Աստծո փառքը

Աստծո փառքը

«Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով» (Ղուկ. 1:46, 47):

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Այժմ գտնվում ենք Սուրբծննդյան և Հայտնության ութօրեքի օրհնաբեր շրջանում, երբ դեռ սրտումդ առկայծում է բեթղեհեմյան քարայրի ջերմությունը, հոգումդ վառ է մսուրում պառկած մանուկ Փրկչի լուսաշող պատկերը և ողջ էությունդ փառաբանություն է երգում Արարչիդ. «Հայր Աստծու Էության Ճառագայթ և Կերպարանք, Բա՛նդ Աստված, Քեզ բարեբանում ենք՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում»: Ճշմարի՛տդ Աստված, որ անճառելիորեն մարմին առար, Քեզ բարեբանում ենք՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում»:

Սիրելինե՛ր, այսօրվա քարոզիս բնաբանը մի հատված է սուրբ Աստվածածնի և սուրբ Հովհաննես Կարապետի մոր՝ Եղիսաբեթի խոսակցությունից, որում ի պատասխան Եղիսաբեթի այն խոսքի, թե. «Երանի՜ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն», սուրբ Կույսը պատասխանում է. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով»:

Նայեցե՛ք քրիստոնեական աղոթքներին, սիրելի՛ հավատացյալներ, հայրերի գրվածքներին, սաղմոսներին ու շարականներին, որ կրկին աղոթքի մի ձև են և կտեսնեք, որ դրանք պարտադիր առատորեն համեմված են առ Աստված փառաբանության խոսքերով, դրանցից շատերը հենց փառաբանական աղոթքներ ու շարականներ են: Եվ Մայր եկեղեցին ուսուցանում է իր զավակներին, որ փառաբանությունը պետք է առանցքը հանդիսանա ոչ միայն քրիստոնեական խոսքի, այլև մեր վարք ու բարքի: Ուստի հարկ է, որ ուշադրությամբ քննենք, թե ինչ է նշանակում Աստվածամոր խոսքը. «Իմ անձը կփառավորի Տիրոջը». արդյո՞ք խոսքը միայն շուրթերով փառք տալու, երախտագիտություն հայտնելու մասին է և ի՞նչ ասել է «Աստծու փառք» ընդհանրապես:

«Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը»,- երգում է Դավիթ մարգարեն (Սղմ. 18:2) և իսկապես, սիրելինե՛ր, եթե մեր հոգու աչքը դեռ ամբողջովին չի պղտորվել ու փակվել մեղքերի աղբից, եթե դեռ մեր սիրտն ի զորու է ընկալել գեղեցիկը, վեհն ու երկնայինը, ապա անհնար է, որ Տիրոջ արարչագործությանը նայելով՝ չտեսնենք Աստծու փառքը: Նայե՛ք ձեր շուրջը, սիրելի՛ հավատացյալներ: Նայե՛ք աստղազարդ երկնքին, նայե՛ք երկնաբերձ լեռների կատարներին, նայե՛ք ծովերի ու օվկիանոսների անհունությանը, նայե՛ք ձյան փաթիլի անկրկնելիությանը, նայե՛ք մեղրամոմի շրջանակի կատարելությանը և, ի վերջո, նայե՛ք մարդ-արարածի բարդագույն ու իմաստուն կազմությանը և անպատճառ պիտի տեսնեք Արարչի ձեռագիրը, Նրա իմաստությունը, մեծությունն ու զորությունը: Հենց այս է պատճառը, որ Աստծու փառքի մասին խոսելիս, հայրերն այն նույնացնում են Տիրոջ ամենազոր կարողության և Նրա գործերի մեջ դրա արտացոլման հետ: Ուստի վստահաբար կարող ենք ասել, որ փառքը Արարիչ Աստծու անանջատ մասն է, Նրա ներկայության անքակտելի բաղադրիչը: Արդ, ինչպե՞ս կարող է մեր տկար ու մահկանացու անձը փառավորել Ամենակալին: Բանալին, առաջին հերթին, այն երկու կատարյալ օրինակներն են, որ տեսնում ենք Աստծու Խոսքում. Տեր Հիսուս Քրիստոս և սուրբ Մարիամ Աստվածածինը:

Հիսուս Քրիստոս Հորն ասում է. «Ես քեզ փառավորեցի երկրի վրա. լրացրի այն գործը, որն ինձ տվիր, որ անեմ» (Հովհ. 17:4): Իսկ սուրբ Կույս Մարիամը Տիրոջ հրեշտակին է ասում. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:38): Սակայն հիշենք, որ նախքան այս հնչել էին այլ խոսքեր. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի» (Ղուկ. 22:42): Եվ. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում» (Ղուկ. 1:34): Սա ի՞նչ է նշանակում, սիրելի՛ հավատացյալներ: Կարո՞ղ ենք ասել, որ Տիրոջը փառավորելը երախտագիտության ու գոհության խոսքերից զատ նաև և առաջ ողջ հոգով ու մտքով Աստծուն վստահելն է, Նրա խոսքին, Նրա կամքին հնազանդվելը, Նրա մատնանշած ուղին խոնարհությամբ ընդունելը, Նրա սուրբ պատվիրանները հոժարությամբ կատարելը, որքան էլ որ այդ պահին մեր տկար գիտակցությանը հասու չլինի դրանց կարելիությունը կամ բարեբերությունը: Ճիշտ այնպես, ինչպես մահից փրկված հիվանդն է երախտագետ սրտով շնորհակալություն հայտնում իրեն անդամահատած բժշկին ու հիանում նրանով, քաջ գիտակցելով, որ այդ ցավոտ ու խիստ անցանկալի միջամտությունն արվել է իր կյանքը փրկելու համար: Կարո՞ղ ենք նաև ասել, որ փառավորել Աստծուն՝ նշանակում է մեր կարողության չափով տեսնել, հասկանալ և ընդունել Երկնային Հոր սերն ու նախախնամությունն առ Իր արարածներ և ուրախությամբ ու երախտագետ սրտով ընդունել դրանց բոլոր դրսևորումները: Կարծում եմ՝ կարող ենք: Իսկ կարո՞ղ ենք ասել, թե ինչ է կատարվում մեզ հետ, երբ մենք, դադարելով համառորեն հակառակվելուց, իսկապես, հոժարակամորեն ու խոնարհաբար ընդունում ենք Տիրոջ առաջարկած նույնիսկ ամենադժվարին թվացող լուծումները: Արդյո՞ք մեր հոգին իսկույն չի խաղաղվում, արդյո՞ք չի ջերմանում անբացատրելի մխիթարությամբ, արդյո՞ք սեր չենք զգում այն Ամենակարողի հանդեպ, Ով նման հոգատարություն է ցուցաբերում տկար արարածներիս նկատմամբ: Եվ արդյո՞ք նույն երանավետ զգացումները, նույն հոգևոր ուրախությունը, սրտի նույն թրթիռը չենք ունենում, երբ նայում ենք Նրա ձեռքի գործերին՝ բնության կատարելությանը, մանկան թովիչ ժպիտին կամ սիրելիի փայլփլուն աչքերին: Ուստի կարո՞ղ ենք ասել, որ այն պահին, երբ հոգին լցվում է առ Աստված փառաբանությամբ ու երախտագետ երանությամբ, ողջ էությամբ վեր ենք սլանում ու Արարչին միավորվում: Իհա՛րկե կարող ենք: Հետևաբար, կարող ենք ասել նաև, որ Աստծու հետ մշտական հաղորդակցության, Նրա փառքի ներկայության մեջ լինելու այդ երանելի վիճակը հենց այն էր, ինչի համար ստեղծվեց և ինչն ուներ նախամարդը: Իսկ այնուհետև եղավ այն, ինչ նկարագրում է Պողոս առաքյալը. «Որովհետև բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ. 3:23): Եվ ամենօրյա ռեժիմով շարունակում ենք զրկվել, երբ նույն առաքյալի խոսքով. «Ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես՝ չգողանալ, գողանում ես. ասում ես՝ չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհյաններից, տաճարներն ես կողոպտում. օրենքով պարծենում ես՝ օրենքը խախտելով Աստծուն ես անարգում. որովհետև Աստծու անունը ձեր պատճառով հեթանոսների մէջ հայհոյվում է» (Հռոմ. 2:22, 24): Իսկ մի՞թե սա է մեր առաքելությունը, մեր կյանքի իմաստն ու նպատակը: Ո՛չ իհարկե: Ընդհակառակը: Դավիթ թագավորն ասում է. «Թող երբեք հեթանոսների մեջ չասեն, թե՝ «Նրանց Աստվածն ո՞ւր է»» (Սղմ. 113:2): Ուստի մեր խոսքը, գործը և ողջ կյանքը պետք է պատճառ և առիթ լինի այլոց՝ Քրիստոսին փառաբանելու: Ինչպես որ և սուրբ առաքյալն էլ է ասում. «Արդ, ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10:31): Հետևաբար, սիրելի՛ հավատացյալներ, մենք նախանձախնդիր պիտի լինենք Աստծու փառքի տարածմանը ճիշտ այնպես, ինչպես շնորհակալ զավակն է ամենուր և ամեն ժամ հոգում իր ծնողի պատվի մասին: Նա ամեն առիթով մեջբերում է իր ծնողի խրատները, շտապում է պատմել նրա իմաստության, բարության, կարողությունների մասին: Նա քաջ գիտակցում է, որ ինքն իր ծնողի ներկայացուցիչն է, նրա դեմքը, ուստի ամենուր աշխատում է լավագույնս դրսևորել իրեն, որպեսզի բարձր պահի իր ծնողի անունն ու պատիվը: Եվ սա անում է մեծագույն սիրով ու նպատակասլացությամբ: Արդ հենց այս պատվախնդրությունն է, որ պիտի որդեգրենք ամենքս. պատմենք Ճշմարիտ Աստծու մասին, ապրենք ու գործենք ի փառս մեր Երկնավոր Ծնողի՝ չհակառակվելով և թույլ տալով, որպեսզի Աստծու փառքը շողա մեզանում: Սա էլ իր հերթին մեզ հեռու կպահի կործանարար մոլորություններից ու գայթակղություններից:

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Քրիստոս զգուշացնում սուտ մարգարեների մասին, որ գառան մորթով հափշտակող գայլեր են և իրենք իրենց Քրիստոս հռչակելով՝ պիտի մոլորեցնեն շատերին, որոնց, սակայն, իրենց գործերով պիտի ճանաչենք (Մատթ. 24:4, 5; 7:15-20): Իսկ ինչո՞ւ են նրանք այդպես վարվում, կռահո՞ւմ եք: Հիշե՛ք Քրիստոսի փորձությունն անապատում. բանսարկուն՝ Արարչի փառքին նախանձողը, ամեն գնով այդ փառքին ձգտողն ու չհասնողը, փորձում էր աշխարհի թագավորությունների փառքով գայթակղել ու իրեն հպատակեցնել Քրիստոսին (Մատթ. 4:8, 9): Եվ սա համատարած է աշխարհում. ի հակադրություն սաղմոսերգուի խոսքի. «Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր» (Սղմ. 113:1), արարածը փորձում է յուրացնել Արարչի փառքը՝ իրեն վերագրելով Նրա զորությունը: Չարին ստրկացած մարդը փառքի է տենչում ամեն եղանակով՝ փողով, իշխանությամբ, մոլորեցնող գաղափարներով, տեխնոլոգիական միջոցներով: Աշխարհի այսպես կոչված «հզորները», կեղծ «առաջնորդները», մարդկային կուռքերը խոնարհվում ու ծառայում են մամոնային, իրենց մարդկային կյանքերի կառավարիչ են երևակայում՝ չխորշելով անգամ ամենաստոր, խաբուսիկ ու դաժան միջոցները կիրառելուց: Որովհետև աշխարհի փառքն ու իշխանության մոլուցքը սնում ու շոյում է մարդկային հպարտ «ես»-ը, ինչն էլ, իր հերթին, աճեցնում ու պարարտացնում է Ամենակալի փառքին ձգտող չարին: Իսկ սա մաքուր ինքնախաբեություն և ինքնակործանում է, սիրելինե՛ր: Նույնն է, թե սքանչելի կտավով հիանալով, նկարչին մոռացած, կտավին գովասանքի խոսքեր ասես: Կամ համեղ ճաշի համար խոհարարին շնորհակալություն հայտնելու փոխարեն, գովեստի խոսքերդ ճաշին հայտնես: Արդ սովորե՛նք ամեն պարագայում, ամեն ինչից անդին փնտրել ու գտնել Արարչի նախախնամությունը, սուրբ ու թույլատու կամքը, սերն ու զորությունը, սովորենք ճշմարտությունը տարբերակել կեղծիքից, սրբությունը՝ սրբության նմանակումից և այնժամ մեր անձն ինքնաբերաբար կփառավորի Իր Արարչին: Այդժամ չի խզվի Երկնակալի հետ կենարար կապը, մեր կյանքը կդառնա Նրա փառքի ճրագը և այնժամ կատարած կլինենք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, որ ասում է. «Դո՛ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: ….Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:14, 16). ամեն:

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում