Ալիևը «տալաշ–տալաշ» վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա. Բագրատյան

Ալիևը «տալաշ–տալաշ» վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա. Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmeniasputnikՍյունիքում ՀՀ–ից տարածքներ են խլում։ Այսօր Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրային հավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով իր հրապարակած գաղտնի փաստաթղթի նշանակությունը Սյունիքի համար։

«Ես կասկած ունեմ, որ իրականում Ղարաբաղից մնացել է 2.5 հազար քառ/կմ։ Սյունիքից մինչև Տավուշ, ինչպես նաև` Նախիջևան, «տալաշ–տալաշ» այդ 2.5 հազարը Ալիևը վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Ես կարծում եմ, որ գոյություն ունի այսպիսի հանցավոր գործարք»,– ասաց Բագրատյանը։

Նա փաստեց, որ Սյունիքի ճանապարհը, հակառակ իշխանության հայտարարությունների, ամբողջությամբ հայկական տարածքով է անցնում։ Նրա խոսքով, սակայն, Ադրբեջանը տեղ–տեղ անցել է ճանապարհը, խորացել Հայաստանի տարածքում ու վերցրել Գորիս– Դավիթ Բեկ, Կապան–Ճակատեն հատվածները։

«Ճանապարհը կառուցվել է ԽՍՀՄ օրոք` Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ։ Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը չի ընդդիմացել։ Խորհրդային Միության ռազմական քարտեզները նայեք։ «Գուգլը» կաշառքը վերցրել է՝ գիծը տարել է»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ում գրառում էր արել, որում նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ Հայաստանի և Արցախի սահմանները համաձայնեցված են բանավոր։

Նրա խոսքվ, ռուսական անվտանգության սպան Սյունիքում իրեն է տրամադրել ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված 6 կետից բաղկացած հուշագրի կրկնօրինակը, որով կարգավորվում են Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան – Ճակատեն ճանապարհների անվտանգությունը ապահովելու կողմերի պայմանավորություները։

Բագրատյանը հուշագրի լուսանկարը հրապարակել էր իր FB էջում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում