Սպենդիարյանական տարուց մինչեւ «Ալմաստը»՝ փոքրիկների համար» կրթական ծրագիր

Սպենդիարյանական տարուց մինչեւ «Ալմաստը»՝ փոքրիկների համար» կրթական ծրագիր

Ինչ անակնկալներ է պատրաստել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը

Վերջին ամիսները Հայաստանի համար ամենադժվար ժամանակներն էին։ Հանրության ուշադրությունը սեւեռված էր պատերազմի եւ դրա հետեւանքների վրա, լարվածությունը շատ էր, վիճակը՝ լուրջ, սակայն թանգարաններն այդ շրջանում փորձում էին գործել հօգուտ հանրության ու նրանց թեկուզ կարճ ժամանակով կրտել իրականությունից։

Նման թանգարանների շարքին է դասվում նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որը 2020 թվականի ընթացքում լայն գործունեություն է ծավալել։ Այժմ եւս աչքի է ընկնում իր նոր ծրագրերով։ Թեեւ տարին նոր է սկսվել, սակայն թանգարանն արդեն հասցրել է իրականացնել նոր կրթական ծրագրեր, ընդունել այցելուներ եւ նախագծել նոր, յուրօրինակ ծրագրեր։

 

«Առավոտի» հետ զրույցում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի մասնագետ Մարիամ Հովունին նշեց. «2020 թվականը բավականին հագեցած էր, Covid 19-ով պայմանավորված` նոր աշխատաոճ եւ նոր գործիքակազմ տեղ գտավ մեր աշխատանքում։ Առցանց տիրույթում իրականացրել ենք 20-ից ավելի ծրագրեր, համալրել մեր հետեւորդների բանակը, դասընթացներ, գիտահետազոտական եւ երաժշտական նյութեր պատրաստել։ Կարելի է ասել` տարին հագեցած էր բոլոր առումներով»։

Թանգարանի համար 2021 թվականը սովորական տարի չէ, այն սպենդիարյանական է՝ պայմանավորված մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակով։ Սպենդիարյանի հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում, իսկ դա նշանակում է, որ թանգարանային տարին հագեցած է լինելու միջոցառումներով, փառատոներով, տարբեր տեսակի մրցույթներով, նախագծերով` թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Մարիամի խոսքով՝ այս ամենը շատ պարտավորեցնող է, եւ հսկայական աշխատանք կա կատարելու, որն էլ իր հերթին մեծ պատասխանատվություն է պահանջում։ Նա ասաց, որ պատրաստում են շատ գեղեցիկ անակնկալ, սակայն ձեռնպահ մնաց փակագծեր բացելուց։

Ինչ վերաբերում է 2020-ին սպենդիարյանցիների ամենամեծ ձեռքբերմանը, Մարիամ Հովունին նշեց. «Ձեռքբերումներ շատ կային, սակայն դրանք առաջին հերթին մեր այցելուներն էին, նոր հետեւորդները, նաեւ այն նախագծերը, որոնք իրենց ուրույն տեղը գտան առցանց տիրույթում եւ մեծ հետաքրքրություն վայելեցին հանրության շրջանակում»։

Նա անդրադարձավ նաեւ մի շատ հետաքրքիր կրթական ծրագրի. «Խոսքը մասնավորապես «Սպենդիարյանական վայերերով. Ղրիմից Հայաստան» ծրագրի մասին է, որն արդեն իսկ արժանացել է հանրության ուշադրությանն ու հավանությանը։ Ծրագիրն այսպիսին է` այստեղ մեզ օգնության է գալիս հպէկրանը, որի վրա իրականանում է ողջ գործընթացը։ Պետք է ընտրել ճիշտ երկիրը, որտեղ գտնվում է Սպենդիարյանը։ Այդպես կոմպոզիտորը հայտնվում է բոլոր երկրներում, ծանոթանում ենք, թե որ երկրում ինչ ստեղծագործություն է գրել։ Այս ամենն արվում է նաեւ հետաքրքրաշարժ, ինտելեկտուալ եւ սպենդիարյանական թեմատիկայով խաղերի միջոցով, օրինակ` լաբիրինթի, որի միջոցով Սպենդիարյանին պետք է Ղրիմից բերել Հայաստան, կամ մեկ այլ խաղ, որտեղ նոտաները գունային հերթականությամբ պետք է շարել, որպեսզի այդ շարքը լրացվի եւ գա հաջորդ շարքն ու այդպես շարունակ»։ «Սպենդիարյանական վայրերով. Ղրիմից Հայաստան», ըստ սպենդիարյանցիների՝ իդեալական է հատկապես օտարերկրյա այցելուների համար, քանի որ այն եռալեզու է։ Կարեւոր է նշել այն, որ թանգարանում յուրաքանչյուր ծրագիր հարմարեցված է նաեւ զբոսաշրջիկներին։

Թանգարանի՝ «Ալմաստը»՝ փոքրիկների համար» կրթական ծրագիրը աշխատակիցները համարում են ոչ միայն իրենց ձեռքբերումը, այլեւ հանրության՝ վկայակոչելով դրա հանդեպ եղած մեծ հետաքրքրությունը:

«Ալմաստը»՝ փոքրիկների համար» կրթական ծրագիրը տիկնիկային ներկայացմամբ, էկրանային եւ ձայնային շատ հետաքրքիր ձեւավորմամբ ներկայացնում է «Ալմաստ» օպերան` պարզ, բայց ոչ պարզունակ կերպով։ Նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների եւ դպրոցական ցածր դասարանների երեխաների համար։ Ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլեւ անհատ ծնողներն իրենց բալիկների հետ գալիս են, սիրով դիտում այն եւ դրական արձագանք տալիս»,-շարունակում է մեր զրուցակիցը։

Թոփ կրթական ծրագրերի թվում է նաեւ «Վիրտուալ դիրիժորը»։ Այն նախատեսված է թե մեծերի, թե փոքրիկների համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչպես է դիրիժորը կարողանում ղեկավարել նվագախումբը։ «Ունենք նաեւ այլ կրթական ծրագրեր, այդ թվում` «Ես՝ բեմանկարիչ», «Իմ նվագախումբը», որոնք եւս անչափ հետաքրքիր են եւ յուրօրինակ ուղերձ ունեն հատկապես այն երեխաներին, որոնք երաժշտության հանդեպ անտարբեր չեն»,-ասում է Մարիամ Հովունին։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում