«Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր…»
Նմանատիպ
Տերունական աղոթքում մեր հաջորդ խնդրանքն է. «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր»: Այստեղ «հաց» ասելով՝ նկատի ունենք թե՛ հոգևոր հացը, որ Աստծո խոսքն է, թե՛ նյութական հացը, որով սնվում ենք և ապրում: Երկուսն էլ նախապայմաններն են մեր գոյության, և անհնար է ապրել առանց հավասարապես հոգևոր և նյութական հացի: Քրիստոս իր աշակերտներին սովորեցնում էր. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է» (Մատթ. 6:31-32): Սակայն Քրիստոս միաժամանակ սովորեցրեց աղոթքում խնդրել հանապազօրյա հացը՝ հաստատելով Աստծո ամենազոր ներկայությունը մեր կյանքում: Նկատենք նաև, որ Հիսուս մեզ պատվիրում է խնդրել մեր «հանապազօրյա» հացը, այսինքն՝ այն, ինչ մեզ պետք է ապրելու այդ օրվա համար՝ առանց կուտակելու: Այս ամենը պետք է մեզ համար դաս լինի, որպեսզի բաշխենք մեր հացը և զոհ չդառնանք ճոխության ու առատության նյութական կյանքում: Մենք հաճախ վատնում ենք մեզ բաժին հասած «հացը»՝ այն ծախսելով, խնայելով, սակայն ամենևին բաժին չհանելով դրանից՝ աղքատների, կարիքավորների համար: Մտածենք, թե արդյոք մեր վարմունքը ճիշտ է և քրիստոնյային վայել:
Առանց հացի չկա կյանքի շարունակություն: Սակայն հացը նաև միայն մեր աշխատանքի արգասիքը չէ, ինչպես և այն Աստծուց խնդրելով՝ մեկ անգամ ևս հաստատում ենք մեր աղոթքներում: Մենք, այս խոսքերն ասելով, այո՛, հաստատում ենք, որ պատրաստ ենք աշխատանքի մեր ամենօրյա հացը ստանալու համար՝ Աստծո բարեհաճությամբ: Պատրաստ ենք մեր աշխատանքով մշակելու Աստծուց մեզ տրված հացահատիկը՝ դարձնելով այն մեր համապազօրյա հացը: Մեր խնդրանքում նշում ենք «մեր» հացը, ոչ թե առանձնացնում մեր անձն ամենքից, այլ ընդհանրացնելով՝ խնդրում բոլորի համար հավասարապես:
Հացի խորհուրդն ամենալավն արտահայտվում է Սուրբ Հաղորդության մեջ: Սուրբ Պատարագի ընթացքում պատարագիչ քահանան, մատուցելով Քրիստոսի մարմինը՝ հացի տեսքով, ասում է. «Զքոյս ի քոյոց քեց մատուցանեմք»: Սակայն Աստծուց տրվածը վերադարձնում ենք Իրեն ոչ թե նույնությամբ, այլ մեր աշխատանքով: Եվ այդ պատճառը, որ վերադարձնում ենք ոչ թե հացահատիկը, այլ հացը:
Եվ քանի որ Աստծուց ստացած հոգևոր ու նյութական հացով ենք ապահովում մեր հոգևոր և ֆիզիկական կյանքի գոյությունը, չվատնենք այն՝ ամեն անգամ խնդրելով Աստծուց միայն ու միայն մեր հանապազօրյա հացը:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում