Ձյունե թագավորություն՝ 37-րդ անգամ

Ձյունե թագավորություն՝ 37-րդ անգամ

Չինական Հարբին քաղաքի ներսում սառցե քաղաք է վեր խոյացել

Շատերի մոտ ձմեռն ասոցացվում է ձյան կույտերի, սառույցի, ցրտի, Նոր տարվա, մանդարանի ու տոնածառի հետ: Kulturologia.ru-ի փոխանցմամբ, ձմեռային իրական հեքիաթի մասին կարելի է լիակատար պատկերացում կազմել՝ այցելելով Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Հարբին քաղաք:

Այստեղ ավանդաբար ամեն տարի անցկացվում է սառցե քանդակների փառատոն, մասնակիցներն էլ ուղղակի ապշեցնում են բացառիկ երեւակայությամբ ստեղծված իրենց սառցե ու ձյունե քանդակներով:

Harbin International Ice and Snow Sculpture Festival-ը աշխարհի խոշորագույն փառատոներից է, որն ունենում է ավելի քան 10000 մասնակից:

Առաջին անգամ փառատոնն անցկացվել է 1963թ., այնուհետեւ ընդհատումներով շարունակվել տարբեր տարիների: Փառատոնը սկզբում հասանելի էր միայն չինացիներին, սակայն 1999 թ.-ից փառատոնի հեղինակությունը սկսեց աճել՝ ներգրավելով միջազգային մասնակիցների: Harbin International Ice and Snow Sculpture Festival-ի շնորհիվ Հարբին քաղաքը նոր կյանք է ստացել՝ վերածվելով ձմեռային զբոսաշրջային կենտրոնի:

China Highlights-ի տվյալներով, փառատոնի շնորհիվ ամեն տարի Հարբին է այցելում 15 մլն զբոսաշրջիկ, իսկ ձյունե հեքիաթը կյանքի կոչելու համար օգտագործվում է շուրջ 220000 քմ սառույց եւ ձյուն, ամենաբարձր քանդակն էլ 16 հարկանի շենքի բարձրության է լինում:

Kulturologia.ru-ի փոխանցմամբ, շատերը հատուկ ժամանում են Հարբին՝ այստեղ ամուսնանալու կամ մեղրամիսն անցկացնելու ռոմանտիկ միջավայրում:

Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ 2021թ. Harbin International Ice and Snow Sculpture Festival-ը անցկացվում է 37-րդ անգամ:

Այն մեկնարկել է հունվարի 5-ից եւ կտեւի մինչեւ փետրվարի 27-ը: Այդ ընթացքում քաղաքի ներսում ծնվում է մի նոր ձյունաճերմակ քաղաք՝ իր հրաշալի դղյակներով ու քանդակներով:

Արտ- նախագծերը տեղակայված են 4 հիմնական գոտիներում՝ «Ձյունի եւ սառույցի աշխարհ», «Շաոլին այգի», «Արեւային կղզի» եւ «Կենտրոնական փողոց»: Բոլոր քանդակները լուսավորվում են մայրամուտից հետո, ինչը խորհրդավորություն է հաղորդում ձյունե թագավորությանը:

 

Պատրաստեց

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ փառատոնի կայքից:

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում