Աճպարարություն, հրաշագործություն, հավատ դեպի երազանքը. Վուդի Ալենի «Ճախրող լամպը»՝ Համազգայինի բեմում

Աճպարարություն, հրաշագործություն, հավատ դեպի երազանքը. Վուդի Ալենի «Ճախրող լամպը»՝ Համազգայինի բեմում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի նշանավոր ռեժիսոր, դերասան, սցենարիստ և գրող Վուդի Ալենի 85-ամյակի առթիվ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմ կբարձրանա հեղինակի «Ճախրող լամպը» պիեսի համանուն ներկայացումը: Բեմադրության առաջնախաղերը նախատեսված են փետրվարի 6, 7, 14, 27-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց՝ «Ճախրող լամպը» յուրահատուկ ստեղծագործություն է՝ ինքնակենսագրական տարրերով:

«Սա պատմություն է երկչոտ երեխայի մասին, որը երազում է աճպարար դառնալ: Իր երազանքին հասնելու նպատակով նա սենյակում փակված աճպարարական հնարքներ է փորձում, իսկ ընտանիքում ծանր վիճակ է, քանի որ հերոսի՝ Փոլի հայրը ցանկանում է լքել նրանց: Ծնողներն ասես ուզում են կտրել Փոլին իր երազանքից. նրանք թևերը կտրած թռչունների են նման, բայց հերոսը կառչում է իր երազանքից ու չի հրաժարվում դրանից»,-ներկայացման բովանդակությունը հակիրճ ներկայացրեց Գրիգորյանն ու հավելեց, որ սա կամքի դրսևորման մասին պատմություն է: Սյուժեի դրական կողմերից մեկն այն է, որ հերոսի շնորհիվ նրա մայրը վերագտնում է իր ուժերը, հասկանում, որ կին է, որ կարող է սիրված լինել:

Նարինե Գրիգորյանի խոսքով՝ ներկայացումը և՛ տխուր է, և՛ ուրախ, հարուստ է աճպարարարական տեսարաններով ու հրաշքներով:

Հերոսներն ասես կորցրել են կյանքի նկատմամբ հավատը, կորցրել են իրենց ուժը: Ըստ Գրիգորյանի՝ այդ առումով ներկայացումն արդիական է։ «Մենք ասես մի ծայրահեղությունից մյուսն ընկնող ազգ լինենք, բայց այդպես չի կարելի: Անհրաժեշտ է չսպանել երազանքը, չկորցնել հավատը սեփական ուժերի հանդեպ»,-շեշտեց Նարինեն:

Ներկայացման բեմադրիչը Մերի Մարգարյանն է, որը Ռուբեն Բաբայանի ռեժիսորական կուրսից է: Սա նրա դիպլոմային աշխատանքն է, իսկ բեմանկարիչը Անուշ Բաղդասարյանն է: Նա նույնպես ԵԹԿՊԻ ուսանող է եղել: Գրիգորյանը խոստովանեց, որ բեմադրություններ անելիս նախընտրում է մինիմալիստական ձևավորումը, իսկ «Ճախրող լամպը» լեցուն է բազմազան դեկորացիաներով, ինչը Գրիգորյանին շատ դուր է գալիս:

Բեմադրության մեջ զբաղված են Համազգային թատրոնի դերասաններ Նարինե Գրիգորյանը, Մխիթար Ավետիսյանը, Վարշամ Գևորգյանը և Նարեկ Բաղդասարյանը: Ներկայացումը դեբյուտային է երիտասարդ դերասաններ Հարություն Սարգսյանի և Միլենա Ղազարյանի համար:

«Փորձի փոխանակումը յուրաքանչյուր դերասանի համար կարևոր է: Ես նույնպես դասավանդել եմ Մերիին և որպես դերասանուհի ընդգրկված եմ այս բեմադրության մեջ: Նրանք մեզ իրենց երիտասարդական մոտեցումն ու ուժն են փոխանցում, մենք էլ մեր փորձառությամբ ենք օգնում: Երիտասարդների հետ աշխատանքը մեզ համար էլ է ուսուցողական և հաճելի: Նարեկ Բաղդասարյանը, որը մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Փոլին, ասես երկու սերունդներին կապող օղակ լինի»,-ընդգծեց Նարինեն:

Համազգայինի գեղարվեստական ղեկավարի համոզմամբ՝ թատրոնին անհրաժեշտ է աշխատել սկսնակների հետ, քանի որ մշտապես պետք է հետևել, հասկանալ, թե երիտասարդներն ինչպես են ընկալում թատրոնը, զգում այն: «Երիտասարդ ստեղծագործողների համար նման համագործակցությունները դրսևորվելու, ցուցադրվելու և թատրոն ներգրավելու հրաշալի հնարավորություն են: Համազգայինը նման նախաձեռնություններով հաճախ է հանդես գալու: Հետագայում պատրաստվում եմ Օ’ Հենրի բեմադրել ու ներգրավելու եմ երիտասարդների: Ինչպես Ռուբեն Բաբայանը ժամանակին մեր սերնդին ներկայանալու հնարավորություն տվեց, այնպես էլ մենք ենք տաղանդավոր երեխաներին դրսևորվելու հնարավորություն ընձեռելու և մեր փորձառությամբ օգնելու»,-հավաստիացրեց Նարինեն:

Համազգայինում առաջիկայում վերականգնելու են խաղացանկի մի շարք ներկայացումներ: «Երկրում ծանր վիճակ է, և ամեն մեկս մեր օղակում պետք է զինվոր լինենք, մեր սահմանում ամուր կանգնած լինենք»,-եզրափակեց Նարինե Գրիգորյանը:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում