Հրայր Թովմասյանը տրանսպորտի համար 100 դրամ վճարելն անօրինական չի համարում

Երեւանը սպասարկող երթուղային տաքսիներին եւ ավտոբուսներին 100 դրամ ուղեվարձ վճարելն անօրինական չէ: Այդ մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Եթե սակագները բարձացվել է բացառապես այն նպատակով, որ որոշ մարդիկ հարստանան կամ ավելի շատ հարստանան, ես ձեզ վստահեցնում եմ, որ կառավարության ցանկացած անդամ եւ ով ուզում է լինի, դրան դեմ է լինելու»,- «Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ Երեւանի հանրային տրանսպորտը դեռեւս ավելի ցածր մակարդակում է, քան քաղաքային այլ ենթակառուցվածքներ:

Արդարադատության նախարարը խոսեց միկրոավտոբուսների անվադողերի ուշ փոխման, գերծանրաբեռնվածության եւ այլ խնդիրների մասին: «Եթե սակագնի բարձրացման արդյունքում մենք չենք ունենալու երթուղային տաքսիներ, որոնք ժամանակին են երթեւեկելու, որոնք չեն սպասելու, որ 15 հոգի լցվի նոր երթեւկեն, որոնք 8-ից հետո փակվելու են, որոնք 8-ից հետո դառնալու են 200 դրամ: Եթե սա ենք ունենալու, անշուշտ այս դժգոհությունը օբյեկտիվ եւ տեղին դժգոհություն է: Բայց եթե սրա փոխարեն մենք ունենալու ենք նոր որակի տրանսպորտ, ապա պետք է նստենք եւ բոլորս միասին քննարկենք, սա ե նք ուզում, թե ոչ»,- ասաց Թովմասյանը: Նրա խոսքով’ քաղաքապետին ճանաչելով, կարող է ասել, որ լուծումներ լինելու են: «Սա քաղաքացիական հասարակության ընդվզում է, ինչը նաեւ այս կառավարության եւ իշխանությունների ձեռքբերումն է եւ իրենց քաղաքանության արդյունք: Սա չի կարող իր արդյունքը չտալ, եւ այստեղ հաղթողներ ու պարտվողներ չկան»,- ասաց Թովմասյանը:

Արդարադատության նախարարը խոսեց սոցիալապես խոցելի խմբերի շահերը հաշվի առնելու անհրաժեշտության մասին՝ տրանսպորտի սակագները սահմանելիս: Թովմասյանն ասաց, որ տրանսպորտի սակագների փոփոխության շուրջ պատշաճ իրազեկում չի կատարվել հանրությանը, եւ դա չի դարձվել հանրության սեփականություն: «Հաշվարկները հանրությանը հստակ չեն ներկայացվել»,- ասաց նախարարը:

Նա ասաց, որ նախընտրում է ոտքով քայլել եւ չի օգտվում հանրային տրանսպորտից: Թովմասյանը հավաստիացրեց, որ քաղաքապետի համար սակագների բարձրացման որոշումը բավական բարդ էր:

Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից թանկացավ 50 տոկոսով՝ դառնալով 150 դրամ, իսկ տրոլեյբուսներինը՝ 100 տոկոսով 50-ից դառնալով 100 դրամ: Անփոփոխ է մնացել միայն մետրոյի սակագինը: Երեւանում բողոքի ցույցեր եւ ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են վերականգնել տրանսպորտի նախկին սակագինը: Հենց գործադիր մարմնի նիստի ժամանակ կառավարության շենքի առջեւ ընթացավ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան: Տրանսպորտի սակագնի փոփոխության մասին որոշումը քաղաքապետարանը հրապարակել է հուլիսի 24-ին, իսկ նոր սակագների գործելու մասին հայտարարվել է հուլիսի 20-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում