Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Նմանատիպ
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքն, իր հարցազրույցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշել էր, որ առանց չափազանցնելու հոգեւոր առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն: Նա հիշեցրել էր, որ ժամանակին հոգեւոր առաջնորդներին հաջողվել է բանակցությունների ընթացքում ձեոք բերել շատ հստակ արդյունքներ` գերիների փոխանակման, կրոնական խորհրդանշանների, կրոնական արտահայտությունների, կրոնական մոտիվացման չկիրառելու հարցում պատերազմող կողմերին ոգեշնչելու առումով: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Մայր աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
– Սրբազան հայր, տեսնո՞ւմ եք այս փուլում Ռուսաստանի եկեղեցու միջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Գերազույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ Փաշազադեի մասնակցությամբ հանդիպման հնարավորություն եւ արդյոք պատրա՞ստ է դրան Հայ Առաքելական եկեղեցին:
– Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումները կրել են պարբերական բնույթ, եւ դատելով այդ քննարկումներում արձանագրված արդյունքներից, որոնց մի մասն արդեն իսկ մատնանշված են Ձեր հարցադրման մեջ, դրանք չեն կարող օգտակար չհամարվել:
Եռակողմ հանդիպման ներկա հնարավորությունների մասին ձեռնպահ կմնամ գնահատական տալուց: Կարող եմ արձանագրել միայն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրաստ է ցանկացած, այդ թվում եւ հոգեւոր առաջնորդների եռակողմ, հանդիպման ձեւաչափի քննարկման` ի նպաստ պատերազմի հետեւանքների մեղմման եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման:
– Ն.Ս.0.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առիթով լայն քննարկման առարկա դարձավ: Շատերը Վեհափառ Հայրապետի խոսքում գտան իրենց ու սրտնեղեցին` համարելով այն ընդդիմադիր կեցվածք: Կարելի է ասել, որ իրականում Վեհափառ Հայրապետի խոսքում հանրային դատապարտում կար ամենքիս ուղղված:
– Չափազանց բնական եմ համարում, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության պատգամը ստեղծել է լայն քննարկումների հնարավորություն: Պատգամում Նորին Սրբությունը Քրիստոսի Սուրբ Ծննդյան լույսի ներքո անդրադարձել է մեր իրականությանը, հասարակական-քաղաքական ներկա զարգացումներին եւ այդ համատեքստում տեղ գտած արատավոր մի շարք երեւույթների, որոնք ուղղակիորեն մշուշում են մեր ապագան: Առավել առարկայական լինելու համար վկայակոչենք Նորին Սրբության պատգամից մի հատված. «…մեր կյանքը եւս զերծ չեղավ կործանարար սխալներից եւ մեղանչումներից։ Անկայուն խաղաղության եւ պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսեւորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին եւ օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր եւ շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ եւ ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ»։
Հետեւաբար Հայրապետական պատգամում արտահայտված գնահատականներից ոչ թե պետք է սրտնեղել եւ այն պիտակավորել անհարկի ու անհիմն որակումներով, այլ ուղղակի հարկ է հետեւություններ անել` զղջալ, հատուցել մեղքերի դիմաց եւ խմբագրել կենսակերպը:
– Մամուլում ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդորից հետո լարվել են իշխանություն-եկեղեցի հարաբերությունները, եւ այն ավելի ընդգծվեց՝ Սուրբ Ծննդյան պատարագին նրանց չմասնակցելով: Իրականում կա՞ն հարաբերություններ` լինեն դրանք լարված, թե` առհասարակ:
– Եկեղեցու կողմից վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի շարժառիթները պետք է փնտրել բացառաբար մեր ժողովրդի ազգային, հոգեւոր անվտանգության ապահովման մտահոգությունների շրջանակներում եւ ոչ երբեք իշխանությունների նկատմամբ լարվածության համատեքստում: Եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից դրսեւորած էմոցիաների վերլուծությունից ու գնահատականներից ես, իհարկե, զերծ կմնամ: Այդ հարցին պետք է պատասխանեն իրենք:
– Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ «մենք Եկեղեցու մուտքը որեւէ մեկի առջեւ չենք փակում, քանի դեռ նա Եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ»: Հետաքրքիր է` օրինակ, պետական ղավաճանությունը կարո՞ղ է հիմք լինել Եկեղեցու համար, որ որեւէ պաշտոնյա երբեւէ դուրս դրվի Եկեղեցուց:
– «Պետական դավաճանություն» ձեւակերպումը կրում է խիստ աշխարհիկ-իրավական բնույթ: Այսուհանդերձ, չի բացառվում, որ նմանօրինակ ցանկացած ձեւակերպման ներքո ընդգրկված հատկանիշները նույնականանան եկեղեցական-կանոնական իրավունքի նորմերով` Եկեղեցուց դուրս դրվելու համար վկայակոչված հիմքերին:
– 2019-ի հունվարի 29-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` ՀՀ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով: Այս աշխատանքային խումբը առաջին եւ վերջին անգամ նույն թվականի մայիսի 3-ին նիստ արեց: Այն կարելի՞ է համարել դե ֆակտո կազմալուծված: Ի՞նչ եղավ ԿԳՄՍ նոր նախարարի օրոք նախարարության եւ Եկեղեցու միջեւ ստեղծված աշխատանքային խումբը` Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հարցով:
– Աշխատանքային խումբը, ըստ էության, չի գործում: Եկեղեցու եւ պետության միջեւ կարգավորման ենթակա հարցերը քննարկվում են ընթացիկ աշխատանքային ռեժիմով: Նույն աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծված կրթական հարցերի ենթախմբում նկատվում են որոշ միտումներ կառուցողական քննարկումներ իրականացնելու համար:
– Պատերազմը ցույց տվեց, որ հոգեւորականները չխուսանավեցին զենք կրելուց, մինչեւ վերջ զինվորի կողքին կանգնած մնալուց եւ նաեւ կյանքը հանուն Հայրենիքի զոհելուց: Եկեղեցին ի՞նչ մասշտաբների կորուստներ ունեցավ այս ընթացքում եւ հետաքրքիր է` արդյոք կա թվյային պատկեր:
– Եկեղեցին պատերազմին մասնակցել է ե՛ւ առաջնագծում, ե՛ւ թիկունքում: Պատերազմի ընթացքում զոհվել են երկու սարկավագներ եւ մինչ օրս անհայտ կորած է համարվում Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Մարդկային անգնահատելի կյանքերի եւ հայրենազրկումի ցավին գումարվեց նաեւ այն, որ բազմաթիվ սրբավայրեր հայտնվեցին թշնամու վերահսկողության տակ` ենթակա պղծման ու ավերման վտանգներին: Այս պահի դրությամբ բավական բարդ է առարկայորեն գնահատել կորուստների ամբողջական ծավալը:
– Ջավախքը, կարծես թե, կրկին մնացել է առանց Առաջնորդական Փոխանորդի: Այս տարի որեւէ լուծում հնարավո՞ր է այս բավական կնճռոտ հարցի վերաբերյալ:
– Վերը նշված հասկանալի պատճառներով, ինչպես ողջ հայության կյանքում, այնպես եւ Եկեղեցում որոշակիորեն խաթարված է բնականոն կյանքը եւ մի շարք կարեւոր խնդիրներ, այդ թվում եւ Ջավախքի Առաջնորդական փոխանորդի նշանակման հարցը առկախված է: Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին կծանուցվի պատշաճ կարգով:
– Եթե Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը տարեսկզբին խոսում էր այն մասին, որ թվայնացումը մարդկանց ստրկացում է, ինչը լրջագույն մարտահրավեր է, մեր տարածաշրջանում ստրկացման վտանգները բոլորովին էլ վիրտուալ տիրույթում չեն: Տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է եւ թիրախում հենց քրիստոնյաներն են: Նոր մարտահրավերների առաջ ի՞նչ ելքեր եք տեսնում:
– Նախ, կարծում եմ` ճիշտ չէ թիրախի սահմանման հարցում կրոնական պատկանելության մատնանշումը, քանի որ հակամարտության ծավալման ողջ ընթացքում տարբեր մակարդակներով արձանագրվել է, որ այն կրոնական բնույթ չունի: Այլ հարց է, որ աշխարհաքաղաքական տարբեր գործոններով պայմանավորված, տարածաշրջանում ընթացող գործընթացները զգալիորեն մեծացրել են մեր ժողովրդի գոյության եւ ինքնության առջեւ ծառացած սպառնալիքները: Ինչ վերաբերում է ելքերին, ապա արդյունավետ դիմակայության համար պետք է որդեգրել այնպիսի գաղափարախոսություն, որը զերծ կլինի պարտվողականությունից, կորուստների հետ հարմարվողականությունից եւ փոխարենը հիմնված կլինի մեր ինքնության, հոգեւոր-ազգային արժեքների գերակայությունների ճանաչման վրա` ապահովելով լայն համախմբում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Շատ կարեւոր է հասկանալ, որ համախմբումը պետք է կայանա արժեքների եւ առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների եւ կրքերի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Աղբյուր՝ Ter-hambardzum.net