Վիլեն Գալստյանը 80 տարեկան է

Վիլեն Գալստյանը 80 տարեկան է

Հայկական բալետային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի համար 2021 թվականը հոբելյանական է․ փետրվարի 12-ին անվանի արտիստը կդառնա 80 տարեկան:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում փետրվարի 12-ին, ժամը 14։00-ին, տեղի կունենա հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Վ. Գալստյանի ծննդյան 80–ամյակին:

Վ. Գալստյանը Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև 1961 թվականից հանդես է եկել Երևանի օպերայի և բալետի թատրոնում: Վիլեն Գալստյանի արվեստի երկրպագուները մինչ օրս հիշում են նրա կերտած կերպարները, այդ թվում՝ Սպարտակը՝ Խաչատրյանի նույնանուն բալետային ներկայացման մեջ (1961թ.), Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում»(1974թ.), Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում» (1961թ.), Էդ. Հովհաննիսյանի «Հավերժական կուռքում» Բյուրատը (1966թ.), Կոմիտասը՝ «Անտունիում» (1969թ.), Դավիթը՝ «Սասունցի Դավիթում» (1976թ.), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևսում» համանուն կերպարը (1967թ.), Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո եւ Ջուլիետում» (1970թ.): Արվեստագետը բեմական գործունեությանը զուգահեռ, հեղինակ է մի շարք ներկայացումների՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ.), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Էդ. Հովհաննիսյանի՝ «Սասունցի Դավիթ» (1976թ.), Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.) և այլն:

Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել Մոսկվայի Մեծ թատրոնում, ինչպես նաև Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր բեմերում է ներկայացել անվանի արտիստը: Վ. Գալստյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն: Վ. Գալստյանն աշխատել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիսում»՝ որպես գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում Վ. Գալստյանը ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, տարբեր տարիներին եղել է Երևանի օպերային և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Ավելի քան 20 տարի է Վ. Գալստյանը դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ներկայումս Վիլեն Գալստյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերն է:

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում