Գերությունից վերադարձած Ազնիվ Բաղդասարյանը՝ հանրության վատ վերաբերմունքի մասին

Գերությունից վերադարձած Ազնիվ Բաղդասարյանը՝ հանրության վատ վերաբերմունքի մասին

Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Հայաստանյան հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գերեվարված, իսկ տեսանյութը՝ բեմադրված:

Գերեվարվելուց մեկ ամիս անց Ադրբեջանը, ի թիվս այլ գերիների, հայկական կողմին վերադարձրեց նաև Ազնիվ Բաղդասարյանին: Այսօր Ազնիվն ապրում է Ապարանի գյուղերից մեկում և գտնվում ծանր սոցիալական պայմաններում:

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ նրան են այցելում մարտական ընկերները և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնություն:

Նույն տեսանյութում Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմում իր հետ տեղի ունեցածի մասին: Գերեվարվելուց երեք ամիս անց ազատամարտիկ-կինը նշում է, որ մինչ օրս չի կարողանում ամբողջապես վերաինտեգրվել հասարակության մեջ, քանի որ հաճախ մարդիկ նրան մեղադրում են և ատելությամբ վերաբերվում: «Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գամ, ես դուրս եմ գալիս խանութ… մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր է նայում, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- հուզմունքով ասում է Ազնիվ Բաղդասարյանը եւ հավելում, որ սիրել է, սիրում է և կսիրի իր հայրենիքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում