Այրված կտավներ

Այրված կտավներ

Շրջանակներ այրված, շրջանակներ պարապ,
Շրջանակներ, որպես սպիտակած բիբեր…
Եվ ներշնչման ոգին՝ մի նետահար կարապ,
Մոխիրների վրա հոգեվարում է ղեռ:

Բոցկլտում էր այնտեղ մի հրեղեն կարոտ,
Ու տեսիլն էր ցոլում ծվեններով ծավի,
Մի ծարավ էր այրվում կածաններին քարոտ,
Եվ մի կորչող աշխարհ գեղեցկանում ցավից:

Ու ցավի մեջ այդ տաք՝ որձաքարե տներ,
Մի հոգնատանջ գեղջուկ ու թևաթափ մի մայր…
Եվ չգիտեն նրանք, որ Հիսուս են ծնել՝
Տառապանքի, ցավի ու հրաշքի համար:

Շրջանակներ այրված, շրջանակներ անդեմ,
Շրջանակներ, որպես մութ վիհերի հառաչ…
Հետո կանգնել էի գերեզմանիդ հանդեպ՝
Այդ ահավոր, վերջին շրջանակի առաջ:

Կանգնել էին նրանք՝ մի հոգնատանջ գեղջուկ
Ու թևաթափ մի մայր… Եվ անձրև էր մաղում…
Չգիտեին նրանք՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ,
Չգիտեին նրանք, որ Հիսուս են թաղում:

Շրջանակներ այրված, շրջանակներ պարապ,
Շրջանակներ, որպես սպիտակած բիբեր,
Ո՞վ է նշան բռնել քեզ, ներշնչման կարապ,
Այդ ի՞նչ մրրիկ է սև քո թևերին դիպել:

Պիտի շանթը շողար, բայց անձրևն էր մաղում,
Պիտի որոտ լիներ, բայց շշուկ էր տխուր…
Երբ աշխարհում աշխարհ ու հրաշք են թաղում,
Ամպրոպ, ինչո՞ւ ես լուռ…

1981թ.

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում