«Իմ քայլը» խմբակցության անդամն առաջարկում է 100 տոկոսով բարձրացնել քաղաքապետի և նրա տեղակալների աշխատավարձերը

«Իմ քայլը» խմբակցության անդամն առաջարկում է 100 տոկոսով բարձրացնել քաղաքապետի և նրա տեղակալների աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵրևանի ավագանու նիստի ժամանակ այսօր քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը զեկուցեց Երևանի 2021 թվականի բյուջեի, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նախագծերի մասին:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը հետաքրքրվեց, թե 2021 թվականի քաղաքապետարանի աշխատակիցների համար պարգևավճարներն ինչքան են նախատեսվում:

Սերգեյ Ներսիսյանը պատասխանեց, որ 2021 թվականի համար քաղաքապետարանում պարգևավճարների ֆոնդը նախատեսված է 1 մլրդ 23 մլն դրամի չափով: «Որը նախորդ տարվա համեմատ շուրջ 49 տոկոսով պակաս է, կարելի է ասել՝ 2 մլրդ-ից իջեցրել ենք 1 մլրդ-ի»:

Տիգրան Գալստյանն արձագանքեց, թե կտրականապես դեմ է աշխատանքի համար պարգևավճարներ տրամադրելուն, քանի որ նրանց շարունակաբար մամուլում քննադատում են:

«Մենք բոլորին անընդհատ բացատրում ենք, որ դա իրականում աշխատավարձ է: Ես կարծում եմ՝ քաղաքական կամք պետք է դրսևորենք և աշխատավարձերը բարձրացնենք, ըստ պատասխանատվության չափի»,- ասաց նա և առաջարկեց, թե ինչ կարգով պետք է բարձրացվեն աշխատավարձերը, օրինակ՝ 100 տոկոսով բարձրացնել քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը:

Ներսիսյանն ընդգծեց, որ այս դեպքում աշխատավարձերի համար հատուկ նախագիծ պետք է մշակվի: «Բոլորն էլ գիտեն, որ ամբողջ պետական համակարգում ամենացածր աշխատավարձ ստացողները քաղաքապետարանի աշխատակիցներն են, բայց եթե մեծ-մեծ չխոսենք՝ քաղաքապետարանը բոլորից շատ աշխատողն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում