«Այնտեղ զինվոր էի, այստեղ արդեն նկարիչ եմ»
Նմանատիպ
Արվեստը ամենաբարձր ու ամենամաքուր արժեքներից է աշխարհում։ Արվեստագետները խաղաղասեր են։ Բայց երբ հարցը վերաբերում է հայրենիքը, մարդկանց խաղաղ կյանքը պաշտպանելուն, նրանք կանգնած են առաջնագծում՝ որպես զինվոր։
Նկարիչների միության անդամ եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սեւադա Սարգսյանը նաեւ պահեստազորային ենթասպա է։ Պատերազմի ժամանակ առաջիններից էր, որ շտապել է մարտական գործողությունների առաջնագիծ։ «Զորակոչվելուց հետո երրորդ գիշերը՝ երկու օր տեւած վերապատրաստումներից հետո, մեկնեցինք Արցախ։ Կուզենայի ճանապարհը նկարագրել. Գորիսից այն կողմ մեր մեքենաները, իհարկե, շատ արագ էին սլանում, այնտեղ արդեն միայն զինվորական մեքենաներ էին, իսկ մեզ դիմավորում էին միայն ու միայն շտապօգնության մեքենաները ու փաստորեն մենք գնում էինք այնտեղ, որտեղից միայն շտապօգնությունով էին հետ գալիս։ Հետ գալու ճանապարհն էլ շատ դրամատիկ էր. փախստականների շարասյունն էր։ Այսինքն՝ ե՛ւ գնալու, ե՛ւ վերադառնալու ճանապարհները պակաս դաժան չէին, քան մնացածը»,-ասում է նա:
Նույնիսկ ամենածանր պայմաններում նկարիչը հասցրել է զբաղվել կերպարվեստով. «Նկարելու ժամանակ ոչ թե ես էի գտնում, այլ ժամանակն էր կարծես ինձ գտնում, որովհետեւ ամեն րոպե կարող էր ռմբակոծություն սկսվել։ Իհարկե, այդ էսքիզները, նկարները՝ յուրաքանչյուրը մի քանի վայրկյան են տեւել, եւ մեծ մասը գիշերով եմ նկարել, նույնիսկ լույս չեմ վառել, պարզապես թղթի ֆորմատը, անկյունները զգացել եմ, մտովի պատկերացրել եմ կենտրոնը, աջ կողմը, վերեւը, ներքեւը, որովհետեւ մի լույս վառելը կարող էր կյանք արժենալ։ Անընդհատ իմ աչքի առաջ մտապահում էի տեսարաններ, հետո երբեմն ուզում էի վերհիշել, նկատում էի, որ մոռանում եմ, ու անընդհատ թարմ պատկերներ, թարմ գաղափարներ էին գալիս, դրա համար որոշեցի մի քանիսը, որոնք առանցքային կարող էին լինել հետագա կոմպոզիցիաների համար, հենց տեղում, էսպես ասած, խզբզել»:
Գունանկարները կոնտրաստային են ու միաժամանակ ռեալիստական։ Ըստ նրա՝ այդ ամենը գալիս է տեղի անմիջական տպավորությունից եւ իրավիճակից։ Մարտի դաշտում էլ իրավիճակը շատ կոնտրաստային էր:
Սեւադա Սարգսյանը պատմում է. «Կարող էինք երկու օր պայմանական հանգիստ լինել, այսինքն՝ չլինեին պատերազմական գործողություններ, եւ մենք աշխատեինք մեր դիրքերը ամրապնդելու, խրամատներով զբաղվելու վրա, ու նաեւ լինում էին ժամեր եւ օրեր, որ մենք նույնիսկ խրամատից դուրս գալ չէինք կարողանում՝ բոլոր հետեւանքներով։ Այսինքն՝ կոնտրաստ նաեւ էնտեղ կար։
Այնտեղ ես ինձ զգում էի ավելի շատ ոչ թե նկարիչ, այլ զինվոր։ Իմ վրձինը փոխարինել էի զենքով։ Բոլոր դեպքերում ես այնտեղ գործում էի այնպես, ինչպես կվարվեր զինվորը։ Այնտեղ կային նաեւ իրավաբաններ, բժիշկներ, տարբեր մասնագիտությունների եւ տարբեր տարիքի մարդիկ, ու բոլորս էլ պահեստազորային էինք»:
Ամփոփելով՝ Սարգսյանը նշում է, որ այժմ համացանցում ներկայացված գործերը դառնալու են կտավներ, որոնք հետագայում անպայման կցուցադրվեն։
«Իմ վրձինը փոխել էի զենքով։ Այստեղ ես վրձնով էի պայքարում որոշակի խնդիրների համար. օրինակ՝ իմ բնապահպանական նախաձեռնությունը։ Ընդհանրապես արվեստագետի գործառույթը ժամանակի հայելային անդրադարձումն է, ու էնտեղ իմ վրձինը ինքնաձիգն էր, որը պակաս նկարչություն, կարելի է ասել, չի արել։ Իմ պարտքն եմ համարում եւ պարտավորված եմ զգում առաջին հերթին ե՛ւ իմ զինակից ընկերների, ե՛ւ հայրենիքի առջեւ ունենալ այս գործերի ցուցադրությունը, որովհետեւ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր առաքելությունը։ Կերպարվեստն այն արտահայտչական լեզուն է, որ ցանկացած լեզվով խոսողի կարող ենք դրա միջոցով մեր խնդիրները փոխանցել։
Այնտեղ զինվոր էի, այստեղ արդեն նկարիչ եմ ու պարտավոր եմ կերպարվեստի լեզվով իմ պարտականությունները կատարել եւ ցուցադրել հանրությանը»:
Աստղիկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում