Սեյրան Օհանյանն այցելել է սահմանային գոտի

Հաայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 23-ից 24-ը այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի:Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, Սեյրան Օհանյանը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը:

Նախարարն այցելել է նորակառույց պաշտպանական շինություններ, ծանոթացել զորամասերի շինարարական ու կառուցապատման աշխատանքներին: Սեյրան Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ, տվել է հանձնարարականներ և ճշգրտել դրանց իրականացման ժամանակացույցը: Նա նաև առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպաների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել’ կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները: Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են նաև զորանոցների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում