Տաղ հայրենի տան
Նմանատիպ
Կանչո՜ւմ է նա ինձ…
Իր մաշված դռան տխուր ճռինչով,
Որ հեռու-հեռվից ասես երգում է
«Աոավոտ լուսո»,
Կանչո՜ւմ է նա ինձ…
Առաջին անգամ այնտեղ եմ առել
Ես հոտը հացի ու համը աղի…
Եվ նրա կավե կտուրից եմ ես
Տեսել, թե աստղը
Ինչպես է սրբում իր արտասուքը…
Եվ իմ առաջին արցունքի միջից
Մայրական դեմքի ցոլանքն եմ տեսել,
Տեսել արևը,
Երկինքը,
Բարդին
Եվ օդում կախված հավքի թրթիռը։
Եվ գիտեմ հաստատ,
Այն տան պատերի մթին ճեղքերում
Թրթռում է դեռ
Շուրթերիս ծնված այն բառն առաջին,
Որ կամ հիացում,
Կամ ցավ է եղել։
Եվ գիտեմ հաստատ,
Որ այդ տան վրա
Ամեն առավոտ ու ամեն գիշեր
Ինչ-որ մի անհայտ,
Ինչ-որ մոլորված հավք է թպրտում
Ու ճչո՜ւմ տխուր…
Հասկացիր, Աստված,
Կանչում է նա ինձ…
Իր մաշված դռան երկար ճռինչով,
Որ հեռու-հեռվից երգում է ասես
«Առավոտ լուսո»,
Կանչո՜ւմ է նա ինձ…
Եվ սակայն ինչպե՞ս հասկանաս,
Աստված,
Երբ ոչ մայր ունես,
Ոչ հայրենի տուն,
Ոչ ծննդավայր…
Վահագն ԴԱՎԹՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում