Կարծում եմ՝ էլի կգան ժամանակներ ու նույն կերպ կտոնենք. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Կարծում եմ՝ էլի կգան ժամանակներ ու նույն կերպ կտոնենք. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Tert.am: Ուզում եմ շնորհավորել Բանակի օրվա կապակցությամբ թեկուզ այս դժվար, հոգեբանորեն ընկճված իրավիճակում, այնուամենայնիվ բանակի տոնն է, և Բանակի օրը մինչև սեպտեմբերի 27-ը բոլոր տարիներին էլ մեծ շուքով է տոնվել, կարծում եմ՝ կգան ժամանակներ, որ մենք նորից նույն կերպ կտոնենք մեր բանակի օրը: Այս մասին Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ Բանակի օրը նորից տոնելու համար պետք է պարզենք, թե որոնք են պատճառները այս պարտության, իսկ պատճառները շատ են: «Այսօր ես չէի ուզի դրան անդրադառնալ, այսօր գտնվում ենք Եռաբլուրում և մեր խոնարհումն ենք հղում մեր բոլոր այն հայորդիներին, որոնք իրենց կյանքն են տվել՝ սկսած 1-ին ազատամարտից, մինչև վերջինը: Նրանց հերոսությունների շնորհիվ է, որ մեր ազգը իր արժանապատվությունը պահպանում է: Մենք ճիշտ հետևություններ պետք է անենք, միայն ճիշտ հետևությունների արդյունքում կարող ենք ամեն ինչ անել, որ առաջին հերթին բանակը վերականգնվի և բանակի շուրջը համախմբվենք բոլորս: Բանակն ամենաշուտը, ամենաարագը կարող է վերականգնվել, քանի որ ամենակազմակերպված և ամենակարգապահ կառույցն է, և այն Սահմանադրությամբ մեր անվտանգության երաշխավորն է և իր առաքելությունը պետք է շարունակի»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս ամենը բանակի ողջ անձնակազմը պետք է պատվով գիտակցի և այսուհետ ևս կազմակերպված ձևով կատարի իր առաքելությունը: «Մեզ միշտ մեր պատմության ընթացքում խփել են, բայց մենք գոտեպնդվել և առաջ ենք գնացել, պետք է առաջ գնալ»,- շեշտեց նա:

Հարցին՝ պետությո՞ւնը պարտվեց այս անգամ, թե՞ բանակը, նա արձագանքեց. «Պարտվել է պետությունը, որովհետև պայքար մղում են ժողովուրդները, պետությունը չկարողացավ համախմբել ժողովրդին, համախմբել բանակի շուրջը, բանակի թիկունքը ամրապնդել, ճիշտ որոշումներ ընդունել և՛ քաղաքական, և՛ ռազմական հարթություններում, որ մենք կարողանանք հաջողությունների հասնենք: Մենք կարող էինք հաղթել, կարող էինք ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում, բայց դրա գնահատականը ժամանակը կտա, և գնահատականը կտան ստեղծվող տարբեր քննիչ հանձնաժողովները»:

Անդրադառնալով Շուշիի անկմանը և դավաճանության մասին խոսակցություններին, ինչպես նաև իր մասնակցությամբ Շուշին հանձնելու վերաբերյալ խոսակցություններին, Օհանյանը նշեց, որ ինքը 4 տարի է՝ որևիցե պետական պաշտոն չունի, 4 տարի է՝ զինվորական թոշակառու է: «Խելացի բոլոր անձիք, ովքեր գոնե փոքր-ինչ կրթություն ունեն, գիտեն՝ այն մարդիկ, որ ո՛չ պետական, ո՛չ ռազմական պաշտոնի են, չեն կարող որևիցե որոշում ընդունել: Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական և փորձել եմ տեղում ոչ թե բանակին, այլ տեղի աշխարհազորին կազմակերպվելու գործում աջակցություն ցուցաբերել: Շուշիի մարտական գործողությունները, ինչպես նաև մնացած բոլոր մարտական գործողություններն ամբողջ պատերազմի ընթացքում ղեկավարել է բանակի ղեկավար կազմը: Նրանք կարող են ճիշտ պատասխան տալ, թե ինչումն է Շուշիի առեղծվածը, բայց այն, որ բարձր մակարդակով տարբեր հայտարարություններ են անում, որ բանակցությունների հենց սկզբում Շուշին կար, Շուշին դժգույն քաղաք էր, հայկական չէր և այլն, այդ ամեն ինչը նաև բերում է կասկածամտության, թե Շուշիի անկումն ինչպես եղավ, իսկ այդ հարցերին պետք է պատասխանեն իրենք, և պատասխանեն այն բոլոր օրգանները, հատկապես իրավապահ, որոնք կքննեն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում