Արթուր Ղազինյան. Եթե գողը տանից չլիներ…

Արթուր Ղազինյան. Եթե գողը տանից չլիներ…

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookԵթե գողը տանից չլիներ…

20-րդ դարի սկզբին մենք բնակչություն էինք օսմանյան կայրության մեջ և չունեինք Հայրենիք, պետություն, պետականություն: Մեզ ջլատելով, մասնատելով ու պառակտելով ցեղասպանեցին, սարքելով գաղթական ու սփռելով աշխարհով մեկ:

Հետո մենք ունեցանք Հայրենիք, մի փոքր հողակտոր, շունչ քաշեցինք պատերազմներից, ապրեցինք մեր ոսկե դարը, կառուցեցինք, արարեցինք, կրթվեցինք ու 80-ականների վերջում դարձանք ԱԶԳ՝ Հայրենիքը պետություն դարձնելու երազանքով ու համազգային ձգտումով:

Պետությանն ու ԱԶԳԻՆ պետք էր հաղթանակ, որպեսզի կայանար պետականությունն ու քաղաքական ԱԶԳԸ, և մենք կերտեցինք այդ հաղթանակը, վերջին մի քանի հարյուրամյակների ՀԱՂԹԱՆԱԿԸ:

Ստորացրեցինք ու նվաստացրեցինք թշնամուն՝ հաստատելով այս տարածաշրջանում Հայկական պետականության որոշիչ գործոնը և ստիպեցինք աշխարհի հզորներին հաշվի նստել մեր և մեր շահի հետ:

Սակայն Հաղթանակն ու պետության գոյությունը բթացրեցին մեր զգոնությունը, շեղեցին մեր ճանապարհից, օտարները դարձան յուրային ու օձի նման մտան մեր ուղեղն ու հոգին՝ թշնամացնելով մեզ մեր իսկ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ հետ, ստիպելով մեզ ատել մեր Հերոսներին, անիծել ու ատել անցյալը, ուրանալ ու մոռանալ մեր պատմությունը:

Թշնամին չէր հաշտվել իր պարտության հետ, լիզում էր իր վերքերն ու հետևում մեզ՝ փնտրելով մեզ պառակտելու ու իրար հետ թշնամացնելու առիթներ ու հնարավորություններ:

Ու գտավ…

Փողով հոգին ու մարմինը սատանային վաճառած իր գործակալներին մեզ ղեկավար կարգեց ու սկսեց Հայկական պետականության հետևողոկան կազմաքանդումը: Մեզ ստիպեցին ատել իրար, թշնամիներ փնտրել մեր ընտանիքում ու ընկերների մեջ:

Ու թշնամին հարվածեց, շատ ցավոտ ու իր համար ճիշտ ժամանակին, երբ մենք այլևս դադարել էինք ԱԶԳ լինելուց, կորցրել էին ապագայի բոլոր ուղենիշները, մոլորվել ու վերածվել էինք անգիտակից ամբոխի և պատրաստ էինք միմյանց հանդեպ կուտակած նախանձով ու հանուն մի կտոր հացի հայհոյել, անիծել, բզկտել միմյաց, իրար կոկորդ կրծել:

Մեզանից գողացան մեր Հաղթանակը, մեր տոները, հպարտությունն ու հերոսական պատմությունը…

Ազգին ծնկի բերեցին ներսից, բայց ԱԶԳԸ չընկավ, շատ շուտով ԱԶԳը կհաղթի անգիտակից ամբոխի վերածված ժողովրդին ու Հայկական պետականությունը փյունիկի նման կհառնի մոխրից՝ իր իշխանությունն ու ազդեցությունը տարածելով ամբողջ տարածաշրջանի վրա:

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում