Շուշանիկ Կուրղինյան. Վաղն էլ կը մուրաք
04/02/2021 20:18
Նմանատիպ
Դուք՝ որ կյանքի մեջ անհաշտ ու դաժան՝
Ուզեցիք հասնել մուրազի ափին –
Մենակ ձեզ համար, ամենքից բաժան՝
Ջլատված ուժով տիրել սարսափին․
Որպես ոչխարի մոլորված հոտեր
Ծովը թափվեցիք շշմած, առանց ղեկ,
Վերածնության լույսը ձեզ մոտ էր,
Նրան չտեսաք, չզգացիք երբեք –
Այսօր՝ տանջանքի մրրկոտ ծովում,
Մոտիկ անդունդին, հողմերից ծեծկված,
Մենակ, անընկեր մահին եք զոհում
Երբեմն խիզախ տենչերդ պաշտված․․․
Այսօր՝ ձեր վաստակն արդար քրտինքի՝
Ճարպոտ փորերին առատ կերակուր,
Մինչդեռ դուք անհաց, զրկված անհոգի
Ծծում եք կյանքի թույն, լեղին մրուր։
Այսօր՝ կուշտերս վայելքին գերի
Ապրում ենք հանգիստ, անվիշտ անվաստակ
Ձեր բանուկ ձեռքը խոնարհ է, բարի,
Այսօր մեզ տվեք, վաղն էլ՝ կը մուրաք․․․
1907 թ. 20 դեկտեմբերի
Հետևեք մեզ նաև Telegram-ում