«Մշակութային հուշարձաններն ավերվել են, Ավետարանոցում հայկական գերեզմանատունը վերածվել է ավտոկայանատեղիի»

«Մշակութային հուշարձաններն ավերվել են, Ավետարանոցում հայկական գերեզմանատունը վերածվել է ավտոկայանատեղիի»

Գյումրիի Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի հիմնադիր Արթուր Գեւորգյանը Ադրբեջանին պատժելու եւ փոխհատուցում պահանջելու գործընթաց է նախաձեռնում

Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ անցած տարածքներում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ ըստ էության կրկնելով այն քաղաքականությունը, որը որդեգրել է Թուրքիան:

Գյումրիի Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի հիմնադիր եւ տնօրեն, Գյումրիի մշակութային էքսպերիմենտալ կենտրոն կրթամշակութային վերլուծությունների եւ զարգացման հ/կ-ի ղեկավար Արթուր Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ 2014թ.-ից զբաղվում են խորհրդային մշակութային ժառանգության, արձանների, կոթողների պահպանների խնդրով: Նա հիշեցնում է, որ արդեն երկու միջազգային գիտաժողովներ են անցկացրել այդ թեմայով՝ շեշտադրելով պատերազմի ժամանակ մշակույթի ավերման, արձանամարտության պատճառները:

«Մենք, ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հարցին մոտենում ենք որպես քաղաքակիրթ մարդիկ, որոնք որեւէ երկրի կամ ժամանակաշրջանի մշակութային ներկայության դեմ չեն»,-ասում է մեր զրուցակիցը ու փաստում, թե ինչպես իր խոսքով, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ արձանները քաղաքականության մեջ ներքաշվեցին, ու թշնամին իր առաջ խնդիր դրեց ամեն գյուղ մտնելուց հետո դրոշակ դնել, ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը եւ մշակութային ներկայությունը՝ գերեզմանաքարեր, արձաններ, հուշակոթողներ: Նրա ձեւակերպմամբ, բացատրության ենթակա չէ նաեւ այն, որ ադրբեջանցիները կրակում էին Հայրենական պատերազմի հուշարձանների վրա, ջարդում ու պայթեցնում դրանք, այն դեպքում, երբ 1945թ. պատերազմի ժամանակվա հուշարձանները դուրս են հայ-ադրբեջանական հակամարտության տիրույթից. «Փաստորեն, այդ մարդիկ իրենց ներկայությունը եւ ինքնիշխանությունը հաստատելու հիվանդագին կոմպլեքս ունեն: Ամբողջ աշխարհում տարածքներ գրավելու ժամանակ նվաճող երկիրը մշակութային արժեքները, կոթողները վերցրել տարել է իր երկիր՝ որպես հարստություն եւ ավար: Ադրբեջանի պարագայում, սակայն, գործ ունենք վանդալիզմի հետ: Մեկ էլ Երրորդ ռեյխի ժամանակահատվածում են նման ցցուն կերպով արձանները ոչնչացվել, տեղը դրվել ուրիշ արձաններ՝ իբրեւ Երրորդ ռեյխի ծավալապաշտության, ամբիցիաների ու գաղափարախոսության մարմնացում: Ադոլֆ Հիտլեր անունով մարդը ոչնչացնում էր ուրիշների մշակութային արժեքները, տեղը դնում էր մկանուտ արձաններ, որոնք խորհրդանշում էին իրենց հաղթանակն ու գաղափարախոսությունը: Նրանք ոչնչացրին հազարավոր արձաններ, որոնք համամարդկային արժեք ունեին եւ նույն գերմանացի ժողովրդի համար կարեւոր էին որպես պատմական մեկ փուլի վկայություն»:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների արձանատյացությանն ու արձանամարտությանը, Գյումրիի Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի հիմնադիր եւ տնօրենը հիշեցնում է՝ Իլհամ Ալիեւի՝ Շուշի այցելության ժամանակ ստեղծվեց այն պատրանքը, որ ինքը պատերազմում էր, որպեսզի արձանները հաներ եւ ուրիշ արձանների բացումներ աներ Շուշիում. «Արձանները ջարդում էին, այդպես հասան նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին, ապա միջանկյալ հատվածում Արցախի տարածքը ախտահանելու թեմայով հայտնի նամականիշը առաջ եկավ, հետո՝ Ալիեւը գնաց ու ծավալներով շատ մեծ երեք կիսանդրի տարավ իր հետ, բացում արեց ու վերադարձավ Բաքու: Հիմա դա ինչո՞վ է տարբերվում Ֆաշիստական Գերմանիայի կամ Երրորդ ռեյխի գործելաոճից: Ընդ որում, նոյեմբերի կեսերին էլ Ադրբեջանը հայտարարել էր, որ մի քանի վանդալներ արձաններ են ջարդել եւ ենթարկվել են քրեական պատասխանատվության: Քանի որ համացանցը ճշմարտություններ քաղելու եւ վերլուծություններ անելու դաշտ է, ու համացանց էին նետվում շատ մեծ քանակությամբ արձաններ ջարդելու տեսարաններ, երեք հոգու դատելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց արգելել նման նյութերի ներթափանցումը համացանց, քանի որ շատ լավ գիտակցում են, որ մի օր պատասխանատվության են ենթարկվելու: Նրանք փորձեցին կանխել նման կադրերի ներթափանցումը համացանց»:

Արթուր Գեւորգյանը նշեց, որ վերջերս Ավետարանոց գյուղի գերեզմանը հարթեցրել են եւ ավտոկայանատեղի են սարքել ծանր տեխնիկայի համար. «Այսինքն՝ հարգանք հայկական ինքնության, հայկական ներկայության, հայկական մշակույթի հանդեպ այս պետությունն ու իր ղեկավարը չունեն…… Ես չգիտեմ, թե մարդկային քաղաքակրթությունը սրան ինչ որակում կտա»:

Արթուր Գեւորգյանն ընդգծեց, որ իրենց թանգարանը, հ/կ-ն, համախոհ ընկերներն ու կազմակերպությունները պատրաստվում են հարցերը բարձրացնել հնարավոր բոլոր հարթակներում, համապատասխան հնչեղություն ապահովել եւ շուտով մեդիա արշավ են սկսելու հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Նրա խոսքով, հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացման հարցերը դիտարկվելու են՝ սկսած 1905 թվականից, դրա մեջ մտնում են Նախիջեւանի, Բաքվի հայկական եկեղեցիները, Ջուղայի խաչքարերը, որոնք ավերվեցին 2006-ին:

«Դրանք մշակութային արժեքներ էին, որ ունեին հստակ գին եւ մեր կոպիտ հաշվարկներով դա տատանվում է 4-5 մլրդ դոլարի սահմաններում: Մասնագիտական հաշվարկից, նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո դիմելու ենք համապատասխան մարմիններին, կառույցներին, դատական ատյաններին: Մեր իրավաբանական խմբերը եւ գործընկերներն արդեն քայլեր են ձեռնարկել, որպեսզի Ադրբեջան անունով պետությունը ընդունի իր ջարդարարությունը, պատժվի դրա համար, հասկանա, որ պետք է միջոցներ տրամադրի այդ ամբողջը փոխհատուցելու համար: Այս պատերազմում ունեցել ենք մարդկային զոհեր, տարածքների կորուստներ, նաեւ մեր մշակութային արժեքներն են բարբարոսաբար ավերվել, եղած բազմաթիվ փաստերը բնութագրում են մեր դեմ կռվող պետությանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Արթուր Գեւորգյանը կարծում է, որ այս ամենի պարագայում այդ երկրի հետ հնարավոր չէ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, իսկ խնդիրների լուծումը պետք է ստանալ միջազգային ատյանների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով: Նա հույս հայտնեց, որ գարնանը կունենան նաեւ մշակութային օմբուդսմենի ինստիտուտի նախաձեռնություն, որը կփորձի հետեւողականորեն տանել այս պրոցեսներն ավելի արդյունավետ եւ հիմնավոր ընթացքներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում