Ժպտացող հետախույզը՝ «Ռազվետկի Լյովը»
Նմանատիպ
Մայոր Լևոն Ավետիսյանի մահից հետո միայն ընտանիքը հասկացավ, թե ինչքան քիչ բան գիտեր նրա մասին: Եռաբլուրում հանդիպած ընկերների, անծանոթ մարդկանց, իրենց երեխաներին փրկած ծնողների պատմությունները միացնում ու փորձում են ստանալ Լևոնի չափազանց կարևոր ու վտանգավոր ծառայության պատկերը:
«Իր աշխատանքի մասին ընդհանրապես չէր պատմում: Ասում էր՝ թողեք հանգիստ մնամ, ես եկել եմ հանգստանալու: Որ մի ավել հարց տայի, ծիծաղելով ասում էր՝ մամա՛, ես քեզ հարցնո՞ւմ եմ ճաշին քանի կարտոֆիլ ես գցում: Մա՛մ ջան, հարցրու ոնց եմ, ու վերջ, ուրիշ հարցեր էլ չտաք: Ես լավ եմ»,- պատմում է տիկին Գայանեն:
Լևոնի հայրն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, հարևանը՝ զինվորական: Լևոնը նրա հետ հաճախ զորամաս էր գնում, ծանոթանում զինվորական կյանքին: Այդպես հրապուրվեց ռազմական գործով: Տիգրան Մեծի անվան ռազմական հատուկ վարժարանն ավարտելուց հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
8 տարի ծառայել է Արցախում՝ Հադրութում, Ջաբրայիլում: Ծնողները դեմ էին, որ Լևոնը հետախույզ դառնար: Խոստացել էր՝ չի ընտրի հետախուզությունը, ու այլևս այդ մասին չէին խոսել: Որ Լևոնը խորքային հետախույզ է, ծնողներն իմացել են մամուլից՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Անունը փոխված էր, լուսանկարում աչքերը չէին երևում, բայց ժպիտը ճանաչել էին:
«Ժպտացող հետախույզն էր ինքը: Շատ սիրուն ժպիտ ուներ: Նայեք անմեղ հայացքին, կասե՞ք էս տղան հետախուզության «սպեցնազ»-ի մայոր է: Էնքան ծիծաղ կա դեմքին:
Ընդհանրապես չէր խոսում իր ծառայությունից: Ասում էր՝ ինչքան քիչ իմանաք, էնքան գլուխներդ քիչ կցավի: Ինչ գիտենք, պատերազմից հետո ենք իմացել: Ինքը բոլորի հետ հավասար էր՝ սպայի, զինվորի, գեներալի, չնայած պաշտոնին՝ երբեք վերևից չի նայել: Քայլող լեգենդ է եղել, ահ ու սարսափ, բայց նոր ենք իմացել: Լևոնի դեմքը իրենք լավ գիտեին քառօրյայից, 8 տարի սարսափելի պատժել է դրանց: Իմ տղու հետևից էին ընկած»,- ասում է Արմենակ Ավետիսյանը:
Քառօրյա պատերազմից հետո Արցախի նախագահը Լևոնին պարգևատրել է «Արիության մեդալով»: Լևոնը նշանակվել է Ջաբրայիլի զորամասի հետախուզության պետ:
«Երեք տարուց ավելի պահել է Ղարաբաղի ամենակարևոր դարպասներից մեկը: Էդ երեք տարում իր զինվորներից որևէ մեկի մատը փուշ չի մտել: Շատ ձիգ հրամանատար է եղել: Զինվորին հարգել, սիրել է, բայց ծառայության ժամանակ եղել է կարգապահ, պահանջկոտ»,- ասում է մայրը:
2020-ի հունիսին Լևոնը տեղափոխվել էր Հայաստան՝ ծառայությունը շարունակելու: Ընտանիքը նրա վերադարձին երկար էր սպասել, հատկապես՝ վերջին տարիներին, երբ սկսել էր հանդիպել Մայրանուշի հետ: Տեղափոխության պատճառով հարսանիքը հետաձգվում էր: Ամուսնացան սեպտեմբերի 26-ին: 27-ին սկսվեց պատերազմը:
«8 տարի սպասեցինք, որ գար մեզ մոտ, բայց էլի չեկավ: 8 տարի անընդհատ սպասել ենք, մանավանդ՝ վերջին 5 տարին, որ ընկերություն էին անում, հետո նշանվեցին: 5 տարի սպասեցին, բայց 5 օր ապրեցին իրար հետ: Իր աշխատանքը սկսեց Հադրութից ու ավարտվեց Հադրութում:
Շատ սիրում էր պարել, սիրում էր որսի գնալ, լողալ, կյանքում ինչ հետաքրքիր բան կար, սիրում էր: Ամեն ինչի մեջ գեղեցիկը կտեսներ, մի չնչին բանից տոն էր սարքում: Հիմա մեր կյանքը դառել է դժոխք, ամեն ինչ սևացրեցին: Չհասկացանք՝ ինչ եղավ»,- ասում է տիկին Գայանեն:
Ամուսնությունից հետո 30-ամյա Լևոնն ասում էր, որ արդեն ամեն ինչ ունի, նույնիսկ երեխաների անուններն էր որոշել: Մայրանուշը՝ Մաշը, ինչպես ինքն էր ասում, մանկավարժ է: «Փոքրուց դու ես դաստիարակում, մեծանում են, ես եմ կրթում տղաներին»,- ասում էր:
Հոկտեմբերի 2-ին Լևոնը մեկնել է Արցախ՝ իրեն լավ ծանոթ Հադրութ ու Ջաբրայիլ:
«Շատ ուժեղ կռվել են: Որտեղ թեժ գործողություն է եղել, էնտեղ են կռվել, հետո տեղափոխվել ուրիշ հատված: Շատերին հանել են շրջափակումից, հետո իրենք են ընկել շրջափակման մեջ: Դա պատմել են ընկերները: Ինչքան իր հետ խոսել ենք, ասել է՝ ամեն ինչ նորմալ է, շատ լավ եմ, մի՛ վախեցեք, ամեն ինչ կարգին է»,- պատմում է մայրն ու ցույց տալիս մի քանի վայրկյանանոց տեսանյութը, որտեղ Լևոնը ժպտալով ասում է՝ հաղթելու ենք:
Տիկին Գայանեն ասում է, որ 8 տարի ամեն օրը սկսում էր Լևոնի հետ. զանգում էր տղային, ձայնը լսում, այդքանն իրեն հերիք էր: Լևոնի՝ անհասանելի լինելու մտքի հետ չէր հաշտվում:
«Ընդամենը մի առավոտ չի զանգել՝ հոկտեմբերի 13-ին, ու էդ բոթը լսեցինք»:
Տան մի մեծ հատվածում Լևոնի նկարները, շքանշանները, նրա մասին պատմող թերթերն են: Տիկին Գայանեն երկար չի խոսում, ասում է՝ չկարծեն, թե մեծարում եմ տղայիս: Թող ուրիշները խոսեն: Իսկ ուրիշներն այս մի քանի ամսում Լևոնի մասին այնքան բան են պատմել:
«Պատմում են, որ ընկերներից մեկը սաղավարտ չի ունեցել: Լևոնը մի ձեռքով կրակել է, մյուս ձեռքը դրել ընկերոջ գլխին՝ կրակոցը քեզ հանկարծ չկպնի: Անգամ կողքից լսեցինք, որ ասացին՝ թուրքերի հետ «պախկվոցի» էր խաղում:
Մի անգամ Եռաբլուրում էինք, ընկերներից մեկը, որին չէի ճանաչում, եկավ, փաթաթվեց քարին, սկսեց լացել: Ասում եմ՝ որտեղի՞ց եք ճանաչում Լևոնին: Ասեց՝ ո՞վ չի ճանաչում Լյովին, Ղարաբաղում ասես «ռազվետկի Լյովը», բոլորը գիտեն»,- պատմում է տիկին Գայանեն ու չի հավատում՝ այսքան տարի ինչպե՞ս չհասկացան Լևոնի աշխատանքի լրջությունն ու վտանգը:
«Խորքային հետախույզի համար առաջինը գաղտնապահությունն է: Էդ կարգի պաշտոն ունեցողները միշտ ծիծաղել, կատակի են վերածել, ոչ մի բան չեն ասել: Ամենաբարդ գործն ընտրեց ինքը: Ես եմ մեղավոր, չպիտի թողնեի գնար, ինչ ուզում էր՝ աներ,- ծխախոտը վառելով՝ ասում է հայրը: Մի քանի րոպե լռելուց հետո շարունակում է: -Բայց սիրում էր իր գործը, չէի կարող դեմն առնել: 15 տարեկանից հագավ համազգեստը, կյանքի ուղիղ կեսն էդ համազգեստով էր, զինվորական գործի մեջ: Սիրում էր, ես ի՞նչ անեի: Կային մարդիկ, որ չդիմացան, դուրս եկան, բայց ինքը սիրում էր: Նվիրյալներ միշտ էլ ծնվում են, բազում Լևոններ կծնվեն, բայց մեր Լևոնն էլ չի ծնվի»:
Պատրաստեց Լուսինե ՂԱՐԻԲՅԱՆԸ
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում