Խաղում էինք մեր ազգի համար. Սարգիս Ադամյանը՝ պատերազմի օրերին Վրաստանին հաղթելու մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: 2020 թվականը Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի համար, գերմանական ակումբի բնորոշմամբ, քամբեքների տարի էր: Փետրվարին Ադամյանը կոճի վնասվածք ստացավ ու ստիպված եղավ մի քանի ամիս բաց թողնել: Իր վերադարձից կարճ ժամանակ անց՝ նոեմբերին, Սարգիսն արդեն կորոնավիրուսի պատճառով դուրս մնաց շարքից: Այդուհանդերձ 27-ամյա հայ ֆուտբոլիստը հաղթահարել է նաև այդ փորձությունն ու «Հոֆենհայմի» մամուլի քարուղարության հետ զրուուցում խոսել է ապաքինման ընթացքի, Ազգաjին հավաքականի ելույթների և Հայաստանում ստեղծված պատերազմական ծանր իրավիճակի մասին.
-Միջազգային մակարդակում դու միայն «Հոֆենհայմի» կազմում չէ, որ գոլեր ես խփում: Տարվա վերջին միջազգային խաղում դու խփեցիր Հայաստանի հավաքականի հաղթական գնդակը Վրաստանի դեմ խաղում: Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին այդ հաղթանակն, անկասկած, շատ էմոցիոնալ լուսաբանվեց մեդիայում և սոցիալական ցանցերում:
-Մեզ համար դա կարևոր խաղ էր:Դա ավելին էր, քան ֆուտբոլը: Ցանկանում էինք մեր խաղով փոքր-ինչ ուրախացնել հայ ազգին այդ դժվարին իրավիճակում: Այդ պահին լավ զգալու համար շատ բան չունեինք, ու մենք ցանկանում էինք խաղալ հատուկ մեր ազգի ու հայրենակիցների համար: Այդ խաղից հետո շատ արձագանքներ ստացա և ինձ համար շատ մեծ նշանակություն ունեցավ այն, որ երկրի համար այդ դժվարին ժամանակներում կարողացա մարդկանց մի փոքր ուրախացնել:
-Եթե այդպիսի պահի հաղթական գոլ ես խփել, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հերոս ես քո երկրում:
-Ոչ: Ի վերջո, մենք պարզապես ֆուտբոլ ենք խաղում: Ինձ համար հիվանդանոցներում աշխատող մարդիկ են արժանի այդ կոչմանը: Մարդիկ, ովքեր պայքարում են իրենց երկրի և մարդկանց կյանքերի համար: Նրանք են իսկական հերոսները:
-Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ պատերազմ: Քո հայրենիքում ստեղծված իրավիճակի ֆոնին ինչպե՞ս ես քեզ զգում:
-Շատ տխուր է: Խելահեղություն է տեսնել, թե մարդիկ ինչպես են կռվում իրենց կյանքի համար: Հուսով եմ՝ ամեն ինչ շուտով կավարտվի: Չի կարող այնպես լինել, որ 18 տարեկան տղաները գնան ու պատերազմեն՝ իրենց հայրենիքը պաշտպանելով: Հասկանում ես, որ իրականում խնդիր չէ, երբ մի քանի ամիս անցկացնում ես առանց ֆուտբոլ խաղալու:
-Ունե՞ս բարեկամներ, ովքեր տուժել են ստեղծված իրավիճակից:
-Ընտանիքիս անդամներից ոմանք դեռևս ապրում են Հայաստանում, բայց բարեբախտաբար ստիպված չեղան տեղահանվել կամ փախչել: Նրանք ապրում են Երևանում: Բայց անկասկած նրանք էլ են տուժել այդ իրավիճակից: Հուսով եմ՝ նրանք շուտով առիթներ կունենան նորից ուրախ լինելու:
– 5 տարեկանում ընտանիքիդ հետ միասին տեղափոխվել ես Հայաստանից: Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը:
-1998 թվականն էր, հայրիկս կորցրել էր իր աշխատանքը: Հորաքույրս դրանից երկու տարի առաջ արդեն իսկ տեղափոխվել էր Գերմանիա և օգնեց մեզ: Նոր կյանք սկսեցինք այստեղ:
-Ինչպիսի՞ն էին սկզբնական տարիները քեզ և քո ընտանիքի համար: Օտար երկիր, օտար լեզու …
-Սկզբնական օրերը դժվարությամբ եմ հիշում: Ես ընդամենը 5 տարեկան էի այդ ժամանակ: Անկասկած, հեշտ չէր: Հատկապես լեզվի առումով: Բայց մենք փորձեցինք հնարավորինս շուտ սովորել գերմաներեն: Որպես փոքր երեխա՝ ինձ համար դա այնքան էլ բարդ չէր: Խաղադաշտում շատ էի հանդիպում այլ երեխաների ու դա ինձ շատ օգնեց: Դաշտում կարևոր չէ, թե դու որտեղից ես և ինչ լեզվով ես խոսում: Կարևոր է միայն գնդակը: Շատ գեղեցիկ մանկություն եմ ունեցել և վայլելել եմ այն:
-Իսկ հիմա ինչպե՞ս է ընտանիքդ: Դեռ միմյանց հետ հայերե՞ն եք խոսում:
-Այո, ամեն ինչ հիանալի է: Ծնողներս հիմա ապրում և աշխատում են Համբուրգում և ապրում են իմ երեք քույրերից մեկի հետ: Նրանք ևս իրենց շատ լավ են զգում Գերմանիայում: Բայց մեր ընտանիքում իրար հետ միայն հայերեն ենք խոսում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում