Եղիա մարգարեի պատկերային դրսևորումները
Նմանատիպ
Եղիա մարգարեի պատմությունը գրված է Աստվածաշնչում Թագավորությունների 3-րդ և 4-րդ գրքերում: Նա այն երկու մարդկանցից մեկն է (մյուսը Ենոքն է), որոնց մասին Աստվածաշնչում գրված է, թե երկինք են «փոխադրվել» առանց մահանալու (Ծննդ. 5:18-24): Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո հրեղեն կառքով ու մրրիկով տանում է երկինք: Նա բարձրանում է երկինք Եղիսեի աչքի առաջ՝ առանց մարդկային բնական մահով մեռնելու:
Եղիա մարգարեի կյանքի այս դրվագը քրիստոնեական արվեստում իր պատկերավոր արտահայտությունն է գտել Շիրակի կոթողներից մեկի վրա: Այստեղ հանդիպում ենք ինչպես հինկտակարանային, այնպես էլ նորկտակարանային սյուժեների: Կա մի հորինվածք (Թալին, այժմ՝ ՀՊԹ), որը ենթադրվում է՝ «Եղիայի համբարձման» տեսարանն է, քանի որ երևում են երկու թևավոր ձիեր ու դրանց ներքևում պատկերված երկու անիվներ: Բրդաձորի և Օձունի կոթողների վրա նույնպես ընդգրկված են Հին կտակարանից սյուժեներ, այդ թվում և Եղիայի համբարձման տեսարանը: Այս տեսարանին հանդիպում ենք նաև Ագարակի կոթողի (V դ.) վերևի բեկորի վրա, որտեղ պատկերված են հրեշտակը, Հիսուսը և Եղիա մարգարեի կառքը, որով վերջինս համբարձվեց:
Եղիա մարգարեն, ըստ Մաղաքիա մարգարեի, աշխարհի վախճանին դարձյալ պիտի գա երկիր, իբրև նախակարապետը Քրիստոսի երկրորդ գալստյան, այնպես, ինչպես որ Հովհաննես Մկրտիչ Կարապետը դարձավ Տիրոջ առաջին գալստյան: Սա է պատճառը, որ Հովհաննես Մկրտիչն Ավետարանում նմանեցվում է Եղիային և ասվում է, թե նա եկել էր Եղիայի հոգով: Եվ նաև սա է պատճառը, որ պատկերագրության մեջ Եղիան հանդես է գալիս Հովհաննես Մկրտչի հետ, ինչի վառ ապացույցը Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևելյան ճակատի եզրամասերում գտնվող երկու մեծ ֆիգուրներն են, որոնցից ձախակողմյանի մոտ փորագրված է «Հովհաննես Մկրտիչ», իսկ աջակողմյանի մոտ դարձյալ համանման քարի վրա՝ «Եղիա Մարգարե»: Այս երկու նույնատիպ, արտակարգ չափեր ունեցող սրբաքանդակները պարփակում են պատկերագրական սիստեմը՝ հանդիսանալով ճակատի առավել տպավորիչ, նշանակալից ֆիգուրները: Հովհաննես Մկրտչի դիմաց կանգնած է Եղիան՝ վկայող մարդու հատկանշական դիրքով և նույն դիմաձևով ու համազգեստով: Մարգարեի առաջ ծնկի եկած Սարեփթայի այրու ցուցադրմամբ ավելանում է մի նշանակություն ևս, որովհետև Տիրոջ կողմից Սիդոն ուղարկված Եղիան նույնացվում է Քրիստոսի հետ, իսկ Սարեփթայի այրին հեթանոսների եկեղեցու ներկայացուցիչն է, որ ընդունեց Քրիստոսին, մինչդեռ Սինագոգը հրաժարվեց նրան ճանաչելուց: Այս այլաբանական մեկնաբանությունը հիմնված է Հիսուսի հետևյալ խոսքերի վրա. «Շատ որբևայրիներ կային Եղիայի օրերը Իսրայելի մեջ… բայց Եղիա անոնցմէ մեկուն չղրկուեցաւ, հապա միայն սիդոնացւոց Սարեփթա քաղաքին մեջ որբևայրի կնոջ մը» (Ղուկաս 4:25-26): Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարյուրավոր բարձրաքանդակներից միայն այս երկուսի մոտ է, որ հատուկ ուղղանկյուն քարեր են թողնված եղել որմածքի մեջ մակագրություններ փորագրելու համար: Լավ հայտնի է, որ հայկական ճարտարապետության մեջ վիմական արձանագրությունները որպես կանոն փորագրվում էին մաքուր տաշված որմածքի վրա, մի մոտեցում, որ պահպանվել է ամբողջ միջնադարի ընթացքում: Սակայն կան առանձին դեպքեր, ինչպես այստեղ, երբ պատի որմածքի մեջ դրվում էին պատի հարթությունից որոշ չափով դուրս եկող քարեր, որոնց վրա էլ գրվում էր արձանագրությունը: Անտիկ ճարտարապետության մեջ լավ հայտնի էին «ծիծեռնակապոչ» այդ քարերը: Այս սովորույթն անցել է նաև հայկական ճարտարապետությանը: Աղթամարում նման քարեր (ուղղանկյուն եզրաձևով) առկա են միայն այս երկու պատկերաքանդակների մոտ: Տարակույս չի մնում, որ այս մակագրություններն ավելացված են հետագայում. նշված պերսոնաժներից շատ ավելի բարձր և կարևոր պերսոնաժներ կան նույն առաջին գոտում, որոնց մոտ չեն էլ եղել նման ելուստավոր քարեր:
Պատկերաքանդակի մի տեսակ կա, որն ունի բարդ կերպավորում և բարդ սիմվոլիկ աստվածաբանական իմաստավորում՝ կարծես գծի ու ծավալի արտահայտիչ զուգակցման որոշ նմանություններ ունենալով ռոմանական ու վաղ գոթական պատկերաքանդակների հետ: Նման ոճը Վայոց ձորում հատուկ է Աղջոց վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու մուտքի երկու կողմերի Պողոս և Պետրոս պատկերաքանդակներին, որոնք տիպաբանորեն նման են Լանգեդոկի Մուասսակի (Ֆրանսիա) մուտքի Պետրոսի և Եղիայի ռելիեֆներին:
Հովնաթան Հովնաթանյանի վրձնին է պատկանում հայոց հայրապետների ու եկեղեցու նշանավոր գործիչների մի շարք դիմանկարներ, այդ թվում և Եղիայի դիմանկարը: Այն, ինչպես բոլոր դիմանկարները, ունի նույն մակերեսը՝ շուրջ երկու մետր բարձրությամբ: Կրկնվում է ընդհանուր կոմպոզիցիան. ֆիգուրը կանգնած է ճակատային դիրքով, գլուխը փոքր-ինչ թեք, գլխի շուրջը՝ լուսապսակ: Այդ միանման կերպարները չունեն անհատական գծեր: Տարբերությունը զուտ արտաքին հատկանիշների մեջ է:
Կազմեց Գայանե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում