Ցանկալի է, որ Սոցապ նախարարը գա Արցախից այդ հայտարարությունն անի, Երեւանում նստած ի՞նչ գիտեն. Դավիթ Գալստյան

Նմանատիպ
Ցանկալի է, որ ՀՀ սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը գա այդ հայտարարությունն անի Արցախից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության նախագահ Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով նախարարի այսօրվա այն հայտարարությանը, թե Արցախում ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են։
«Թող գա այստեղ եւ ցույց տա, որ իրոք սոցիալական խնդիր չկա։ Երեւանում նստած ի՞նչ գիտեն Ղարաբաղում ինչ խնդիր կա։ Նման հայտարարություն անելու համար առնվազն պետք է պատերազմից հետո գոնե մեկ կամ երկու անգամ գար ու ծանոթանար խնդիրներին։ Այսօր Արցախում սկսած բնակֆոնդից վերջացրած մարդկանց առօրյա կյանքը կազմակերպելուց խնդիր կա։ Արդարացի լինելու համար ասեմ, որ այնպես չի՝ ոչինչ չի արվել։ Բայց ասել, թե խնդիրների մեծամասնությունը լուծված է, դա առնվազն պոպուլիստական հայտարարություն է»,- նշեց նա։
Դավիթ Գալստյանի խոսքով՝ այսօր Արցախում բոլորը սպասում են տնտեսական աշխուժացման, որը դեռ չկա. «Սպասում ենք կառավարության որոշմանը մարդկանց բանկում ունեցած պարտավորությունները մաս-մաս սուբսիդավորելու վերաբերյալ։ Իրականում որոշակի աջակցություն պետության կողմից լինելու է։ Միեւնույն ժամանակ այսօր բանկային ոլորտում նոր վարկավորում չկա, որը տնտեսության վրա անմիջապես իր բացասական ազդեցությունն է թողում։ Չկա այն ծավալի տնտեսական նախադրյալները, որ մեկ կամ երկու ամսից դրական տեղաշարժ լինելու է։ Որոշակի աշխատանքներ տարվում են։ Կան քաղաքացիներ, որոնց բիզնեսները մնացել են հակառակորդի վերահսկողության տակ, պետությունը նպատակ ունի նրանց որոշակիորեն աջակցել։ Հույս ունենք, որ դա տնտեսական որոշակի աշխուժացում կմտցնի»։
Նա նշեց, որ Արցախում չկա այնպիսի ընտանիք, որը պատերազմից տուժած չլինի։
Գալստյանն ասաց, որ ՀՀ կառավարության կողմից որպես սոցիալական աջակցություն ացախցիները պետք է 5 ամիս 68 հազար ՀՀ դրամ ստանային, սակայն պարզվեց, որ աջակցության ժամկետը դարձել է 4 ամիս։
Հարցին, ըստ իրեն, պատերազմ անցած ու տնտեսապես ոչ բարվոք երկրում արդյոք հնարավո՞ր են ներդրումներ, Գալստյանն ասաց. «Պատերազմի օրերին ամբողջ հայ ազգը մի բռունցք դարձավ ու խոշոր գումարներ ուղարկեց, սակայն, իհարկե, մարդկանց կրկին հուսախաբ արեցին՝ մուտքագրելով Հայաստանի պետբյուջե։ Արցախում ներդրումներ պետք է արվեն՝ հայրենասիրությունից ելնելով»։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում
Հետևեք մեզ նաև Telegram-ում