Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հանրային մուլտիպլեքսում վարկանիշային քվեարկությամբ կատարվեց սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների տրամադրումը:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նախ նշեց, որ հանրապետական սփռման համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական, իսկ 9-ը միաժամանակ և՛ հանրապետական, և՛ մայրաքաղաքային սփռման լիցենզիա ստանալու համար:
Նրա խոսքով՝ հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական և 9 սլոթ մայրաքաղաքային սփռման համար, սակայն ՀՀ և ՌԴ միջկառավարական պայմանավորվածության համաձայն 1 ռուսական հեռուստալիք առանց լիցենզիայի ստացել է հանրապետական սփռման հնարավորություն և 2 ռուսական ալիք էլի առանց լիցենզիայի մայրաքաղաքային սփռման հնարավորություն, ուստի սլոթների թիվը նվազել է, հանրապետականը դարձել 5, իսկ մայրաքաղաքայինը 7:
Նա նշեց, որ միայն մայրաքաղաքային սփռման համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն, ապա Հանրայինը ներկայացրին իրենց դիմումները, որով հետ կանչեցին իրենց հայտերը։ Ուստի դրանք չեն մասնակցում այս մրցույթին:
Հանրապետական մրցույթի համար հեռուստաընկերությունները ստացել են հետևյալ միավորները․ «Արմենիա» ՀԸ՝ 713 միավոր, «Երկիր մեդիա» ՀԸ՝ 688 միավոր, «Շանթ» ՀԸ՝ 680 միավոր, ATV՝ 670 միավոր, «Կենտրոն» ՀԸ՝ 663 միավոր, «5-րդ ալիք»՝ 657 միավոր, «Հ2»՝ 626 միավոր, «Արմնյուզ»՝ 613 միավոր, «A1+»՝ 545 միավոր և «Ֆրի նյուզ»՝ 531 միավոր:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ ամենաբարձր միավորներ հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, իսկ այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավորներ են հավաքել, տեղ են զբաղեցնում մայրավաքաղաքային մուլտիպլետքում, եթե դիմել էին նաև այս մուլտիպլեքսի համար։
Միայն մայրաքաղաքային տարածման համար դիմել է 4 հեռուստաընկերություն, որոնց վարկանիշային քվեարկությոնը հետևյալ կերպ է արձանագրվել: «Դար 21»՝ 492 միավոր, «Մո թիվի մելդիա հոլդինգ» ՓԲԸ՝ 463 միավոր, «Արփի մեդիա» ՍՊԸ՝ 542 միավոր և «Շանթ սպորտ» ՍՊԸ՝ 216 միավոր:
ՀՌՀ նախագահը նշեց, որ այն հեռուստաընկերությունները, որոնք ավեի քիչ վարկանիշային միավոր են հավաքել հանրապետական սփռման համար, անցնում են մայրաքաղաքային սփռման, եթե դիմել են նաև դրա համար: Նա նաև նշեց, որ հանրապետական սփռման համար անցողիկ 1/3-ի շեմից ցածր միավորներ հավաքած հեռուստաընկերություններ չկան:
Միայն մայրաքաղաքային սփռման համար դիմած հեռուստաընկերություններից միակը, որը չի հավաքել բավարար 280 միավորը, «Շանթ սպորտ»-ն է:
Տիգրան Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ ավելի ուշ ՀՌՀ–ն կհրապարակի այն հեռուստաընկերությունների ցանկը, որոնք ստացել են հեռարձակման լիցենզիա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում