Ներսես Աթաբեկյան․ Չարքապատում
Նմանատիպ
Ես էլ հյուր եղա սատանային:
Կարմիր պաստառներ: Սև բուխարի:
Ու լուսինն ինչպես ծուռ հմայիլ՝
երկնքի անվերջ ամենածայրին:
Ու լռություն էր խոսքը բերում,
ու խուսափում էր աչքը աչքից,
ու տաքանում էր մեր ափերում
կոնյակի թասը մատնաչափիկ:
Ճանապարհին էր բառը միակ:-
Մի ամբողջ կյանք եմ քեզ սպասել:-
Վերուվարել են երկնքի փեշով
արևը ոսկի, արեգակը սև:
Վերուվարել են մեջընդմիջելով,-
պայմանագրի գաղտնի հավելված,-
Կյանքի շարունակ նախավերջերով,
արվարձաններով սիրո: – Ավերա՜կ:
Ձիթապտուղ է, հոտոտելով տես:
Մի հատ էլ, դեմ չե՞ս: Լիմոնի շերտի՜կ:
Կեսգիշերային հյուր եմ պարզապես-
տասնոցի կետը՝ նշանաթղթին:
Պոչ ու սմբակը ներսից է աճում:-
Զգո՜ւյշ հայելու միջանցքից անծայր:-
Ճամփին է բառը:- Բայց դո՜ւ ես կանչում
մահապարտյալի ժամադրության-
Բա՛ռ ես լինելու հմայախոսող՝
փոխակերպումի կախարդածեսին:
Կնիքն՝ արյունո՜վ: Ամսաթիվն՝ այսօ՜ր…
Եվ ես ասացի. ՙԼսում եմ, սի՜ր՚: