Պետական կամերային նվագախումբը համերգային ծրագրով գործարկեց երաժշտական նոր գործիքները

Պետական կամերային նվագախումբը համերգային ծրագրով գործարկեց երաժշտական նոր գործիքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը համերգային ծրագրով գործարկեցին նոր երաժշտական գործիքները, որոնք նվագախմբին են տրամադրվել Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգ-շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հնչեցին Բախի Դաշնամուրային կոնցերտ ռե մինորը և
Բիզեի, Շչեդրինի «Կարմեն-սյուիտ»-ը լարային նվագախմբի և հարվածայինների համար:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան համերգային ծրագրի մեկնարկից առաջ տեղեկացրեց, որ նվագախմբին հատկացվել է «Yamaha» ընկերության դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:

«Հայերն իրենց բնույթով ամենաերաժշտական ազգերի շարքին են պատկանում։ Ինչպես բոլորս գիտենք, չկա մի լեզու, որ միավորում է մարդկանց առավել, քան երաժշտությունը։ Ուստի Ճապոնիայի համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանում երաժշտական կյանքի զարգացմանը։ «Yamaha» բրենդը մարմնավորում է ճապոնական մոտեցումն առ կատարելությունն ու մշտական նորարարությունը, և մենք ըստ արժանվույն ենք գնահատում վերջինիս հիանալի ապրանքները։ Հուսանք, որ լիարժեք և բուռն երաժշտական կյանքի վերսկսմանը զուգահեռ Հայաստանը վստահորեն առաջ կշարժվի՝ հաղթահարելով նախորդ տարվա նետած բոլոր մարտահրավերները։ Ճապոնիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին՝ մեծ վերականգնման և նոր ձգտումների այս ժամանակաշրջանում»,-ընդգծեց դեսպանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երաժշտասեր հանրության և մասնագիտական համայնքի ձեռքբերումն է։ «Երաժշտական բարձրակարգ գործիքների առկայությունը գույքային ձեռքբերում չէ, այլ մասնագիտական աճի, գեղարվեստական որակի ապահովման և միջազգային հարաբերությունների ընդլայնման գրավական։ Լայն իմաստով՝ երաժշտական գործիքների անհրաժեշտություն կա երաժշտական արվեստի տարածման և պահպանման բոլոր կառույցներում։ Ուստի յուրաքանչյուր աջակցություն այս խնդրի կարգավորման ուղղությամբ պահանջված է և մեծապես գնահատելի։ Վստահ եմ, որ երաժշտական գործիքները դառնալու են հոգևոր արժեքների ամրապնդման և տարածման յուրահատուկ դեսպաններ»,-նշեց Խզմալյանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանն էլ հավաստիացրեց, որ նվագախմբի համար նոր գործիքների ձեռքբերումը չափազանց կարևոր իրադարձություն է։ «Դեռ 2018 թվականին, երբ ստանձնեցի ԿԵԱԿ տնօրենի պարտականությունները, առաջնային նպատակներիցս մեկը բարձրորակ համերգների կազմակերպման համար Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովելն էր։ Խորհրդանշական է, որ ծրագրի իրագործումը համընկավ ԿԵԱԿ 10-ամյակի հետ՝ հնարավորություն տալով ընդլայնել երկացանկը, հրավիրել նորանոր արտիստների և իրականացնել նախագծեր, որոնք չէին կատարվում հարիր գործիքակազմի բացակայության պատճառով»,-ասաց Նազարյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Նազարյանը Ջիվան Գասպարյանի անվանական դուդուկ նվիրեց Ջուն Յամադային:

Համերգային ծրագրի շրջանակում հուշատախտակի բացման արարողություն տեղի ունեցավ: Հուշատախտակին գրված է. «Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման նախագիծն իրականացվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ, “Grassroots” մշակութային դրամաշնորհային ծրագրի (GCGP) շրջանակներում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում