Սերժ Ավետիքյանն արվեստասերներին կներկայացնի «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը Երևանում կներկայացնի «Վերադարձ Սոլոզ» վավերագրական կինոնկարը: Ֆրանսալեզու Ֆիլմի նախադիտումը տեղի կունենա հունվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվում է Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի հայերեն հրատարակությանը նվիրված միջոցառումների շրջանակում, որն իրականացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը:
«Սերժ Ավետիքյանի և գրող, լրագրող Վալերի Մանտոյի Հայաստան այցով սկսում ենք ՀՀ-ում մեր դեսպանության մշակութային միջոցառումները: Ֆիլմը հայ հանդիսատեսին ներկայացվում է ավելի շուտ, քան ֆրանսիացիներին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը:
Դեսպանատան մշակութային համագործակցության հարցերով խորհրդատու Գիյոմ Նարժոլեն էլ տեղեկացրեց, որ Ավետիքյանի ֆիլմը ծնվել է հեղինակի՝ Սոլոզ գյուղ չորրորդ այցից հետո: «Սոլոզը Սերժ Ավետիքյանի նախնիների գյուղն է: Այն գտնվում է Թուրքիայում: Ֆիլմն ինքնության, հիշողությունների մասին է: Սերժն ապահովում է Հայաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կապը: Ավետիքյանի նախնիները ծնվել են Օսմանյան կայսրությունում, ծնողները՝ Ֆրանսիայում, իսկ Ավետիքյանը՝ Հայաստանում»,-ասաց Նարժոլեն ու հավելեց՝ ֆիլմն իրականում շատ հուզիչ է:
«Այս կինոնկարը նվիրված է իմ մտերիմ ընկերոջը՝ գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային, որը բանտում է: Մենք պայքարում ենք, որ նա դուրս գա բանտից: Նա հիանալի մարդ է, հայասեր է, քրդասեր: Այս կինոնկարում ներկայացվում է ժամանակակից Թուրքիան»,-նշեց Ավետիքյանը:
Նա ընդգծեց, որ ֆիլմի առաջին կադրերն արվել են 1987 թվականին, երբ առաջին անգամ մեկնել է Թուրքիա: Վերջին նկարահանումները եղել են 2020-ի դեկտեմբերին:
Խոսելով թուրքերի մասին՝ Սերժ Ավետիքյանը շեշտեց, որ չի կարող մի ամբողջ ժողովրդի համեմատել երկրի կառավարության հետ: «Կառավարողները շատ լավ գիտեն, թե ես ինչ եմ մտածում նրանց մասին: Այդ է փաստում այն, որ Թուրքիա եմ գնում առանց թույլտվության: Մենք պետությունների հետ գործ չունենք, ընդդիմանում ենք իշխանություններին՝ նշելով, որ նրանք շատ մեծ սխալներ են գործում: Կան երկրներ, որոնցում չկա ժողովրդավարություն: Դա է վկայում նաև այն, որ Օսման Քամալան ոչինչ չի արել, բայց բանտում է, իսկ ժողովրդի հանդեպ վարվել այնպես, ինչպես ես վարվում եմ Էրդողանի հետ, անընդունելի է, որովհետև ժողովուրդը մնում է ժողովուրդ ու չգիտի, թե որտեղ է ճշմարտությունը: Նա գիտի, որ իրենց խաբում են, բայց չգիտի, թե որտեղ է ճշմարտությունը: Իմ գործը նրանց ճշմարտությունն ասելն է»,-եզրափակեց Սերժ Ավետիքյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում