Գագիկ Ծառուկյանի համար անակնկալ էր Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալը․ Արման Աբովյան (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի համար անակնկալ էր Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալը․ Արման Աբովյան (տեսանյութ)

Ոչ մի խոսակցություն չի եղել Գևորգ Պետրոսյանի սուր ելույթների թեմայով, Գագիկ Ծառուկյանի հետ ևս ոչ մի տարաձայնություն չի եղել, ոչ մի վեճ չի եղել: Կարող եմ ասել, որ խմբակցության ներսում մեծ, փոխադարձ հարգանք ունենք բոլորս: Այս մասին ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանի դուրս գալուն:

«Գևորգ Պետրոսյանն արդեն պարազաբումը տվել է խմբակցությունից դուրս գալու: Ես բան չունեմ ասելու, եթե պարոն Պետրոսյանը համարում է, որ նա ավելի բաց և ազատ կարող է արտահայտվել՝ լինելով խմբակցությունից դուրս, ապա դա իր որոշումն է: Երբեք քննադատությունների առումով խոսակցություններ չեն եղել: Միշտ էլ նա անկաշկանդ իր կարծիքն արտահայտել է և ոչ մի խնդիր չի եղել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կան տեղեկություններ՝ խմբակցությունից դուրս գալը Գագիկ Ծառուկյանն է հորդորել, Արման Աբովյանը նշեց, որ որևէ հորդոր չի եղել: «Բոլորիս համար անակնկալ էր, Գագիկ Ծառուկյանի համար ևս անակնկալ էր Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալը: Դա պարոն Պետրոսյանի անձնական որոշումն է և նա տվել է իր բացատրությունը»:

Արման Աբովյանը զավեշտալի համարեց այն պտտվող լուրերը, թե խմբակցությունից կարող են նաև դուրս գալ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ հնարավոր է, որ այս խոսակցությունները հատուկ են դաշտ մտցվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում