Ինչ է հայտնի Կոշի 1176 թ. երկրաշարժից
Նմանատիպ
Կոշը (պատմական Կուաշ) Հայաստանի հին բնակավայրերից է եւ հիշատակվում է 4-րդ դարից սկսած, որպես Արշակունիների թագավորական կալվածք: Այստեղ է թաղված Հայոց Տիրան թագավորը: Պատմիչ Եղիշեն (5-րդ դար) գրում է, որ Կոշում էր գտնվում արքունի ձմեռանոցներից մեկը:
12-րդ դարի վերջում, երբ Զաքարե եւ Իվանե Զաքարյան եղբայրները հայ-վրացական միացյալ բանակով սելջուկ-թուրքերից ազատագրում են Արագածոտնը, Կոշի մոտ, ներկայիս խճուղու եզրին, որտեղ հավանաբար եղել է հաղթական ճակատամարտը, Պետրոս Ականատեսը 1195թ. կանգնեցնում է գեղաքանդակ խաչքար՝ ի նշանավորումը տարած հաղթանակների ու գավառի ազատագրման: Այն կերտված է վարդագույն տուֆից, զարդարված երկրաչափական ու բուսական նուրբ քանդակներով: Խաչքարի պատվանդանին 10 տող կարեւոր արձանագրությունն է: Ինչպես տեղեկանում ենք վիմագրից, Պետրոս վարդապետը Արագածոտնի ազատարարներին տեսել էր 20 տարի առաջ՝ 1175թ. տեսիլքում, որի պատճառով էլ, հավանաբար, անվանվել է ականատես: Եվ քանի որ վիմագրում նշված է հաջորդ տարում խավարեցավ արեգակն ու դղրդեցավ երկիրն, ուստի երկրաշարժը տեղի է ունեցել մեկ տարի անց՝ 1176 թ.: Եվ իրոք, Դավիթ Քոբայրեցին նշել է, որ 1176թ. ապրիլի 11-ին տեղի է ունեցել արեգակի լրիվ խավարում: Այսպիսով, 1176թ. ապրիլի 11-ին Կոշում եւ շրջակա գյուղերում տեղի է ունեցել երկրաշարժ, որից վնասվել են Կոշի Սբ Ստեփանոս, Բյուրականի Սբ Հովհաննես, Փարպիի Ծիրանավոր, Թարգմանչաց, Արուճի, Թալինի եկեղեցիներն ու բազմաթիվ աշխարհիկ շինություններ:
Պետրոս Ականատեսին հիշատակում է պատմիչ Վարդան Վարդապետը (13-րդ դ.), նշելով, որ Կոշավանքում է գտնվում այդ սուրբ վարդապետի գերեզմանը: Հավանական է համարվում, որ Պետրոսի մահարձանը գտնվել է գյուղի հարավ-արեւմտյան մասում, հանդիպակաց բլրի վրա, որտեղ կանգուն է 1195թ. կանգնեցրած խաչքարի նմանօրինակը: Անկասկած է, որ երկու խաչքարերն էլ միեւնույն վարպետի եւ մոտավորապես նույն ժամանակների գործ են: Կոշի այս երկրորդ խաչքարի պատվանդանին փորագրված է եղել արձանագրություն, որը, ցավոք, չի պահպանվել: Ենթադրվում է, որ այս երկրորդ խաչքարն էլ հանդիսացել է Պետրոս վարդապետի մահարձանը:
Կոշը հարուստ է բազմաբնույթ հուշարձաններով: Գյուղի հյուսիս-արեւելյան կողմում, ձորալանջի բարձունքի վրա կանգուն է 7-րդ դարի սկզբին կառուցված Սբ Ստեփանոս եկեղեցին: Այն խաչաձեւ հատակագծով, կենտրոնագմբեթ, երկու ավանդատներով, փոքրիկ եկեղեցի է, որը նմանատիպ պաշտամունքային կառույցների մեջ հնագույններից է: Եկեղեցին մեզ էր հասել ամբողջությամբ կործանված վիճակում: Կանգուն էին միայն պատերն ու գմբեթատակ փոխանցումը: Կործանվել էր գմբեթը եւ արեւմտյան խաչթեւի ծածկը: 1972-1974թթ. զգալի աշխատանքներ են կատարվել եկեղեցին վերանորոգելու համար եւ դրանք վերջնականապես ավարտվել են 2007թ.: Վերականգնվել է ութանիստ գմբեթը, բեմը եւ այլն: Ինչպես նշվեց, եկեղեցին վնասվել էր 1176թ. երկրաշարժից:
Գյուղի տարածքում են Կոշի հին ամրոցի ավերակները: Այն նույնպես վնասվել էր 1176թ. երկրաշարժից եւ հավանաբար Սբ Ստեփանոս եկեղեցու հետ միասին, վերանորոգվել էր 13-րդ դարի սկզբին Զաքարյանների կողմից:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ (գիտաշխատող)
Լուսանկարը՝ wikimapia.org-ի
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում