Կարելի է ասել՝ ՀՀ ամբողջ անվտանգությունը հիմա զրոյական մակարդակում է. Տիգրան Քոչարյան

Կարելի է ասել՝ ՀՀ ամբողջ անվտանգությունը հիմա զրոյական մակարդակում է. Տիգրան Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Պատերազմից հետո Հայաստանի, հատկապես Սյունիքի անվտանգությունն իջեցվել է զրոյական մակարդակի: Կարող ենք ասել, որ Կապանի և Գորիսի շրջանի որոշ գյուղեր այլևս անվտանգ չեն՝ ապրելու համար»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Շուռնուխ գյուղի մի մասը և ռազմավարական բարձունքների ու ճանապարհների որոշ մասեր ադրբեջանցիների մոտ են և եթե ապագայում այդ երկիրը որոշի հարձակվել Հայաստանի վրա, ապա շատ զոհեր են լինելու այն պատճառով, որ այդ բարձունքներն ուղղակի Նիկոլ Փաշինյանը նվիրել է Ադրբեջանին:

Հիշելով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի արտահայտությունն այն մասին, որ Արցախը ոչ այնքան տարածք է, որքան անվտանգություն՝ Տիգրան Քոչարյանը եզրակացրեց, որ Սյունիքը հանձնված է:

«Շատերը՝ իշխանության մեջ և նրանց սպասարկող ֆեյքերն ասում են, որ Հայաստանի տարածքից մեկ միլիմետր չի զիջվել, բայց էլի եմ ասում, եթե հետևում ենք Զոհրաբ Մնացականյանի և Արցախի հարցի շուրջ այս 2 տարվա մեր բանակցային տրամաբանությանը, ապա, այո, Սյունիքը փաստորեն հանձնվել է»,- հայտարարեց մեդիափորձագետը և կանխատեսեց, որ այն կանցնի Նախիջևանին սահմանակից մյուս մարզերին, ինչպես նաև Տավուշին և Գեղարքունիքին:

Ըստ նրա՝ եթե Նիկոլ Փաշինյանի նման բանակցող լինի, ապա այդ մարզերի սահմանային գյուղերն էլի խնդիրներ կունենան:

«Փաշինյանի մնալով՝ եթե ոչ հիմա, ապա ապագայում այն կշարունակվի: Կարելի է ասել, որ ՀՀ ամբողջ անվտանգությունը հիմա զրոյական մակարդակում է»,- նկատեց բանախոսը:

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ից Ալիևը ծաղրում, անպատվում և հայհոյում է Փաշինյանին, և որևէ արձագանք չկա, ինչը նշանակում է, որ Փաշինյանին ավելի ձեռնտու է Հայաստանում ծեծել, կալանավորել ընդդիմադիրներին, քան հակադարձել Ալիևին:

«Այս հոգեբանական վիճակում գտնվող մարդն ինչպե՞ս է գնալու բանակցի մի մարդու հետ, ով իրեն ծաղրում է: Ամեն հարցի հետ կապված՝ ասելու է՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնիր, ինձ նեղացնո՞ւմ է: Երկրի ինքնիշխանությունը զրոյացվել է այն աստիճանի, որ այլ երկրի ղեկավարի հետ հանդիպելու համար մեր երկրի ղեկավարին իզոլյացնում են, անալիզներ են ամեն օր վերցնում, որ հետո որոշեն՝ թողնե՞ն հանդիպի Պուտինի հետ, թե՞ չթողնեն: Մենք եկել ենք այն մակարդակի, որ երկրի ղեկավարն իր անալիզների տերը չէ, ուրիշ մարդիկ են որոշում, թե ինչ պետք է ուտի, խմի տվյալ օրը: Հասկանո՞ւմ եք, թե մեր ինքնիշխանությունն ուր է հասել»,- հայտարարեց Քոչարյանը:

Ըստ մեդիափորձագետի, ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին Ադրբեջանի տարածքից Հայաստան եկող մեքենաներն անընդհատ թալանվել են, ճանապարհային ոստիկանությունը նրանցից մեծ գումարներ էր վերցնում:

Նրա համոզմամբ, եթե առանց պատնեշներ դնելու Թուրքիայի հետ սահմանները բացվեն, ապա վերջինս այնպես կարող է անել, որ ՀՀ ներքին արտադրությունը վերանա:

«Եթե այսպես շարունակվի՝ Հայաստանը դառնալու է Ադրբեջան-Թուրքիա ճանապարհի գազալցակայանի նման մի բան»,- նկատեց մեդիափորձագետը և և հավելեց, որ այդ դեպքում հանրապետությունը ինքնիշխանություն չի ունենա և կենթարկվի նրան, որն ավելի ուժեղ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում