոնեական արժեքներից: Նմանների թյուր ընկալումներում քահանան կամակատար է, թրջված կամ վախից կծկված կամազուրկ անձ, ինչն, անկասկած, իրականության հետ քիչ աղերսներ ունի, որովհետև քահանան ոչ մեկից չի վախենում՝ Աստծուց բացի»:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում, Սիսիան քաղաքում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվեց սեղմել ՀՀ-ում՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մեկնած ձեռքը, ինչից րոպեներ անց, մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Ոստիկանական ուժերը, վարչապետի հրահանգով խուզարկություն են սկսել քահանայի տանը: Լուրեր տարածվեցին նաև թե իշխանական ուժերը հակաեկեղեցական նոր սադրանքներ են պատրաստում իրականացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում