Կառավարությունը բալետի պարող Րաֆֆի Գալստյանին ազատեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունը բալետի պարող Րաֆֆի Գալստյանին ազատեց պարտադիր զինծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատեց բալետի պարող Րաֆֆի Տիգրանի Գալստյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2000 թվականին ծնված Րաֆֆի Գալստյանը սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ» մասնագիտություն բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։

2014 թվականին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված Նավասարդյան խաղեր մրցույթին «Դասական պար» անվանակարգում և արժանացել 2-րդ մրցանակի։ 2016 թվականին մասնակցել է «Interna-tional Competition and Festival of Children and Art» մրցույթին՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ 2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Global Art» միջազգային մրցույթին «Դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ 2017-2018 թթ. մասնակցել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի կողմից կազմակերպված մրցույթին՝զբաղեցնելով 1-ին տեղը։

2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Մոսկվայում անցկացված «Global Art» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին «դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով 1-ին տեղը:

2018 թվականին Բորիս Էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, անցել է մեկշաբաթյա փորձաշրջան ու հրավիրվել աշխատանքի։ 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «Tallin International Ballet Competition» մրցույթին՝ զբաղեցնելով 3-րդ տեղը և հրավեր ստացել մասնակցելու «YAGP- 2018 New York» եզրափակչին։

2014 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բազայում։ 2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն՝ որպես բալետի արտիստ։ Թատրոնում մարմնավորել է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետում Արմենի, «Սպարտակ» բալետում՝ Սպարտակի, «Դիմակահանդես» բալետում՝ Կոմս Բալի, Ա. Ադանի «Ժիզել» բալետում՝ Ալբերտի, Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետում՝ Էսպադա և Բազիլ, Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետում՝ Արքայազնի դերերում: Րաֆֆի Գալստյանը հանդես է եկել նաև Ֆ. Շոպենի «Շոպենիանա» և Է. Համբարձումյանի «Երազ» բալետային ներկայացումներում:

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1498-Ա որոշման համաձայն Րաֆֆի Գալստյանին տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:

Րաֆֆի Գալստյանի համար միջնորդություններ են ներկայացրել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման նախագահ Գագիկ Մխիթարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, «Բալետ 2021» հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հասմիկ Մարկոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բալետմայստեր, առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում