Թե քաղաքային իշխանությունները, և թե կառավարությունը հոգեբանորեն արդեն տեղի են տվել
Նմանատիպ
Մայրաքաղաքում ուղեվարձի 50 տոկոս թանկացման դեմ սկսված քաղաքացիական հզոր արշավն ուղղակի անկյուն է գցել իշխանություններին և նրանց դրել պատային վիճակի մեջ, գրում է «Հայկական Ժամանակը»։ «Ներկայումս լրջորեն է քննարկվում ուղեվարձը նախկին մակարդակի իջեցնելու հարցը։ Քաղաքացիական ճնշումը այս հարցում այնքան մեծ է, որ թե քաղաքային իշխանությունները, և թե կառավարությունը հոգեբանորեն արդեն տեղի են տվել և ուղղակի առիթի են սպասում ուղեվարձը իջեցնելու համար։ Սակայն մեր ունեցած տեղեկություններով, դրան խանգարող միայն մի հանգամանք կա։ Ինչպես հայտնի է՝ Հայաստան ներկրվող գազի գինը ռուսական կողմը 180 դոլարից բարձրացրեց 270 դոլարի (1000 խմ-ը)։
Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է գազի գնի 30 տոկոսը և ստացվեց, որ սահմանի վրա ներկրվող գազի գինը սուբսիդավորման արդյունքում պետք է դառնա 189 դոլար և ոչ թե 270։ Իսկ սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը, տարեկան մոտ 150 միլիոն դոլար, պարզվեց, որ կառավարությունը ակնկալում է տանալ նույն Ռուսաստանից։ Սուբսիդավորման համար որևէ այլ աղբյուր կառավարությունը դեռ չի նշել, և այդպիսի աղբյուր չկա։ Թե ինչ նախնական պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ նշված գումարի հարցով, անհայտ է։ Անհայտ է նաև, թե հանուն ինչի պետք է Ռուսաստանը ՀՀ կառավարությանը հենց այնպես, որպես նվիրատվություն տարեկան 150 միլիոն դոլար տա, որպեսզի կառավարությունը սուբսիդավորի նույն Ռուսաստանի կողմից թանկացված գազի գնի մի մասը»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում