Մկրտիչ Սարգսյան․ Դու ճերմակել ես , որ ես կանաչեմ
25/01/2021 20:00
Նմանատիպ
Մորս՝ Շուշանին
Դու ճերմակել ես , որ ես կանաչեմ,
Դու ցամաքել ես, որ ես կարկաչեմ…
Այրվել ես, մարել, լույսդ տվել ինձ,
Դու ավերվել ես, ուժդ տվել ինձ…
Եվ երբ օրոցքիս մահն է դարանել՝
Քո հզոր սերն է կյանքս վահանել:
Այդ դու՛ ես վանել մահին ու չարին,
Լույսի պես վառվել իմ ճանապարհին…
Գիշեր ու ցերեկ մնացել անքուն,
Որ հանգիստ, հաստատ քայլեմ ես կյանքում…
Այրվելով, մայրի՜կ, լույս ես տվել ինձ,
Եվ ավերվելով՝ ուժ ես տվել ինձ…
Դու ճերմակել ես, որ ես կանաչեմ,
Ա՝խ, ցամաքել ես, որ ես կարկաչեմ…