Ա Պետրոս 2.7
Նմանատիպ
7. Ձեզ այսուհետև հաւատացելոցդ՝ վէմ պատուակա՛ն. իսկ անհաւատիցն, վէ՛մն զոր անարգեցին շինօղքն. նա եղև գլուխ անկեան:
Ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին Վեմ, իսկ անհավատներին՝ «Այն Վեմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղավ անկյունաքար»:
Այնուհետև առաքյալը սկսում է համեմատություն անցկացնել երկու «կողմերի» միջև՝ մի կողմին հարգանք ու գովեստ մատուցելով իրենց հավատի համար, իսկ մյուս կողմին՝ պարսավելով իրենց անհավատության համար ու նախատինքի արժանի համարելով: Այդ պատճառով էլ ասում է. «Ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին վեմ է»: Առաքյալը նրանց է դիմում, ովքեր Քրիստոսի վրա հաստատվեցին, կենդանի Ջրից խմեցին և Նրանից խորհրդավոր, քաղցրահամ ու հագեցնող կերակուրը ընդունեցին՝ ըստ նախամարգարեի օրհնության: Նաև մեծն Պողոսն էր անապատում ժողովրդի համար ջուր բխեցրած վեմի օրինակով հաստատում ճշմարտությունն ու պատվականությունն այդ Վեմի:
Արդ, առաքյալն ասում է ձեզ, որ ձեզ համար, որ հավատացիք Վեմին և վայելեցիք Նրա լիությունից ու արբեցիք Նրա քաղցրահամ աղբյուրից, Նա «թանկագին վեմ է», իսկ անհավատների համար, որոնք այդ կերպ չեն վարվում, այլ իրենց անհավատության պատճառով հեռու են Ավետյաց ուխտից, Նա ա՛յն Վեմն է, որն անարգեցին շինողները, և որը եղավ անկյունաքար»:
Այս վկայությունը, որը սաղմոսարանից է վերցված, որևէ մեկնության կարիք չունի, քանի որ Ինքը՝ մեր Տերը, փարիսեցիներին հանդիմանելով նրանց անհասկացողության ու հակառակասիրության համար, այս մարգարեությունը մեջբերելով՝ ասաց, թե ինչ է նշանակում այն գրվածքը, համաձայն որի՝ այն վեմը, որը շինողները անարգեցին, ա՛յդ եղավ անկյունաքար: Տիրոջ շուրթերից հնչեցին այս խոսքերը, որոնք այժմ իրենց սքանչելիությամբ հառնում են մեր առջև:
Եվ ապա Տերը, արդեն իսկ Իր խոսքերը հավելելով, հենց Իրեն է համարում շինողներից անարգված այն Վեմը և, հակադարձելով նրանց, ասում է, որ ով բախվի այդ Վեմին, փշուր-փշուր կլինի, և ում վրա որ այն ընկնի՝ կճզմի նրան: Ի՞նչ են նշանակում մարգարեության այս առակավոր խոսքերը, համաձայն որոնց՝ «ով որ բախվի այդ Վեմին, փշուր-փշուր կլինի»: Ո՞ր վեմի մասին է արդյոք խոսքը. ա՛յն վեմի, որը մատնացույց էր արել մարգարեն, այսինքն՝ շինողներից անարգված վեմի:
Այստեղ՝ այս առակում, Հիսուս «շինողներ» ասելով նկատի ունի Իսրայելի ժողովրդի քահանայապետներին ու Օրենքի ուսուցիչներին, որոնք ժողովրդին «կառուցադրում» ու ծեփում էին իբրև որմեր, ինչպես ասում է Եզեկիելը: Նրանք տեսան կենդանի Վեմն ու, ըստ մարգարեների կանխասացության, ճանաչելով Նրան՝ անարգեցին ու չկամեցան Նրան զետեղել շինության հիմքում, այլ մի կողմ նետելով՝ արհամարհեցին:
Սակայն այդ Վեմը Իր անձին վայել ճշմարիտ պատիվը չկորցրեց, ինչպես որ քարոզել էին մարգարեները, այլ առավել ևս հարգանքի արժանացավ ու առավել քան պատվական երևաց նայողների աչքերում՝ շինվածքի անկյունաքարը դառնալով ու միմյանց ագուցելով իրարից անսահման հեռավորության վրա գտնվող երկու որմերը, այսինքն՝ հրեաներին և հեթանոսներին: Նա նաև միմյանց շաղկապեց հրեշտակների ու մարդկանց՝ իրարից շատ տարբեր եղող բնությունները: Եվ դեռ Քրիստոս ոչ միայն այս բնությունները շաղկապեց՝ իրար միացնելով, այլև ամուր ու անխախտելի է պահում այդ կապը Իր ամենակարող զորությամբ:
Իսկ ի՞նչ է նշանակում բուն այն խոսքը, որը մեր Տերը ասաց, թե՝ «ով որ բախվի այդ Վեմին, փշուր-փշուր կլինի»: Արդ, այդ Վեմին բախվեցին քահանայապետներն ու Օրենքի մեկնիչները իրենց նախանձի ու հակառակության պատճառով, ըստ որի էլ հենց նրանք փորձում էին սաստել Հիսուսին՝ ասելով. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ», կամ՝ «Ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»: Դրա հետևանքով էր, որ փշուր-փշուր եղան նրանք: Ուստի և նրանցից վերցվեց քահանայության պատիվն ու օրինավոր սրբությունը. և՛ պաշտոնը, և՛ փառքը, ու նրանց «սրբությունն» էլ կանգնեցվեց Աստծու բարկության առջև՝ նման հարդի մղեղի կամ փոշու, որը «քշվում» է մրրիկից:
«Իսկ ում վրա որ այն ընկնի,- ասում է Քրիստոս,- կճզմի նրան»: Հիսուս նյութական քարերի «ներգործությունն» է Իր խոսքի համար իբրև օրինակ ծառայեցնում, քանի որ, իրապես, մարդկանցից ո՞վ կարող է, վեմին բախվելով, փշուր-փշուր չլինել, ինչպես որ, մարգարեի խոսքով ասած՝ Լիբանանի մատաղատունկը, կամ ինչպես ժողովրդի պաշտամունքի առարկա դարձած այն հորթը, որը Մովսեսը անապատում կտոր-կտոր արեց, և կամ այդ ո՞ւմ վրա է, որ վեմը ընկնելով՝ չի ճզմի նրան:
Այս նույն կերպ էլ Հիսուս-Վեմը հրեաների տան վրա իրենց ամբարտավանության պատճառով, որով որ նրանք հանդգնեցին սպանել տաճարի ու օրենքների Տիրոջը և իրենց վրա վերցրին Նրա ահավոր ու պատկառելի արյունը: Եվ արդ, տերունական արյունը ծանրացավ նրանց վրա, ինչպես արդար Աբելի արյունը՝ նրան սպանող Կայենի վրա, ու այդպիսով, համաձայն մեր Տիրոջ խոսքի, հրեաների վրա ընկավ մեղքը երկրի վրա հեղված ամեն արդար արյան՝ արդար Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որին նրանք սպանեցին տաճարի և զոհասեղանի միջև:
Արդ, այն արյունը, որը ատյանում հրեաները պահանջեցին հեղել, հայտնապես ծանրացավ նրանց վրա: Այդ արյունն առավել ծանր էր, քան յուրաքանչյուր վեմ, և այն, ընկնելով հրեաների վրա, «ճզմեց» նրանց հռոմեացիների զորքերի, սրի, սովի ու գերության միջոցով, և նրանց պանծալի քաղաքն էլ այրեց, նրանց պաշտամունքի տաճարը աճյունի վերածեց ու գեթ մի հողաբլուր թողեց այդ վայրում և, առհասարակ, ողջ հրեա ազգին գերությամբ սփռեց տիեզերքի չորս ծագերը:
Տեսա՞ր, թե ինչպե՛ս Վեմը ընկավ նրանց վրա ու ճզմեց նրանց: Կա ևս մի վկայություն, որը նույնպես խոսում է հրեաների անհավատության ու անհնազանդության վախճանի մասին: Եվ ահա՛, Եսային, որն իր նախորդ մարգարեությամբ ծանուցում էր Վեմի՝ Աստծու կողմից պատվական, ընտիր և անկյունաքարային ճանաչված լինելու ու այն Սիոնի հիմքում դնելու մասին և հորդորում էր հավատ ընծայել Նրան՝ փոխարենը խոստանալով առանց ամոթահար լինելու մշտնջենավոր կյանքը, ինչը, սակայն, հրեաները մերժեցին ընդունել, և ահա նույն այդ Եսային նաև ահա ա՛յս խոսքերի «հատուցմանն» է արժանացնում նրանց. «Ինչպես նաև՝ «Վեմ գլորման և վեմ գայթակղության», որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին»:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում