Երևանում տեղի կունենա հայոց ցեղասպանության մասին նոր գրքի շնորհանդես

Երևանում տեղի կունենա հայոց ցեղասպանության մասին նոր գրքի շնորհանդես

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Սույն թվականի փետրվարի 10-ին, ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա Սոնա Մանուկյանի «Երբ լռում է մարդկությունը։ Փաստավավերագրական վեպեր» գրքի շնորհանդեսը։ Հայոց ցեղասպանության թեմային նվիրված այս ստեղծագործությունը հրատարակվել է 2020 թ․, Երևանում, «Էդիտ Պրինտ» հրատարակչության կողմից։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գրքում ներկայացված այս երկու վեպերում արտացոլված է 20-րդ դարում հայ ժողովրդի պատմության մեջ կատարված ողբերգական իրադարձությունների պատմությունը։

Գրքում անդրադարձ կա ոչ միայն Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանն առնչվող իրադարձություններին, այլ նաև՝ Հայկական հարցի նկատմամբ որոշ օտար տերությունների շահադիտական վերաբերմունքի թեմային և թուրք-ադրբեջանական հայատյաց գաղափարախոսությանը։ Այս հայասպան քաղաքականության հետևանքներից էին նաև1988 թ․ սումգայիթյան ջարդերը, ինչպես նաև՝ Գուրգեն Մարգարյանի սպանությունը 2004 թ․ Բուդապեշտում և Հրանտ Դինքի սպանությունը 2007 թ․ Ստամբուլում։

Գրքում կինոսցենարի ժանրով նկարագրված է նաև Երկրորդ աշխարհամարտը, որի համատեքստում ներկայացվում է հայ ժողովրդի նպաստը հաղթանակի գործին։ Անդրադարձ կա 2020 թ․ Արցախում ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական պատերազմին։

Երկրորդ վիպակը նվիրված է Հայ Առաքելական եկեղեցու ազգանպաստ գործունեության՝ շուրջ 40 տարի ընդգրկող մի ժամանակահատվածի, այդ տարիներին հայոց հոգևորականների կրած տառապանքներին և Ամենայն հայոց կաթողիկոսներից մեկի եղերական վախճանին։

Շնորհանդեսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում