Հովհաննես Գրիգորյան․ Նեռ
Նմանատիպ
Այո, թերևս Ստրավինսկի, որևէ հատված,
ասենք, «Ագոն» բալետի երաժշտությունից, թեև
ոմանք, համոզված եմ, աղմուկ են բարձրացնելու
և պահանջելու են բոլորովին ուրիշ ստեղծագործություն,
բոլորովին ուրիշ հեղինակից: Ինչևէ: Լեփ-լեցուն
դահլիճ, ուր սովորական ծառեր են աճում, և շրջում են
աշնանային հղի զամբիկներ, որոնք մերթընդմերթ
ծառս են լինում և խրխնջում` անհայտ կենդանու
ներկայությունից սահմռկած: Այլևս ոչ մի արտառոց
երևույթ: Ընդամենը մի փոքրիկ միջադեպ, այն էլ
շատ արագ հարթվեց` հսկիչն արգելում էր
դահլիճ մտնել թաղման թափորներից մեկը,
նկատելով, որ հանգուցյալն առանց փողկապի է
և առանց պիջակի, ինչի անհրաժեշտությունը
զգուշացված էր նախօրոք: Եվ ամենուրեք աշխույժ
ու կենսախինդ մուրացկաններ` վխտում էին
պատերին, առաստաղին, կսմթում էին դեսպանների
թմբլիկ հետույքները, բարձրացնում էին փեշերը
նախարարների տիկնանց, խլվլում էին հանգուցյալների
ու երաժիշտների մազերի մեջ, թևերի տակ, և ահա,
հանգուցյալները շուռումուռ են գալիս անընդհատ,
երաժիշտերը եռանդով քորվում են` գործիք ու
երաժշտություն մոռացած… Հատուկենտ
ծափահարություններով ընդունվում է հանգուցյալների
բեմ բարձրանալու առաջարկը: Սակայն լռությունը
շարունակվում է, հետզհետե դառնալով ավելի
լարված ու տագնապալի… Եվ ոչ ոք չնկատեց,
թե ինչպես փոքրիկ ու սևազգեստ մարդուկը, մատների մեջ փայտիկը խաղացնելով, հայտնվեց բեմի վրա, և երբ
լուսարձակները միանգամից հայտնաբերեցին նրան,
թվաց, թե նա վեր բարձրացավ գետնի տակից, և կամ`
միգուցե ավելի խորքից.
Այն ի՞նչն է, այն ինչը, – հարցրեց դիրիժորը, մատների մեջ
փայտիկը խաղացնելով և խորամանկ ժպտալով,-
Այն ի՞նչն է, այն ինչը` սկսվում է, բայց չի կրկնվում,
ավարտվում է, բայց չի վերջանում…
Կյանքը, – միաբերան թնդաց քառաձայն երգչախումբը
հանգուցյալների:
Մահը, – ներդաշնակ հնչեց պատասխանը նվագախմբի…
Այլևս ոչ մի արտառոց երևույթ: Միայն մի փոքրիկ
միջադեպ` սևազգեստ ու փոքրիկ մարդուկն անհետացավ
դահլիճում խռնված բազմության մեջ, և բեմի վրա միայն
նրա խորամանկ ժպիտը մնաց և փայտիկը, որը խաղում էր
հանգուցյալներից մեկի մատների մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում