Կան մեղավորներ և իրենց մեղքը արդարություն համարողներ
Նմանատիպ
Մարդկությունը իր ձմեռն է ապրում, ոմանք գարնան, ոմանք՝ սառցի դարաշրջանի ակնկալիքով:
Մարդկության պատմության չորս շրջափուլերը, տարվա չորս եղանակների և մարդու կյանքի չորս փուլերը՝ մանկության, պատանեկության, երիտասարդության և ծերության նման, հաջորդեցին իրար:
Սառնամանիքները գլխավորաբար սպառնում են առաքինություններից մերկացած մարդկային հոգուն, իսկ ծերությունը, կարծես, իմաստությամբ առանձնապես չի հատկանշվում։ Մարդկային վեհ առաքինությունների մասին պատմող մի գեղարվեստական ֆիլմում մի խումբ մարդիկ, առանձնանալով քաղաքակրթությունից, մտացածին հրեշների կերպարների միջոցով, որոնց կոչում են «նրանք, ում անունը մենք չենք արտաբերում», իրենց զավակներին փորձում են հեռու պահել աշխարհի արատներից ու սպառնալիքներից: Մերօրյա արդեն ոչ մտացածին, այլ առավել, քան իրական հրեշների անունը մենք ևս չենք արտաբերի։ Մարդաբանական նոր, ցանկալի ու փափագելի տիպը՝ Օտարի պատկերով և նմանությամբ, արդեն պատրաստ է, էվոլյուցիոն տեսությունը՝ հավաստիորեն ապացուցված. կապիկից հազիվ էլ այդպիսի մարդ առաջանար: Այդպիսի մարդու իրավունքներն են նախանձախնդրորեն պաշտպանվում: Այսինքն, մարդու իրավունքները՝ տասնամյակներ առաջ և հիմա, անունով նույն, այնինչ բովանդակությամբ բոլորովին տարբեր բաներ են: Դեգրադացիան և էվոլյուցիան, հետընթացն ու առաջընթացը շփոթող այսօրվա մարդը արդեն չի մտածում վերադարձի մասին, որովհետև վերադարձ և հետընթաց բառերը նույն իմաստն ունեն ճիշտ ուղուց շեղված, իր էությունը ուրացած մարդու համար: Լույսը աշխարհ եկավ, սակայն կան լույսից խուսափողներ և լույսին խավար ասողներ, կան չարագործներ և չարին բարի կոչողներ, կան մեղավորներ և իրենց մեղքը արդարություն համարողներ։ Մարդկությունը հոգեվարք է ապրում, բայց նա չի մեռնում բնական մահով. կյանքը չէ, որ լքում է նրան, այլ նա է ինքնակամ լքում կյանքը: Անապական դառնալու երկու եղանակների՝ սրբության և կոնսերվանտների միջև մարդկությունը վաղուց արել է իր ընտրությունը: Ամեն մարդ աշխարհ է գալիս որպես մանուկ, մեծերի ստեղծած միջավայրում, պայմաններում, որ ինքը չի ընտրում, բայց որոնք թելադրում ու կազմավորում են որոշակի գաղափարներ ու մտածելակերպ, որոնք որդեգրվում են մաքսիմալիստական տարիքում և մնում ամբողջ կյանքում, այդ գաղափարները երիտասարդները ներծծում են սպունգի պես, շատ քչերը և շատ հազվադեպ են քննում դրանց իրական աղբյուրի բնույթը: Ամեն նախորդ սերունդ հաջորդին է փոխանցում իր փորձառությունը՝ Աստծուն դավանելու կամ ուրանալու: Մարդկային ուղեղների մանիպուլյացիայի մեր ժամանակներում խոչընդոտվում է Ճշմարիտ Աստծո ճանաչումն անգամ, և կարիք էլ չի լինում ուրանալու այն, ինչ, ըստ էության, չես էլ դավանում: Աստված ևս ընտրում կամ մերժում է մարդուն, և ո՞վ կարող է հանդիմանել Նրան Իր իրավունքը իրացնելու համար: Ժամանակների մոտալուտ վախճանի շեմին մարդկությունը ավելի շատ անպատասխան հարցեր ունի, քան իր ծագման և աշխարհի հետ հանդիպման սկզբում: Աշխարհի այսօրվա արժեհամակարգը որպես կյանքի կանոն ընդունողը շփոթում է փրփուրն ու մարգարիտը, ամպն ու սարը, արժեքավորն ու անցողիկը:
Մարդու կյանքը բավականին կարճ է, որպեսզի նա կարողանա հասկանալ ու ճանաչել հավիտենական արժեքները կամ իր համար իմաստավորել նախորդների փորձը, բայց այն բավականին կարճ է նաև չիմաստավորվելու և չարժևորվելու համար:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում