Ադրբեջանի ՊՆ ղեկավարի ԱՄՆ այցի ժամանակ քննարկվել է Նախիջեւանում ՆԱՏՕ-ի ռազմաբազա ստեղծելու հարցը
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի’ ԱՄՆ կատարած յոթնօրյա այցը ռազմական հարցերից բացի պարունակել է նաեւ քաղաքական տարրեր: «Այն, որ նրան Վաշինգտոն են ուղեկցել Ադրբեջանի ռազմական ծովային նավատորմի փոխծովակալ Շահին Սուլթանովը, Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Ռամիզ Նաջաֆովը, իսկ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Չակ Հեյգելի եւ ամերիկացի պաշտոնյաների հետ նախարարի հանդիպումներին մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում Ադրբ? ?ջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, խոսում է այն մասին, որ քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության, Կասպից ծովի անվտանգության, ծովային ռազմական մասնագետներ պատրաստելու, ալեհավաքների եւ ռազմական նավերի թիվը ծովում ավելացնելու, պետական սահմանային ծառայությանն ու արտակարգ իրավիճակների նախարարությանը ամերիկյան օգնության, Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զորակազմերը Ադրբեջանի վրայով տարանցելու, Իրանի խնդրի, ինչպես նաեւ Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր», գրում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը նշում է, որ բացի այցի առնչությամբ կցկտուր հաղորդագրություններից, ոչ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունն այդ այցի հետ կապված այլ մանրամասներ չեն հայտնել:
Թերթի հետ զրույցում ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ Սաֆար Աբիեւի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ձեռք բերված ամենակարեւոր համաձայնությունը Նախիջեւանում ՆԱՏՕ-ի ռազմական բազայի ստեղծումն է: «Օրակարգում է Նախիջեւանի պաշտպանության նպատակով ինքնավար հանրապետությունը Թուրքիայի խնամակալությանը հանձնելու հարցը: Կասկած չկա, որ դա ԱՄՆ-ի հավանությամբ լինող հարց է: Հնարավոր է’ եկող տարի Թուրքիան Նախիջեւանում ռազմական բազա ստեղծի կամ էլ ռազմական ներկայացուցչություն բացի: Նախիջեւան Թուրքիայի մուտքը ապահովում է ? ?աեւ այդ տարածքում ՆԱՏՕ-ի ներկայությունը: Վերջերս’ 12 օր շարունակ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ անցկացրած զորավարժանքները եւս սովորական հարց չէին»,- նշել է նա:
Ռռազմական փորձագետի խոսքով’ Աբիեւը, անկասկած, ԱՄՆ-ում բարձրացրել է նաեւ Ղարաբաղի հարցը, ինչում սակայն, որեւէ նորություն չի ակնկալվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում