Պարույր Սևակ․ Լուսին

Պարույր Սևակ․ Լուսին

Ե
Դո՛ւ,
Բո՛ւ,
Բիբերիս թառած,
Ինչո՞ւ ես այսքան խեղճ այսօր,
Չարությունդ ինչո՞ւ է մարած,
Ինչո՞ւ ես անզոր,
Ինչո՞ւ ես լռել,
Ինչո՞ւ ես լուռ թառել
Բիբերիս…
Բո՛ւ,
Դո՛ւ
Իմ գերի…

Դո՛ւ,
Բո՛ւ,
Ի՞նչ ես տեսել իմ բիբերում,
Թարթիչներս քեզ ցավ չե՞ն բերում,
Աչքերում իմ սարսափ կա՞,
Հոնքերն իմ թևաթա՞փ են…
Բայց դո՛ւ-
Սարսափի արքա,
Մարմին դու սարսափե,
Սարսափի արքա,
Սարսափի մարմին,
Սարսափի ահից լռե՞լ ես,
Թռե՞լ ես,
Երբ փչել է սարսափի քամին…
Ինչո՞ւ…
Էլ ինչո՞ւ
Քո զարհուր ձայնը չի հնչում,
Ինչո՞ւ…

Տերըդ պարտված հայացք ունի՞,
Հա՞…
Դրա համա՞ր են թույլ ոտքերդ.
Հա՞…
Ի՛մ
Հավատարի՛մ
Բո՛ւ,
Դո՛ւ,
Իմ բիբերի՛
Գերի՛…

Իսկ դո՞ւ…
Դո՛ւ,
Կըկո՛ւ,
Կըկու իմ հիմար,
Գունատ ես դո՛ւ,
Ինչո՞ւ,
Ինչի՞ համար…
Շրթներդ կարծես ճաշակել են
Դառնություն ու մահ.
Ինչո՞ւ…
Հիմա՛,
Երբ չկա պայքար, որ կռնչա բուն,
Հիմա՛ր,
Գոնե կըվվա դո՛ւ…
Բայց լո՛ւռ ես,
Լուռ ես և դու…
Ինչո՞ւ,
Էլ ինչո՞ւ
Կըվվոցդ չի հնչում…

Տերդ պարտվե՞լ է,
Հաղթանակ չկա՞, որ շեփորես…
Հանդարտվե՞լ է,
Հանդարտվե՞լ է, թե կորել,
Թե անդարձ կորել
Կըվվոցը քո…
Մի լիրբ հայացքով
Լուսի՛նը,
Անառակը երկնային
Հաղթեց մեզ՝
Ե՛վ ինձ,
Ե՛վ բուին,
Ե՛վ քեզ…
Հաղթե՞ց մեզ անառակը,
Թե՞… ընդհակառակը…
Էլի չե՞ս կըվվում,
Լռում ե՞ս դու –
Կըկու…
Այոոո՜…
Լռել են՝ թառած իմ բիբերին,
Համակված սարսափով, ահով
Ե՛վ կըկուն,
Ե՛վ բուն՝
Իմ հանդեպ գերի…
Լռե՞լ են…
Թող լռե՛ն,
Թող լռած մնան, ընկեր իմ…
Կըձայնեմ այժմ ես,
Ես,- որ լռություն եմ բերել
Կըկուի՛ն,
Բուի՛ն,
Ինչ խոսք, ոչ իմ պարտությամբ…
Ես հպարտությամբ
Կըգոչե՛մ,
Որ չե՛մ,
Որ չե՛մ,
Որ չեմ պարտվել ես,
Որ հաղթանակն ինձ է պատկանում…
Ի՞նչ անենք, որ այնքան երկար
Փախուստի մատնելով լուսնին,
Հանկարծ իմ ազդու աչքը
Սարսափով պոկեց լուսնից
Իր հայացքը,
Հույսեր կործանող,
Ոճիրներ ցանող
Իմ հայացքը…
Բայց ինչո՞ւ…
Այդ է հետաքրքիր:

Նշանակո՞ւմ էր այդ, թե զիջում,
Թե համաձայն եմ, որ լիրբը գրկի
Իմ պարանոցը,
Թե հանձնվում եմ ես նրա կրքին,
Թե մտնել եմ ուզում ես նրա ծոցը…
Ո՛չ,
Ո՛չ,
Ո՛չ…
Խո՛ցը,
Իմ սրտում բացված խո՜ցը
Ստիպեց, ընկեր իմ, ինձ
Պոկել հայացքս լուսնից…

Ընկե՛ր իմ,
Այո՛,
Ա՛յդ միայն,
Ա՛յդ.
Քո մեռնող հայացքի
Սարսափն ակնհայտ…

Ընկե՛ր իմ,
Եղբայր իմ դու,
Երբ վերքից քո արյունն է հորդում,
Երբ մեռնում ես, որ չլինես գերի,
Երբ պաշտպանում ես դու մեր հողը,
Երբ տանում ես դու մեր խոլ ոխը
Ընդդեմ գողի,
Ընդդեմ ոսոխի,
Ընդդեմ թշնամու,
Երբ դու հառաչ չես հանում,
Երբ դու վտանգը վանում,
Երբ դու մեռնում ես հանուն
Մեր հողի,-
Մի՞թե կարծում ես,
Ես, որ դեռ այստեղ՝ հեռու ֆրոնտից,
Ես, որ դեռ այստեղ երգեր եմ գրում,
Մի՞թե կարծում ես,
Որ ես օրերով խմում եմ օղի,
Որ ես հարբում եմ,
Որ մխրճվում եմ լպիրշ կրքերում
Ու անձնատուր եմ մնում կրքերին…
Ընկե՛ր իմ,
Ների՛ր…
Ո՛չ,
Ավելի ճիշտ ներում եմ ես քեզ,
Անմիտ ընկեր իմ,
Եթե մի վայրկյան
Եղել ես նման մտքերի
Գերի…
Իհարկե՛,
Վայել չէ մեզ,-
Հնոցում,
Բոցում կոփվածներիս,
Դառնալ մի ինչ-որ պոռնիկի գերի,
Գերի
Կրքերի…
Եվ այն էլ ե՞րբ…
Երբ երկրագունդն է սարսում
Որոտից թնդանոթների,
Երբ ահեղ մի ահասարսուռ,
Երբ հսկա մի վտանգ,
Իր թաթի մատներո՛վ
Կախվել է մեր տան,
Ընտանիքների,
Մեր երկրի վրա՝
Որպես սոսկալի մի կատաստրոֆ…

Լավ եմ հասկանում
Ե՛ս – պոետս, այդ,
Ե՛ս, որ զավակն եմ փոթորիկների,
Աշխարհասասան այն մրրիկների,
Որոնց ծննդյան երկունքից այն խոր
Աշխարհով ամբողջ
Անցավ մի աղմուկ,
Իրարանցում խոլ,
Եվ խոր
Մի ժխոր…
Ե՛ս – եղբայրը ձեր,
Ընկերը կրտսեր,
Որ դեռ չի տեսել բեմը ռազմի,
Ոչ հրետանու ձայնի հետ մրցել
Իր երգի ձայնով…
Բայց քանի նա դեռ չի մտել
Սահանքը պատերազմի,
Քանի դեռ ձեռքին չունի հրացան,
Չի նշանակում, թե պետք է բազմի
Կրծքերի վրա՝ ջերմ ու հրացան,
Թե հայացքների կայծով հրացայտ
Նա պետք է կրքի հրդեհներ կազմի…
Ո՛չ,
Երբե՛ք
Երբե՛ք…
-Ամեն ինչ այսօր հանուն ռազմի…
Լավ է հասկանում այսօր, քան երբեք.
-«Ամեն ինչ այսօր ռազմաճակատին»-
Ե՛վ սիրտ, և տանջանք,
Ե՛վ սեր, և՛ տենչանք,
Բազուկներ հսկա,
Երազներ ոսկյա,
Գիտություն ու միտք,
Հղացման գաղտնիք,-
Ամեն ինչ այսօր ռազմաճակատին…
Սննդի կաթիլ,
Ոսկի, ակաթի,
Պղինձ ու դրամ
Գրամ առ գրամ,
Կաթիլ առ կաթիլ՝
ռազմաճակատին…
Մետաղի կտոր,
Մեքենա, մոտոր,
Կապար ու արճիճ,
Մորթիներ արջի,
Զգացում, կարոտ,
Թնդանոթ, վառոդ,
Քլունգ ու բրիչ,
Պոետ ու գրիչ,
Հանճարներ հսկա,
Շնորհ աղքատիկ.-
Նորից ու նորից ռազմաճակատին…
Հասկանում եմ այդ, ընկե՛ր,
Նկատի՛ր…
Ապա, ընկե՛ր իմ,
Չմնա գաղտնիք,
Որ ես պոետ չեմ մի եթերածին,
Հոգով կանացի…
Անշուշտ բնածին
Խոհեր ունեմ ես շեկ, կայծակնածին,
Ունեմ փոթորիկ՝
Անսանձ ու մոլի,
Երկինքներ ունեմ խո՜ր, անծայրածիր,-
Բայց նախ մարդ եմ ես
Ու մարդ եմ նորից…
Ես մարդ եմ ծնվել իմ մաքուր մորից,
Մարդ եմ ժառանգել իմ գեղջուկ հորից:
…Ո՛չ, ես չեմ պոետ՝ մի եթերածին,
Երկարաթերթ վարդ,
Որի սիրածին,
Իրենից բացի,
Եթե ճանաչի
Մի այլ ոք, այլ մարդ,
Նա՝ պոետը այդ՝ մի եթերածին
Երկարաթերթ վարդ,
Կդառնա հանկարծ
Երկարաթերթ վարդ…

…Իմ պարանոցը ես շուռ եմ տվել
Այդ պոետական վարակից անդարձ,
Պոետ եմ ծնվել միայն քեզ համար,
Ռազմի ընկե՛ր…
Իմ մեջ վեհերոտ աստվածը հատուկ
Սերմեր չի տնկել,
Ոչ էլ հոգուս մեջ անանձնապատկան
Աստղեր են ընկել,
Որ ես տարբերվեմ խստիվ
քեզանից…
…Ինչ որ է, ընկե՛ր,
Թեկուզ ունենամ և անձնապատկան
Ու հատուկ տընկեր՝
Հոգուս պատվաստված,
Թեկուզ ունենամ երկրային պատգամ
Եվ մինչև անգամ
Թեկուզ և հոգիս ներշնչած լիներ
Հենց ինքը Աստված,-
Այդ վերջին հաշվով անտեղի վեճ է,
Իսկ մենք չենք սիրում անտեղի վեճեր,-
Կարևորն այն է,-
Պոետը լինի
Կուզի Շեքսպիր կամ կուզի Հայնե,
Կուզի Գյոթե
թե կուզի Վերհարն-
Կարևորն այն է. պոետը լինի ոգելից գինի
(Բայց ոչ, իհարկե, հենց կարմիր գինի,
Որ խմես, մեկ էլ… ու նայես՝ պրծավ…)
Կարևորն այն է. պոետը լինի
Ոգելից գինի,
Ու կարողանա ոգևորության զորությամբ բեկել
Անգամ ծիածան կամարը երկնի…
Ոգևորության քուրայի բոցով
Թրծել իմանա
Սառնության հսկա աղյուսը ամուր…
Ոգևորության անմարմին քամուն
Հանձնել իմանա բյուր հոգիների
Թևերն առանձին,
Որ խանդավառված նրանց խելառ ձին
Որպես խոլ սամում
Վերև խոյանա,
Աստղերը խանձի,
Խանդավառության բոցը
Ե՛վ կիզուն,
Ե՛վ խոլ,
Ե՛վ անահ…

Եթե պոետ չեմ, նման ասպետին,
Այն, որ անզրահ, անթուր է, անձի,
Եթե կարող է իմ երգի բոցը հոգիներ խանձել
ապա կըխանձի
Ձեր հոգիները, ընկերներ իմ բյուր,
Եղբայրներ հազար,
Քո հոգին, իմ սեգ, իմ քաջասիրտ քույր,
Որ մի կողմ թողած և՛ սեր, և՛ համբույր,-
Ինչ որ հատուկ է ջահել տարիքիդ,-
Այսօ՛ր ամեհի ռազմադաշտում
Քո վեհանձնական պարտքի կարիքից
Մարտական վաշտում
Պայքար ես մղում մարտիկների հետ…
Քե՛զ, հերոսական հերոս ընկեր իմ,
Քե՛զ, որ չգիտես ճամփան փախուստի,
Քե՛զ, որ շատ անգամ ընկած ծնկներիդ,
Կամ բների մեջ ընկած թաքուստի,
Հորդոր ես կարդում բյուր ընկերներիդ.
-Չըլինել գերի…
Քե՛զ, ծերունի հայր,
Քե՛զ, որ տրտունջը,
Հակառակ սրտիդ ծանր վերքերին,
Երբեք մոտ չեկավ,-
Ու մեռար երեկ թշնամու սրով
Ոչ իբրև գերի,
Այլ իբրև հերոս…

Ձե՛զ, բազմամիլիոն, բազմաբյուր սրտեր,
Ձե՛զ, որ ճաշակած թույնը կարիքի,
Ձե՛զ, որ վառեցիք մի հսկա հրդեհ
Ընդդեմ կարիքի,
Ընդդեմ բռնության,
Հարստահարման,
Ու վայելեցիք ձեր աշխատանքի
Անհուն բարիքից,
Ու ձեր արյունը նվեր բերեցիք
Այս կարմիր գարնան
Ծաղիկներին բյուր,
Որ վաղը ծաղկեն ձեր արյան հյութից
Ե՛վ այնքան դյութիչ,
Ե՛վ այնքան անբույր…
Ձեր փառքը կերգեմ,
Կերգեմ գործը ձեր,
Կերգեմ ձեր վերքը,
Կռվի փորձը ձեր,
Ձեր հերոսության գովքը կերգեմ ես,
Ձեր արիության գործերը պես-պես…
Կերգեմ կյանքը ձեր,
Ձեր մահը ապա,
Ձեր մահը խիզախ և հերոսաբար…
Կերգեմ ձեր փառքը իմ բյուր եղբայրներ
Միլիո՜ն, ավելի…
Ընկերներ իմ, ձեզ,
Ձեզ, որ, օ՜, երբեք, երբեք չեք գերվել,
Ձեզ, որ ընկել եք անահ, անսարսում,
Ձեզ, որ չեք տեսել ո՛չ վախ, ո՛չ սարսում,
Ձեզ, որ ընկել եք, որ միշտ բորբոքվի
Մեր Ազատության կրակը դարե՜ր,
Որպես հաղթական մեծ Հոկտեմբերից բռնկված արև…
Որ հար ծածանվի դրոշը կարմիր
Մեր երկրի վրա և երկրագնդի,
Որ ողջ աշխարհում դառնա անմարմին
Բռնության սալը՝ գնդիկ առ գնդիկ,
Ծավալվի ջերմին հրո հնոցում,
Անդարձ մոխրանա նրա բույլ բոցում…
…Փա՛ռք, հազար փա՛ռք քեզ, իմ անվախ ընկեր,
Քե՛զ, որ անթաղ ես մնացել դաշտում,
Քե՛զ, որ դառնագույն վշտով ես ընկել,
Որ էլ չես լինի մարտական վաշտում,
Քե՛զ, որ ճզմել է թրթուրը տանկի,
Քե՛զ, որ ռումբը հեռու է նետել,
Քե՛զ, որ ընկել ես առանց տանջանքի,
Քե՛զ, որ դավադիր ոսոխն է գետնել,
Քե՛զ, որ այրվել ես օդում թռչելիս,
Քե՛զ, որ սեփական կյանքից ավելի
Սիրել ես կրքով եզերքը քո լուրթ,-
Քե՛զ փա՛ռք ու պատիվ, Քե՛զ՝ անմահ Խորհուրդ…

Զ
Վաղը կբացվի գարունը,
Լուսի՛ն,
Անառա՛կ,
Վաղը կբացվի գարունը…
Վաղը կհոտի զինվորի արյունը,
Նրա, որ հրացանն ուսին,
Աչքը քեզ հառած
Ընկավ անհառաչ,-
Կհոտի նրա արյունը,
Մարմինը նրա՝
Մարդու…

Անհոգություն եմ կարդում
Աչքերում քո անառակի…
Անառա՛կ,
Նայում ես մարդուն
Որպես ավանակի,
Որի պետքն ես զգացել այսօր…

…Իսկ նա, նա, որի դեմ մնացիր անզոր,
Երբ կամեցար, որ նա քեզ հետ պառկի,
Լավ կանի այսօր նա աչքը փակի…
Լավ կանի այսօր հեռուն չնայի
Ու չըտեսնի այն, ինչ որ աչքերից արյուն է քամում,
Կուրծքը չըպարզի այն անսանձ քամուն,
Որ բերում է սև համբույրը մահի…
Լավ կանի այսօր թաղի իր սիրտը,
Որ չըզգա ոչինչ՝
Ո՛չ մահ, ո՛չ տանջանք, ո՛չ ցավ, ո՛չ ոճիր…

Նա՛,
Լուսին,
Հիմա,
Առանց տեսնելու դառնություն ու մահ,
Առանց տեսնելու ճաշակել է նա
Դառնություն
ու թույն,
ու կորուստ,
ու մահ…
Նրա սրտից, ա՛րդ, արյուն է կաթում…
…Ռազմի ճակատից հեռու՝
Ռազմի ճակատում
Նա նկատում,
Տեսնում է իր աչքով,
Կարծես հրաշքով,
Հնձված մարդկային արտը…
Օ՜, մի լսեք դուք նրա անհանգիստ,
Բաբախող սրտի զարկը…

…Նա՛, այդ պատանի Մարդը
Գիտի, որ վաղը կբացվի գարունը,
Երկիրը կծաղկի նորից,
Կհորդի զինվորի արյունը,
Մարմինը՝ ընկած զինվորի.
Զինվորի՜…

Նա գիտի, որ վաղը հենց,
Բացվող գարնանը,
Կճախրեն օդում՝ ճա՜յ,
ագռա՜վ,
ցի՜ն…
Կըլցվեն դաշտում՝ գա՜յլ,
Մա՛հ, ցա՜վ,
դի՜…
Դի – մսեղեն՝
Մարդու,
Կենդանու դի,
Դի – երկաթյա՝
Կտրտված թրթուր,
Հոշոտված մարմին տանկի…

Գիտի, որ դաշտում լճացած արյունը
Վաղը, երբ բացվի գարունը,
Հողը կըծըծի,-
Քո արյո՛ւնը
Մարտական ձի՛,
Քո արյունը՝ընկե՛ր,
Արյունը քո, քո՛ւյր,-
Ձեր արյունը պուրպուր…
Գիտի, որ կծլի հողից ծաղիկը,
Արյունով ներծծված հողից,
Կծլի ձնծաղիկը,
Մանուշակը գաղտագողի,
Շուշանը մաքուր,
Հասմիկը թովչաբույր,
Վերջապես կծլի վարդը…

Ի՞նչ իմանա շուշանը,
Որ այնտեղ թափել է մի քույր
Իր արյունը…
Ի՞նչ իմանա վարդը,
Որ արյունն իր վարդին է տվել
Մարդը…

…Օ՜, թող չըբացվի գարունը,
Ու չըծլեն ծաղիկները գարնան,
Չըստանան արևի համբույրը,
Չըծաղկեն ծաղիկները վառման,
Իզո՜ւր,
Չըծաղկեն թող զուր…
Այդ ծաղկումն իզուր է,
Երբ նրանք կբուրեն
Բույրը մահվան,
Բույրը արյան,
Նեխված մարմնի բույրը,
Երբ շուշանը թերթերը կըթրջի
Արյան լճակում,
Երբ վարդն իր թերթերի արանքում
Կունենա չորացած արյուն,
Հասմիկը մաքուր կունենա
Արյան շիթ…

…Օ՜, վաղը օդում ագռավը կշրջի,
Ցինը՝ երկնքում ծավի…
Անտառի փչակում կոռնա գայլը՝
Փորացավից,
Ու վառ արևի ոսկեգույն փայլը
Իբրև վառ արյուն կծորա վերից,
Իբրև մահվան թույն,
Շիթ առ շիթ
Բարակ,
Տափաստաններում,
Դաշտերում անծիր…
Դաշտերում անծիր
Կըփռի նա թույն,
Կըցանի վարակ,
Ժանտախտի բացիլ…

…Ու կանցնի գիշերով
Լուսինն այս անգամ
Վերից, նայելով վար,
Գունատ, ինչպես մահ
Եվ թալո՜ւկ այնքան,
Լուսինն այս անգամ
Կըփախչի փութով,
Ու զարհուրելով,
Ու զարհուրանքից
Աստղերին հրելով,
Քշելով աստղերի չուն,-
Լուսի՛նը, մահվան դեմ անօգ՝
Ինչպես մեղանչում,
Լուսի՛նը՝ երբեմնի անհոգ,
Հեշտանքներ սրտում,
Իսկ այսօր, այս անգամ
Ծանրացած ահով,
Տրտո՜ւմ,
Սգավո՜ր –
Ոչ իբրև պոռնիկ,
Այլ իբրև տրտո՜ւմ
Սգավո՜ր, աղվո՜ր մեղքերը քավող…

…Ու կերգի այդ պահին
Անտուն, անմարմին
Գիշերվա քամին
Այս մահվան ժամին,
Անթաղ դաշտերում ամա,
Երբ այդ դաշտերում
Մահ է,
Մահվան թույն,
Լռություն
Ու մահ…

Է
Լռությունը քե՛զ, բու,
Կըկու քե՛զ,
Այսօր մեզ պետք չէ լռություն…
Լռությամբ զուգիր, բո՛ւ, երեկըդ,
Կըկո՜ւ – երեկըդ,
Երբ իմ բիբերին տարածել էիր լռություն…
Այսօր ոչ մի լռություն…
Այդ հավասար է այսօր
Գործել ոճիր ահագին
Հայրենի հողի հանդեպ,
Պառավ մոր, փոքրիկ զավակի
Ու պատվի հանդեպ,
Հանդեպ հանուրի,-
Թեկուզ և, ընկե՛ր,
Այդ լռությունը մոտենա հոգուդ
Մեն ու միայնակ, ինչպես ամուրի…

Գիտցի՛ր, ամուրին
Հոգուդ արգանդում
Ցանել կարող է բազմացման սերմեր,
Որից հանուրին,
լայն ընդհանուրին
Այս անգամ ինքդ որպես մի ֆերմեր,
Քո հարստությամբ՝ անտես ու անգո,
Կարող ես ցրել թունալի սերմեր,
Որով վտանգը ավելի ահեղ
Կկախվի մեր տան, ընտանիքների,
Մեր երկրի վրա,
Իր վախճանաբեր սև հետևանքով…
Լռությունը մեզ հարազատ է շա՜տ
Եվ խորթ չէ բնավ.
Նա եղել է միշտ մեր հոգեբնակ
Սիրելի հյուրը…
Երբ ոսոխները եռացրել են կաթսայում ջուրը,
Իջեցրել են հետո մեզ այնտեղ,
Որ մեր բերանից երկու խոսք շորթեն,-
Իսկ դա մեր սրտին հավիտյան խորթ է,-
Մեզ հյուր է եկել մեր լռությունը,
Իր շունչը պահած,
Աննվաճ ու հաղթ, ոնց ինքը մահը…

Երբ մեր ճակատին փորել են սրով
Մեր հնգթևանի աստղանշանը,
Մենք լռությունը գրկել ենք սիրով,
Աղերս չենք նետել մեզ անագորույն հոշոտող շանը,
Երբ հաստամռութ բուրժուա պանը
Ի հաճույս մի գեր մրափող տիկնոջ
Մեր բերնից քաշած մեր զույգ ատամը
Մեխել է մեր լայն ճակատին… Օ՜, ո՛չ,
Մենք չենք ոռնացել տանջանք ու ցավից,
Քար լռություն ենք պահպանել նորից…
Ու գերմանացիք վայրագ ու մոլի,
Երբ թաղել են մեզ կենդանի՝ հողում,
Մենք իջել ենք այդ փոսի մեջ նորից
Անբառ ու անձայն,
Ինչպես քարարձան…
Այսօր էլ, երբ շուն ֆաշիստ սրիկան
Կախում է ծառից ռուս աղջկան
Ստինքներից զույգ,
Չի լսվում նրա նուրբ շրթունքներից
Թեկուզ մի բառ սուտ, էլ չասենք ստույգ…
Այդ լռությունը մեզնից անբաժան,
Հարազատ է մեզ, ավելի քան մի այլին աշխարհում
Այդ է, որ դարձնում է մեզ անսասան,
Ու կատարում է թշնամու առաջ
Մեր անբեկ կամքի ահեղ հաշվառում…
Դրանով ենք մենք համայն աշխարհում,
Անգամ թշնամու շրթներից շորթել-
Զարմացական ճիչ…

Բայց լռությունն այդ հո ամեն դեպքում
Չի՞ մատուցի մեզ ծառայությունն իր
Սովորած արջի…
Երբ թշնամին մեր գլխին տեղում է կապար ու արճիճ,
Երբ մենք մեր ձեռքին զենք բռնած ունենք,
Երբ մեր թշնամին ուզում է հանց օձ մեր ոտքին կառչի,
Եվ երբ ուժեղ ենք ու հզոր ենք մենք,-
Այդ դեպքում մի՞թե կարծում եք արժի
Լռել քարի պես…
Այդ հավասար է այն օրհասական զարկը վրիպել,
Որ ուղղված է գազանի սրտին…
Ո՛չ,
Պետք չէ այսօր մեզ լռությունը… կրկին ու կրկին…
Ո՛չ մի լռություն…
Թող թնդա այսօր
Լայն տափաստանը,
Դաշտը, անտառը,
Երկինքը թնդա
Թնդանոթների խռխռուն բասով,
Թող ճըչա անգամ
Դիտապաստ ընկած,
Մեռած անթաղը,
Գրոհի ելնի մարտական գունդը
Մարտական մարշով,
Նրանց հետ մեկտեղ անզուսպ հռնդա,
Մոլի վրընջա
Այդ մեռյալ ժամին
Անտուն, անմարմին
Հյուսիսի քամին…

Թող հենց այդ ժամին երկինք խոյանա «ուռռա՜ն»,
«Ուռռա՜»-ն մարտական գնդի,
Ու թնդանոթները ահեղ գռռան,
Փղձկտան կրակ, երկաթե գնդիկ,
Գնդացիրները գայլի պես ոռնան,
Կործանիչները մթին երկնքից ահեղ հռնդան,
Ռըմբաձիգը թշնամու շարքում
Երկնքից տեղա կապարյա կարկուտ.
-Հաղթական կռվի աղմուկը թնդա, աղմուկը թնդա՜…
Ու դու էլ ահա ելնես գրոհի,
Ընկեր ռազմիկ,
Դո՛ւ, որ ելել ես գոռ պատերազմի,
Որ ազատ մնա մեր հողը կրկին,
Արդարավաստակ հողը սրբազան,
Որ նրա գորով, մայրական կրծքին
Չըմոտենա էլ ո՛չ մի բորենի,
ո ՛չ մի մարդագայլ
և ո՛չ մի գազան…
Որ դու էլ ելնես նորից գրոհի,
Ընկեր ռազմի,
Դու, որ ելել ես այս պատերազմին,
Որ ջնջես երկրից
Այս խուժդուժ, մոլի, վայրի բանակը,
Որ մնա նորից, մեզ մնա հավետ
Մեր հաղթանակը,
Մեծ հաղթանակը…
Կասկածե՞լ ես դու գեթ վայրկյան միայն,
Թե ահեղագոռ այդ հաղթանակը
Տանել չի կարող Կարմիր բանակը,
Տանել չես կարող դո՛ւ, նա՛, երրո՛րդը…
Ո՛չ, չես կասկածել.
Ու չես կասկածում:
Երկմտումն այստեղ քո հոգուն խորթ է.
Դու միշտ անխորտակ հավատ ես տածել,
Դու չես կասկածել ու չես կասկածում,-
(Այդ մասին ունես անխախտ հասկացում).-
Որ հաղթանակը պատկանում է մե՛զ՝
Կարմիր բանակին՝ ի՛նձ, նրա՛ն ու քե՛զ…

Ապա մտածի՛ր.
Աշխարհն է անծայր ու անծայրածիր…
Աշխարհում անծիր
Ծնվել է որքան վայրի, նույնքան և
Անմիտ դանդաչանք.
-Արևը իր ուղուց հանելու,
Կյանքը արևից վանելու
Ու այն տանելու
Դեպի մահ…
Հիմա՛,
Դանդաչանքն այդ հիմար,
Շալակած մեքենա մի ռազմի,
Խորին հավատով անմար
Ելել է ահա մի պատերազմի
Ընդդեմ աշխարհի և երկրի մեր,
Որ ողջ աշխարհը՝ Նյու-Յորքից մինչև Հրազդան,
Լոնդոնից մինչև Հնդկաչին,
Դառնա, գիտե՞ք ինչ… մի ռասա…
Ավելի ճիշտ՝ դառնա կանացի մի կուրծք
Եվ նրան լըլկի ազնիվ ռասան,-
Այսինքն Հիտլեր, Մոսուլին մի սիր…

Լսի՛ր,
Հասկանում ե՞ս
Այդ վայելքը դևի,
Որ կուզեն հավիտյան տևի,
Թեկուզ և դաշտերում մսի
Դիաբուրգեր ցըցվեն,
Մոտենան արևի լույսին
Ու արևը նրանց մեջ ցանի
Որդեր, ճճուներ բազմոտանի…

Թեկուզ վառոդի ծխից,
Վաղը և գազից հեղձուցիչ
Կուրանան աստղերի բիբերը,
Լուսինը սփրթնի վախից,
Շնչահեղձ դառնա արևը՝
Գազից հեղձուցիչ,
Ու անցնի աշխարհով
Դղիրդ,
Աղմուկ,
Որոտ,
Հառաչ,
Լաց,
Դիվային քրքիջ.
Դառնա աշխարհը
Անձուկ,
Մաքուր օդի կարոտ,
Լսվի հա՜ց,
հա՜ց,
հա՜ց,
Մեռնող մանկան ճիչ…
Ապա երկնքից տեղա արճիճ.
ուրիշ ոչի՜նչ,
ոչի՜նչ…

Հասկանո՞ւմ ես…
Պարզած դրոշակ մի խավար,
Վրան՝ «ռասա».
Այդ բանակը ելել է ահա
Մի անհավասար
Ու դաժան մարտի,
Որ նախ ավարտի
Հաշիվը մեզ հետ,
Կարմիր երկրի հետ հաշիվը իր
Ու հետո… հետո ինքդ հաշվիր,
Որ հետո ծնկած աշխարհի հաշվին
Բաց անի շքեղ մի կաֆե
Եվ արնաշաղախ ամանով կավե
Ըմպի մարդկային արյան և ավշի
Խառնուրդը՝ միլիոն տոննա և ավել…
Ու հետո ցնկնի մի նոր աշխարհ՝
Սիրտը՝ Գերմանիան,
Իտալիան՝ թոքը.
Եվ որովհետև աշխարհն այդ անշուշտ
Պիտի կաղ լինի,
Ռուսիան կլինի այն ոտքը,
Որ պիտի ճըկվի ծանրության ներքո,-
Աշխարհի մյուս, մնացած մասը,
Կդառնա նրա երկրորդ ոտքը…
Այդ անգո երկրի գլուխը, գիտե՞ք,
Կըդառնա մեկը, մի կաղլիկ ըսպա,
Որ իր ոտքերին երկուստեք
Կարող է տանել դեպի սպանդ-
Դեպի կորուստ,
Դեպի մահ…
Նա, այդ գլուխը, կարող է անահ
Այդ աշխարհը քանդել,
Քանդել, ինչպես մանկական խաղալիքի,
Զսպանակները նրա պնդել
Կամ դեն գցել, առանց կարիքի:
Եթե անձրևառատ լինի տարին,
Նա կարող է և այրել այդ աշխարհը
Ու մոխրակույտում ցանել գարի,
Որ վաղը փարթամ ծլի արտը,
Եվ այդ արտի մեջ Նիցշեի Գերմարդը
Մարդկային գանգով խաղա ֆուտբոլ
Ու գլուխը բարբառի հանդարտ.
-Gut wohl,
-Gut wohl…

Հասկանում ես այդ, ընկեր իմ, ընկեր,
Դու հասկանում ես,
Որ այդ ցնորք է, որին սնուցող հսկա ստինքը
Հենց ցանկանում է
Աշխարհը խմել որպես քաղցր թեյ,
Որ հորդի կաթը իր ստինքների…
Իսկ եթե…
…Այդ նրան չի հետաքրքրում…
Բավական է ապագայի պատմագիրը իր ձեռագրում
Խոսի նրա մասին… թեթև…
Բայց ինչ որ է… նա աշխարհը հիմա
Շինել է սպանդ-
Նա, այն կաղլիկ ըսպան,
Ու այնտեղ – փռել կորուստ ու մահ…
Վասն որո գործարանները համայն աշխարհի,
Բազուկները բոլոր,
Պրոլետարները մերկ,
Այսօր-
Կռում են գնդացիր,
Թնդանոթ,
Զենք,
Արճիճ,
Կապար,
Մոտոր…

Այսօր աշխարհի ծխնելույզները
Փնչում են վառոդի հոտով…
Իսկ նստել է բուրժուա տերը
Ու հանգիստ խաղում է լոտո…
Ու հետո,
Մոռացած, որ աշխարհում ամբողջ
Կոտորած կա… թեթև,
Եվ որ մի նեղլիկ ճամփով
Ձգվում են աշխարհում հերթեր
հացի,
շաքարի,
լուցկու,
Մի բարեհամբավ տերտեր
Երգում է. «Փառքըդ շատ, Տե՜ր»,
Երգում է. «Հանուն հոր և որդույն
և սուրբ հոգու»…

Իսկ դրսում արևը թույն է թքում,
Թնդանոթն է թնդում,
Մոտորը հռնդում,
Որպես ամեհի կարոտ
Պայթում է ռումբը.
բո՛ւմ,
բո՛ւմ,
բո՛ւմ,
Մետաղն է զնգում,
Շառաչող արկը վընգվընգում
Որպես շան լակոտ,
Ու հրետանին դունչը երկինք է տնկում,
Հոտոտում է երկինքը իր քթածակով…
Իսկ դրսում ռուսական ձմեռն ամեհի
Մոլեգնում է ինչպես կատաղած հովազ…
Աչքերում կոխած մանրափաթիլ ձյուն,
Ձյունախառն ավազ,
Շրթերին սառող լորձնքոտ թուքը,
Ձեռքները կարկառած դեպի երկինք.
Կարծես խնդրելով ձյուն,
Էլի՛ ու էլի՛,
Մոլեգնում է ձմեռվա բուքը
Ահռելի…

………………………
………………………

…Աշխարհը հիմա եղեռն ու ոճիր,
ոճի՜ր և ուրիշ ոչինչ…
Եվ մոլությունը չի սեպվում ոճիր…
Հապա էլ ինչո՞ւ լռել, ընկեր իմ,
դո՛ւ էլ գործիր…
Տեղա թշնամու վրա սև արճիճ՝
Ոնց անապատում տեղացող ավազ՝
Քո ապականված պատվի դրդումով,
Քո խոլ վրեժի խոլ դղրդումով
Ընդդեմ թշնամու, որը, ի՛նքըդ տես,
Սողում է դեպի քո տունը մոտիկ,
Որ պառավ ու ծեր մայրիկիդ մորթի,
Փոքրիկ աղջկադ սվինի ծայրին
Որպես խորոված կրակում այրի,
Ու ամայացած սենյակի մթնում,
Կրքից աչքերը վառվող զույգ ջահեր՝
Թաթերը պարզի դեպի քո կինը-
սիրուն ու ջահել…
Տե՛ս, հետ չմնաս, ընկեր, գրոհից,
Մահվան աչքերին չնայես ահով…
Թե թշնամու դեմ ելար գրոհի,
Հավատա, ընկեր, որ դու դրանով
Եվ քո մահվան դեմ կելնես գրոհի…
Թե հաղթես նրան, կամ ընկնես անահ,
Այդ մահվան դեմ քո ելած գրոհին
Կտա հաղթանակ…
Եթե հաղթական հետ վերադառնաս,
Քո հայրենիքը, քո մայրը բարի
Անմոռաց փառքով քեզ կզարդարի,
Իսկ եթե գրոհում ընկնես,
Ես՝ բանաստեղծը քո,
Կերգեմ քո փառքը, կերգեմ քեզ,
Քանի շնչում եմ աստղերի ներքո,
Կերգեմ… դրանով անմահ կդառնա
հիշատակը քո,
Ու քեզ երգելով, նվազ առ նվազ
Ես էլ կդառնամ հարատև գոյ,
Ես՝ պոետս նվաստ…

Ը
…Ու մինչդեռ կբացվեր արշալույսը,
Ես վերջին անգամ նայեցի լուսնին…

Դժգույն ու դալուկ երկնային կույսը
Սև չադրան քաշած ուսին
Անցնում էր հանդարտ, համրընթաց.
Կարծես սգավոր էր նա,
Աչքերը արցունքով թաց,
Թարթիչները արցունքով բեռնած…
Քայլում էր դանդաղ, կամաց
Երկնքում միգամած,
Կարծես մեխերի վրա…

Կրքի ոչ մի նշույլ,
Ցանկության ոչ մի հատիկ,
Միայն թալկություն թույլ՝
Դեմքին, ճակատին…

Պարուրել էին ամպերը նրան,
Գորշածուխ ամպերը մթին,
Որ կարծես նրա քթին
Բուրում էին թույն հեղձուցիչ…
Ու կարծես խեղդվում էր նա,
Խեղդվում էր անճիչ…

Այդ պահին ճայթեց ամպրոպը հանկարծ,
Առաջին ամպրոպը տարվա,
Ու թնդաց որոտը, երկինքը տնքաց,
Կարծես ստացավ ինչ-որ հարված…
Ու աշխարհը լցվեց մի հսկա շռինդով
Ու աշխարհը երերաց,
դողաց,
դղրդաց.
Կարծես թնդանոթն էր այդ,
Որ աչքը երկինք հառած
Արձակեց ցուլի բառաչ,
Կարծես օրհասի հասած
Գնդացիրն էր այդ, որ հազաց,
Ու պայթեց ականը,
ռումբը,
տորպեդան.
օդում
բո՛ւմ,
բո՛ւմ,
բո՛ւմ…

Կայծակը ճեղքում էր օդը,
Բոցերը՝ երկինքը լիզում,
Ու կարծես ցավի բոթը
Իմ սիրտն էր կիզում…
Ու կարծես այս մութ գիշերում
Ելնում էր մշուշը դաշտից,
Տարածվում էր ծուխը հեռո՜ւ,
Ծուխը՝ ռազմադաշտի…
Վառոդի ծուխը՝ սև, ինչպես ածուխը,
Երերվող հազիվ,
Հեղձուցիչ ծուխը,-
Մշուշը գազի,
Մշուշը – վառոդի, գազերի,
Որ հավաքվում էր ցածում
Աշխարհի բոլոր մասերից,
Եվ ինչպես ծուխ
Վերև բարձրանում
Մի նրբին նազով, քնքշությամբ
Եվ այնտեղ կարծրանում
Որպես մթին ամպ,
Վառոդի, գազի ամպ…
Որից փախչում էր լուսինը-
խեղճը,
անզորը,
անօգ իմ քույրը,
Փախչում էր շտապ,
Շրթներին սառած ահի փրփուրը
(Արդյոք շտապում էր շտաբ,
Որ մատնի՞ թշնամու ուժը,
Թե՞ գազի ուժից էր փախչում
Երկնային քնքույշը)…
Միայն փախչում էր, նա փախչում էր
Կարծես խելակորույս, կարծես շշմած…

Իսկ ամպրոպը դեռ շաչում էր
Ու որոտում էր ամպը՝ տեղից տեղ քըշված…
Թանձրանում էին ամպերը երկնքում
(Ամպերը գոլորշո՞ւ, ծխի՞, թե՞ գազի)
Ու լուսինը կարծես շնչում էր հազիվ…
………………………
………………………

Տեսե՜ք…
Լուսինը,
Իմ անօգ քույրը
Մթին ամպերի միջում
Հրե՛ս,
Խեղդվում է ամեհի դողով…

Լուսինը՝
որպես աշխարհին ի ցույց,
որպես վրե՛ժ,
որպես վայրենի բողոք…

Թ
…Ու բարձրանալով արևը արևելքով
Որպես հաղթության համբավ…
Կարծես ելել էր նա, որ երգով
Անցնի իր երկար ճամփան…
Չկային ամպեր երկնքում,
Եվ լուսինը չկար…
Անցածը թվում էր քուն,
Անցած կինոնկար…
Հիմա բարձրացել էր արևը
Եվ ժպտում էր պայծառ,
Հիմա շնչում էին կարծես
և՛ հողը,
և՛ լեռը,
և՛ քարերը,
Ժպտում էին և թովիչ այնքա՜ն
և այնքան անծայր…
Ես խորհում էի, խորհում
Ու քայլում փողոցով:
Վաղորդյան լռություն…
Լռություն – խորհուրդ…
Ու ահա լռությունն է սղոցում
Մի ձայն՝ բամբ ու սաստող.
-Ուշադրությո՛ւն,
Երեկ կարմիր զորքերը մտան Ռոստով…
Ու դեռ էլի եռանդով
Խոսում էր, զիլ խոսում էր ռադիոն…
Ու քայլում էի փողոցով՝
Օձի պես գալարվող ու ճըկուն:
Ու նորից բիբերիս նստեցին
Չար բուն և խղճուկ կըկուն…

Բուն լուռ էր ինչպես մահ
Եվ այդպես բիբերիս էր թառել
(Դուք կըկարծեք հիմա,
Թե ցերեկ էր, դրա համար էր լռել,
Քանզի բուն գործում է միայն մթնում…
Այդ թեկուզ տեղին, բայց սխալ եմ գտնում:
Պատճառը ավելի մեծ է,
Այդ կարող եք հասկանալ դուք.
Բուն, որպես կաթ, չարություն է ծծել
Եվ չարությանն է տվել տուրք,
Իսկ այսօր լսեցի՞ք այն ձայնը սաստող.
-Երեկ մեր զորքերը մտան Ռոստով…):

Իսկ կըկուն, խեղճ կըկուն
Որքան կարող էր կըվվում էր
Ձայնով իր նկուն,
Նվվում էր՝
Ուժերի գերագույն վատնումով,
Հևում էր՝
Չնչին ուժերի հատնումով…
Նա, խեղճ կըկուն,
Ձայնով իր թույլ ու նկուն
Եվ ուրախ որքա՜ն, որքա՜ն
Շեփորում էր մեր հաղթանակը…
…Եվ ես – փոթորկված
Ես ես պոետի իմ ուժը՝ իմ բազկում
Խրեցի իմ ահեղ դանակը
Նրա թույլ կրծքում…
Խրեցի կրծքում իմ դանակը, որ երբեք, հավիտյան,
Քանի շնչում եմ,
Գործում եմ քանի-
Այդ հիմար կըկուն
Մեծ հաղթանակը
Այդպես չըտոնի…

…Թող լռի կըկուն
Հավիտյան, անդարձ,
Թող լքեն բիբերս նրան…
Ուզո՞ւմ է, կարող եմ տալ վարձ-
Ռումբից ավերված մի բանտ,
Մի մսե աշտարակ էլ վրան…
Միայն թե լռի նա, լռի հավետ…

Ու հնչեն թող իմ հայրենիքի
Թմբուկները բոլոր – միլիոն և ավել.
Ու թնդան թող իմ հայրենիքի
Թմբուկները բոլոր – միլիոն և ավել.
Ու զարկեն թող իմ հայրենիքի
Թմբուկները բոլոր – միլիոն և ավել.
Մարտական փողերը հնչեն,
Մարտական թմբուկները թնդան,
Իմ նաիրական երկրից մինչև
Հեռավոր տունդրան…
Հյուսիսից – հարավ
Եվ արևելքից մինչև արևմուտք,
Կասպիականից մինչև Բալթիկ,
Ազովից մինչև Խաղաղական…
Ազովից մինչև Խաղաղական,
Այնտեղից մինչև Ադրիատիկ,
Եվ մինչև օվկիանը սառցանիստ,
Գալիք հաղթության աղաղակը
Որպես սրասայր հարցանիշ,
Ցըցվի սրտերի խորքում,
Իսկ այս անդրանիկ հաղթանակը,
Այս հաղթանակը առաջին,
Տարածվի ինչպես փոթորիկում
Ծովի աղաղակը…
Ու ամբողջ աշխարհը լարի ականջները
Ունկնդիր լինելու
Այն վերջին հառաչին,
Հառաչին բանակի այն խուժդուժ,
Որ ելել է մեր դեմ հիմի,
Որ քանդի մեր աշխարհը հիմից,-
Բանակին Բեռլինի…
Բեռլինի բանակի վերջին հառաչին…

…Հաղթանակ առաջին…
Հասկանո՞ւմ եք,
Հաղթանակ առաջին…
Դո՛ւ, մեռնող, գալարվող բանակ,
Հառաչի՛ր,
Այդ հաղթանակն է առաջին…
Վաղը կըծնվի ամբողջը,
Հաղթանակը հսկա,
Եվ աշխարհի վզին կըփարվի
Որպես կարմիր վզկապ…
Վաղը գալիքների քամին
Նստելով աշխարհի նավակայմին
Կըքշի օրերի նավը ինքնակամ
Դեպի Գալիքը պայծառ,
Դեպի Գալիքը կարմրամարմին,
Դեպի Ապագան…
Վաղը լեռնացած մեր ուժերը,
Մեր ուժերը լեռնախռիվ
Կըլարեն իրենց ուժերը
Մղելու մի վերջին կռիվ,
Մի վերջին հանդիպում,
Մի վերջին հարված,
Մի վերջին զարկ.
և՛ դիպուկ,
և՛ լարված,
և՛ բարկ,
Որ այն բանակը որպես փոշի
Հանձնվի օրերի քամուն,
Եվ այն դրոշը ամուր՝
Վրան «ռասա» գրված,
Դառնա ամպի պես քրքրված
Մաքրաշոր՝ փողոցի,
արտաքնոցի…
Վաղը թողած դիադեզեր,
Թողած գեներալ անթաղ,
Թողած մոտոր ու դիզել,
Ավտոմատի անտառ,
Ճխլված ու շեն տանկեր,
Կմախքներ օդանավի,
Շքեղ բանկետ,
Մարմիններ տապակած նավի,
Գնդացիրներ, թնդանոթներ անձև,
Ծովափերին՝ ջարդված նավեր,
Տուալետի գանձեր-
Պուդրա, կրեմ…
Եվ միլիոն ու ավել
Գըդակ,
Թողած նույնքան կոշիկ,
Որքան գնդակ,
Ռուսական հողում կերածը փսխած
Ու դատարկած փորը,
Ռուսական հողից
Լեղապատառ փախած եֆրեյտորը
Գլուխը՝ բաց,
Ոտքը՝առանց կոշիկ.
Կտանի ֆյուրերին՝
Նորին մեծությանը,
Միայն ռուսական տափաստանի փոշին…

Մի գջլոտած զինվոր՝
Հենակները ձեռին,
Կըդիմի համարձակ,
Հենց իրեն՝ ֆյուրերին.
-Ների՛ր,
Բայց դու ասում էիր
Խոտակեր ոչխար են…
Բայց ես տեսա նրանց,
Նրանք քաջ են սաստիկ
Եվ չարի դեմ չար են…
Ինձ ի՛նչ նավթը Բաքվի
Կամ Ուրալի ոսկին,
Ուկրաինայի հացը…
Ուզում ես տրաքվիր,
Նրանք իրենց ոսկին,
Նրանք հացը իրենց
Չեն տալիս ոչ ոքի…
Եվ ո՞վ կարող է, ո՞վ,
Նրանց վրա տիրել,
Բեկել նրանց ուժը,
Նրանց կամքը ամուր…
Ֆյուրե՜ր, արդեն ուշ է,
Սին ըսպասումներդ
Նրանք տվին քամուն…
Վկա է երկինքը,
Ես այդ լավ հասկացա,
Կուզե՞ս, փորձիր ինքդ…
Ես հիմա տըկար եմ,
Բայց իմ բախտից, ոչինչ,
Շնորհակալ եմ…

…Այսպես այն բանակը
Երբեմնի գոռ, ահեղ,
Կըդառնա լարաթափ,
թևաթափ աղեղ
Ու նրա փառքը կըդառնա փոշի,
Մի անպետք կոշիկ,
Որ մաշվեց իսկույն,
Չնայած ֆյուրերը շատ էր հսկում,
Որ կոշիկն այդ մնա ամուր…
Բացի այդ, նա իզուր
Այդ կոշիկն էր լիզում,
Որ փայլի ոնց ոսկի,
Մնա անեղծ, ինչպես եկեղեցի,
Որ նրա մեջ ջուրը չըսողոսկի…
Դրա համար հաճախ
Խոսքերով գեղեցիկ,
Եվ նույնչափ դառն,
Աղոթել է նա. «Տեառն,
Հավիտենից հավիտյան թող եղիցի
ամուր,
քան զերկաթ»…
Բայց իզո՜ւր
Կոշիկի մեջ սողոսկեց ջուր
Եվ խաղալիք դարձավ օրերի քամուն
Այն բանակի փառքը, այն,
Որ երկա՜ր, դեռ շատ երկար
Լցնելով աչքը պատմության,
Կշորթի նրանից արցունք…

Ու դարեր հետո մի հարցասեր
Կանի հարցմունք,
Կխնդրի, որ իրեն ասեն,
Թե ո՞վ է եղել այն հիմարը,
Որ ելել է՝ աշխարհը զավթի,
Որին գոթական կամարը՝
Աստվածամոր գավթի,
Թվացել է աշխարհի ծայրը
Ու ելել է, որ նախ այն զավթի՝
Փարիզյան կամարը՝
Աստվածամոր գավթի,
Ապա նույնքան հստակ,
Որքան և դավադիր,
Ինչպես հրդեհումը Ռայխստագի,
Ելել է ի վերջո, որ նույնչափ հանգիստ,
Իր արշավանքը ավարտի
Դեպի այն երկիրը, որտեղ կա
դոնբասյան ածուխ,
ոսկի ուրալյան,
Բաքվի սև նավթ,
հաց Ուկրաինայի,-

Լցնելով աշխարհում վառոդի ծուխ,
Լճակներ մարդկային արյան,
Կոտորած,
Ավեր,
Գաղթ,
Եվ այդ ամենը հանուն արիական
Ազնիվ ռասայի…
Ապա ինքդ նայիր
Գալիք ապագային…
Պատմությունը հաճախ
Հին դարերի փոշուց
Իր կուրացած աչքով
Շատ բաների մասին
Կամ լռում է անճար,
Կամ սխալ է հուշում
Եվ կամ մեկնում է այն
Ինչ-որ մի հրաշքով…

Այժմ ինքդ նայիր քո աչքով,
Ավարտված պատկերին ռազմադաշտի,
Որ ինչպես Զրադաշտի
Հոգու երկվությունը
Թափել է և՛ կյանքի սերմը,
և՛ մահվան թույնը,
և՛ տաք ու ջերմը,
և՛ ցրտությունը…

Ահա՛,
Աչքը երկինք պահած,
Լո՜ւռ է թնդանոթը…
Արկեր՝ դատարկ ու լիք,
Արկեր՝ մեծ ու փոքր
Շուրջը թափած…
Շուրջը թափած մարդու գանգանոթը՝
Ուղեղով ու հողով լիքը…
Գուցե թնդանոթաձի՞գը…

Ահա՛,
Օգնակա՞նը…
Հետույքի տակ ընկած կիսահատված թոքը…
Ահա մի երրորդը՝ իր կտրված ոտքը
Որպես կնոջ իրան ամուր գրկած.
Ահա մի ուրիշը՝ մեջքաղեղով պրկված.
Մի այլը՝ տանկի տակ բերանը բաց
(Կարծես ծիծաղում է ցինիկ),
Ահա մի ուրիշը – երախը բաց
(Կարծես պահանջում է. գինի՜,
Կարծես բղավում է. հա՜ց…):

Ահա՛,
Որպես քնած այս բլրի պահակ,
Բայց իր պաշտոնի մեջ անբարեխիղճ,
Գնդացիրը, ահա, ականջները կախած,
Բերանը հող կոխած,
Եվ աչքը՝ խիճ…
Շուրջը բազմահատված ժապավեններ,
Շուրջը անթաղ մարդիկ հազար…
Ահա մեկը ամուր հրացանին հենվել,
Եվ ահա մյուսը՝ փռվել է ազատ.
Երրորդը բերանը հպած հողին
Ատամով կրծել է քարը.
Աղիքները թափած կողից,-
Չորրորդն է այդ՝ մի տկարը…

Ահա՛,
Որպես քնած դաշտի արթուն պահակ
Խշշում է մեղմ անտառը,
Սրտում հազար գաղտնիք, հազար եղեռն պահած,
Փորի մեջ դեռ անմարս մեծ պատառը…
Տերևախառն գետնին, տերևներին
Թափված լեշե՜ր, լեշե՜ր…
Ո՞ւմ տեսնել, ո՞ւմ, որի՞ն,
Ախար որի՞ն հիշել…

Ահա հսկա կաղնուց
Կախվել է մի դիակ
(Ռումբն է նետել երևի),
Բացած ատամները,- մի-մի թիակ,
Ու ծաղրում է կարծես արևին…
Բայց ո՞նց չտեսնել և նրան,
Որ ակնախորշերից դուրս ընկած աչքերով,
Կիսով թաղված գուղձերի տակ հողի
Բռնել է աչքերը իր ձեռքերով
(Բնա՜զդ, անշեղ ուղի…)…
Իսկ հիմա մի անհոգ թռչուն
Կտցում է աչքերը նրա,
Մերթ կարծես ցավով ճըչում,
Մերթ հանգիստ թառում վրան…

Եվ ինչպե՞ս չտեսնել քաղաքներ ավերված
Մոխրակույտեր,
Շենքեր փլված,-
Հարուստ հում նյութեր՝
Էժան, ոչ թանկ,
Մահվան թագավորության…
…Եվ ինչպե՞ս չտեսնել լեռնակույտեր մսե,
Նեխո՛ւմ,
Վարա՜կ,
Բացի՛լ,
Եվ ինչպե՞ս չըլսել.
-Մեռնում ե՜մ, մայրի՜կ,
Մաքուր ջո՜ւր,
Փշրանք հացի…
Եվ ինչպե՞ս ունկնդիր չլինել
Մեռնող ծերունու խորին հառաչի,
Մանկական լացի…
Ուրիշ ի՞նչ…
Լացից,
Սովատանջ կանչից,
Հառաչից բացի…
Ուրիշ ի՞նչ. եթե ոչ ավեր,
Մոխիր,
Լեշ,
Արյուն,
Մահվան խրախճանք,
Կորուստ,
Նախճիր,
Վախճան.
Լռություն,
Մահվան թույն,
Սարսափ,
Ահ.
Կյանք – հազիվ շնչող,
Թույլ ու արնաքամ.
Մոլեգնո՜ղ մահ,
Մահ-Արքա…
Ու անթաղ դաշտերի վրա
Ցըցված լուսին,
Շնչահեղձ լուսին,
հեգ.
Երկնքում սառած աստղեր քանի՜, քանի՜,
Խորշերում լռած քամի,
Նիրհող տիեզերք…
…Ելնող արև, որպես վահր,
որպես թարախ
ժանգաթույն,
Եվ նորից սավառնող մահ,
որպես անսանձ նժույգ,
որպես Վարակ,
որպես Լռություն…

Ահա ավարտված պատկերը ռազմադաշտի,
Որ ինչպես Զրադաշտի
Հոգու երկվությունը,
Թափել է և՛ կյանքի սերմը,
և՛ մահվան թույնը,
և՛ տաք ու ջերմը,
և՛ ցրտությունը…
Ահա և կյանքի սերմը,
Ահա և տաք ու ջերմը,
Մարդը՝ տիեզերքի կենտրոնը,
Կյանքի, Գոյության ոգին,
Նորից առած մուրճ ու մանգաղ
Կելնի ստեղծագործ աշխատանքի…
Խաղաղությո՜ւն,
Հանգի՜ստ,
Աշխատանք խաղա՜ղ,
Արդար Վաստակ,
Քրտինք,
Ջանք,
Եռանդ…
Եվ ահա նորից մանուկները զվարթ կխաղան,
Նորից կըժպտան արև ու երկինք,
Ու տանջանքի տեղ տենչանք
Ու ռումբի տեղ մանգաղ ու կռան
Ու մահվան տեղ կյանքը կըեռա…
Ու կշինվեն քաղաքներ նորից,
Կբարձրանան շենքեր հոյակապ,
Կծաղկի երկիրը թովիչ,
Կծաղկի երկինքը՝ արև հագած,
Եվ ստեղծագործ ձեռքը մարդու
Կկերտե աշխարհ մի՝ Նորը,
Ու կարծես մի ակնթարթում
Կփոխվեն անթաղ դաշտերը,
ավերակները,
բոլորը…
Կժպտա աշխարհում Նորը,
Անցածը կըթվա քուն,
Անցածը կթվա երազ,
Կթվա մոռացում,
միրաժ…
Կթվա, թե երազ էր միայն
Կոտորածը, նախճիրը, մահը,
Կմնա օրերի մումիան
Եվ ժամանակը՝ միակ ճշտապահը…
Կանցնեն տերերը մահառիթ,
Որ պատճառ դարձան մահվան,
Ու սերունդները Գալիք,
Սերունդները Վաղվա,
Կըհիշեն միայն, որ եղել է
Աշխարհում մի տենչանք երազային.
Կտրել աշխարհի թևերը,
Հանուն ազնիվ ռասայի…
Ու կանցնի խոլ անարգանք,
Լուտանքի հեղեղ նրանց սրտով.
Ու կանցնի մի խորին հարգանք,
Մի հարգանք՝ անմահ խորհրդով,-
Դեպի նրանք, որ ընկան անահ
Հանուն հայրենի հողի,
Ջարդեցին մի վայրի բանակ՝
Ավազակ ու գողի…

Գալիքի փողոցում անծայր
Կժպտա նրանց անդրին,
Ու նրանց շշուկին պայծառ
Պոետը կունկնդրի,
Գալիքի պոետը՝ խոհերով կայծակ…

Ու այնժամ կբացվի գարունը,
Հաղթական գարունը պայծառ,
Ու ընկած զինվորի արյունը
Բեղուն կդարձնի դաշտերը անծայր…
Կծլի շուշանը, վարդը,
Կծլի մանուշակը հողից,
Կբուրի երկիրը թովիչ,
Նորից ու նորից…

Եվ դաշտերում, ուր կռնչում էր բուն,
Ցցվում էին բուրգեր մսե,
Ուր հոտում էր մարմին ու արյուն,
Ուր կարկաչում էր խռպոտ խոխոջով
Մարդկային արյան առուն,
Կբացվի մի նոր Այգաբաց,
մի նոր Առավոտ,
մի նոր Գարուն…
………………………
………………………

Կյանքի, կանաչի ծիլը,
Համատարած գարունը
Կջնջեն հավետ ավերը,
մոխիրը,
նախճիրը,
Կջնջեն լեշերը, դիերը
և հոտած արյունը…
Կշինվի աշխարհը նորից,
Կհառնեն քաղաքներ բազմամբոխ,
Եվ տարբեր այդ բոլորից,
Եվ այդ բոլորից տարբեր մի ճամփով
Կհառնի բարձրաբարձր
Ամրոցը Կոմունիզմի,
Ինչպես գրանիտ կարծր,
Ընդդեմ պատերազմի,
Մահվան,
Որպես փարոս վաղվա,
Որպես պայծառ գալիք…
Ուր կյանքը կըկազմի
Մի շքեղ, անանց հարսանիք…
Եվ այնտեղ կհալվի հնի կաղապարը,
Ճորտության փականը,
Կոտորած ծնող ուժը ահագին
Ու կշրջի այնտեղ
Կարմիր Գաղափարը,
Կարմիր Ուրվականը,
Լենինի Ոգին…
Այնժամ Լուսինը,-
(Անառակ լուսինը – չիք)-
Պայծառ երկնակապույտից
Կվազի հետևից աստղերի,
Իր ճամփով բանուկ,
Լուսինը – այս անգամ միամիտ,
Լուսինը – նորածին մանուկ…

Եվ այս անգամ, ինչպես մոխրակույտից
Ֆենիքսը առասպելական,
Մեր գոռ ամրոցից կծագի արևը դյութիչ,
Արևը՝ և՛ մոտիկ այնքան, և՛ այնքան հեռակա…
Կծագի նա լույսով ողողելու
Յուրանքանչյուր մութ խորշ և անկյուն յուրաքանչյուր,
Իր հուժկու ուժով հեղեղելու
Քարափներ, ուր շրջում է մահը,
հառնում է խավարը,
և բուն է կռնչում…
Ու կբարձրանա արևը զենիթում, որպես Հույս,
Որպես հաղթանակ անմահ Բարու,
Ցրելով բերկրանք, խնդություն ու Լույս
Աշխարհի բոլոր հեռուներում…

25.III.1942թ.
Երևան

Հետևեք մեզ նաև Telegram-ում