Սրտում՝ խաչ, ձեռքին՝ զենք

Սրտում՝ խաչ, ձեռքին՝ զենք

Մինչ մեզ պատուհասած պատերազմը շատերս կարծում էինք, որ խաղաղությունը կարող է լինել բոլոր հարցերի լուծումը: Այդպիսով դառնում էինք խաղաղության քարոզիչներ՝ դառնալով պատերազմին խաղաղությամբ պատասխանողներ: Սակայն պատերազմը պատճառ դարձավ մի շարք վերարժևորումների, ինչպես նաև այս մեկի՝ խաղաղության ընկալման:

Ինչպե՞ս կարող ենք պատրաստ չլինել պատերազմի և խաղաղոթյուն քարոզել՝ ի պատասխան պատերազմի սպառնալիքների: Լեռան քարոզի ինը երանիներում նշվում է և խաղաղարարների մասին. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5։9): Սակայն այս խաղաղարարները ոչ թե զենքի դեմ խաղաղության սպիտակ դրոշով դուրս եկողներն են, այլ խաղաղության պատգամը իրենց սրտում կրողները։ Եվ այստեղ խոսքը բնավ պատերազմին խաղաղությամբ պատասխանելը չէ, թվացյալ խաղաղության թմբիրի մեջ հայտնվելը չէ:

Քրիստոնեությունը, անշուշտ, խաղաղության պատգամի կրողն է: Սակայն այն միաժամանակ խեղճության կրոն չէ: Եվ քրիստոնեությանը դեմ չէ զենք վերցնելն ու Հայրենիքի պաշտպանության գործին նվիրվելը: Դրա օրինակներն են եկեղեցու այն սպասավորները, ովքեր պատերազմի առաջին օրվանից զենք վերցրին և կռվեցին՝ հանուն խաղաղության:

Հայ մարտիկներն իրենց սրտում կրում էին Քրիստոսի խաչը, սակայն պատերազմի կիզակետում հայտնվելով՝ նրանք ձեռքն էին վերցրել նաև զենքը և մարտնչում էին Հայրենիքի փրկության համար:

Ուստի՝ սխալ է տեսակետը, թե «քրիստոնյա եմ և այդ պատճառով զենք չեմ վերցնի»: Այո՛, մենք աղոթում ենք խաղաղության համար, սակայն պետք է պատրաստ լինենք նաև պատերազմի, քանի որ չարը ոչ մի դեպքում չպիտի հաղթի:

Աղոթք խաղաղության
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում